Լրահոս
Օրվա լրահոսը

«Նախկինում խոստանում էին հադրութեցիներին ու շուշեցիներին տեղավորել Արցախում, այսօր նախարարին հարցրեցի՝ հիմա ի՞նչ կասեք»․ Լեւոն Հայրյան

Օգոստոս 09,2023 19:40

«Տարբեր հարցեր բարձրացվեցին, մեր հիմնական պահանջը երեք տարի չի փոխվել՝ մեզ փախստականի կարգավիճակ է պետք եւ բնակարաններով ապահովել»,- աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այսօրվա հանդիպումից հետո լրագրողներին ասաց «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը։

Նրա խոսքով՝ նախկինում կառավարության անդամներն իրենց խոստանում էին, որ հադրութեցիներին ու շուշեցիներին տեղավորելու են Արցախում։ «Այսօր նախարարին հարցրեցի՝ հիմա ի՞նչ կասեք այս իրավիճակում, երբ նույնիսկ հումանիտար օգնություն չենք կարողանում տանել Արցախ։ Իր փոխարեն ես պատասխանեցի այդ հարցին, ասացի՝ դեռ երեք տարի առաջ ես ձեզ ասել եմ, որ հնարավոր չէ մեզ համար այնտեղ տներ կառուցել, ես գիտեի, թե ինչ զարգացումներ էին լինելու։ Ռուսը եկել է այնտեղ, որ ոչ թե խաղաղություն ապահովի, եկել է, որ թուրքերին մեզնից պաշտպանի, ոչ թե հայերին պաշտպանի։ Որպես կառավարության անդամի՝ նախարարին խնդրեցինք, որ վարչապետին եւ բարձր ատյաններին փոխանցի, որ մեր հիմնական պահանջը փախստականի կարգավիճակն է եւ Հայաստանում Հադրութից, Շուշիից, Արցախի այլ համայնքներից տեղահանվածների համար համայնք կառուցելը, որպեսզի այդ ժողովուրդը չցրվեն, համայնքը, համայնքային մշակույթը պահպանվի։ Մեզ խոստացավ փոխանցել»,- ասաց նա։

Հայրյանի խոսքով՝ դեռեւս այս տարվա գարնանն անցկացված համաժողովի ժամանակ իրենց կողմից հարց էր բարձրացվել, որ փախստականների հարցերով զբաղվող մարմին ստեղծվի Հայաստանում։ Կառավարությունից խոստացել են, բայց այդ հարցը դեռ չեն լուծել։ «Խոսել ենք նաեւ փախստականների առօրյա խնդիրների մասին, բնակչության մի խավ ունենք՝ 50-60 տարեկան, աշխատանք չեն կարողանում գտնել, վաղը-մյուս օրը թոշակի գնալիս ստաժի հարց է առաջանում։ Քաշաթաղի եւ Քարվաճառի տեղահանված բնակիչների ներկայացուցիչներն էլ նախարարին այսօր ներկայացրին այն խնդիրները, որոնց բախվում են կառավարության հատկացրած վկայականներով բնակարաններ ձեռք բերելու գործընթացում։ Մեր տարեց ընկերներից մեկն ասաց՝ գոնե այնպես արեք, որ մենք այստեղից դուրս գալիս հասկանանք, որ ինչ-որ բան փոխվեց։ Մեր բարձրացրած քաղաքական հարցերի մասով խոստացան, որ փոխանցելու են քաղաքական ղեկավարությանը, իսկ սոցիալական հարցերի վերաբերյալ ասացին, որ մի քանի ծրագրեր ունեն»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031