Օգոստոսի 2-ի առավոտյան Ստեփանակերտի բնակիչներն արթնացան անկանոն կրակոցներից։ Առաջին միտքը, որ ունեցան՝ թուրքերն են կրակում, բայց պարզվեց, որ կրակողը Ստեփանակերտի բնակիչ էր։ Ասում են՝ նա անսթափ վիճակում հրապարակում կրակ էր բացել ու հուսահատ գոռացել՝ հաց տվեք՝ տանեմ երեխայիս։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ մինչև կրակոցները՝ այս մարդը մի քանի ժամ հերթում էր անցկացրել ու տուն էր գնացել ձեռնունայն՝ առանց հացի։ Գիշերային կրակոցների համար նրան գրեթե ոչ ոք չկշտամբեց․ հասկացան ծնողի ապրումները, որը երեխաներին կերակրելու հաց անգամ չէր կարողացել գտնել։
Հացը մեր՝ հանապազօր
Հայերը հաց շատ են օգտագործում, ու պատահական չէ, որ հայերենում «հաց ուտել» նշանակում է սնվել, կերակուր ընդունել ընդհանրապես։ Կա նաև «հացի նստել» արտահայտությունը, որը դարձյալ սնունդ ընդունելու իմաստն ունի։ Հաճախ էլ, նշելու համար, որ մարդը լավն է, կարող են ասել «հացով մարդ է»:
Հայ ժողովուրդը ազգային՝ հայկական հաց էլ ունի՝ լավաշը, որն ավանդաբար պատրաստվում է հատուկ արարողակարգով։ Խմորը հունցողը վերջում խմորի վրա ձեռքով խաչ է անում ու ծածկում այն: Խմորը հունցում է ընտանիքի կանանցից տարիքովը՝ մեծ մայրը, որին օգնում են ավագ հարսն ու հարևան կանայք: Լավաշը թխում են վաղ առավոտյան, կրակը թոնրում վառում են աղոթրանին՝ այսինքն, արևածագին: Վառված թոնրի շուրջբոլորը հստակ կարգ ու կանոն է սահմանված. թոնրատունը մաքրել սկսում են արևագալի աղոթքներով, բարեմաղթանքներով, արգելված են վատ խոսքերը: Ըստ ծիսակարգի՝ ոչ մի տղամարդ չպետք է գտնվի թոնրի մոտ, հակառակ դեպքում, հացը կպոկվի ու կընկնի կրակի մեջ՝ կուտ կգնա:
Կարդացեք նաև
Հայն աղոթում է նաև հացը թխելու ավարտին․ շնորհակալություն է հայտնում Աստծուն գործի հաջող ընթացքի համար և խնդրում հանապազօրյա հացը՝ ինչպես Տերունական աղոթքում՝ «Զհաց մեր հանապազօրդ տո՛ւր մեզ այսօր»։
Լավաշը մի կարևոր խորհուրդ էլ ունի՝ երկար է պահվում․ ամբարված լավաշը սովի դեմն առնելու միջոց է եղել:
Ասում են՝ արցախյան ժենգալով հացն էլ այդ խորհուրդն ունի․ երբ ուտելու բան չի եղել՝ ինչպես այսօր, կանաչիներից ու ցորենից պատրաստված հենց այս հացով են սնվել:
Շրջափակումից պաշարում
Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը ձգվում է արդեն 8 ամիս, իսկ հունիսի 15-ից հետո, երբ ճանապարհը փակվեց նաև մարդասիրական օգնություն բերող մեքենաների համար, աղետալի վիճակն Արցախում խորանում է ժամ առ ժամ. առաջին անհրաժեշտության սննդամթերք ու կենցաղային ապրանքներ չկան. ձեթ, շաքարավազ, աղ, մակարոնեղեն, պանիր, կարագ, կաթ, մանկական կաթնախառնուրդ, օճառ, զուգարանի թուղթ, լվացքի փոշի, լոգանքի պարագաներ խանութներում չեն վաճառվում։ 175 օր է՝ չկա գազ, չկա վառելիք, էլեկտրաէներգիան մատակարարվում է հովհարային անջատումներով։
Վերջին տասն օրերին այս ամենին ավելացել են նաև հացի հերթերը․ հացը քչություն է անում ոչ միայն Ստեփանակերտում, շրջաններում ևս հացի պակաս կա:
Օգոստոսի 1-ին ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարեց, որ վերջին շրջանում հացի պահանջարկը զգալիորեն ավելացել է, ալրաղացները ալյուր արտադրում են հնձվող ցորենից, իսկ տեղումների պատճառով, ցորենի բարձր խոնավությամբ պայմանավորված՝ ալյուրի արտադրման գործընթացը դանդաղել է ու զուգորդվում է չորացման հավելյալ աշխատանքներով։
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ հացի արտադրության ծավալը պիտի նվազեր ևս երկու-երեք օր, ինչից հետո խնդիրը պիտի կարգավորվեր։ Օրերն անցնում են, բայց հացի համար հերթ կանգնողների թիվը չի նվազում, հակառակը՝ հերթերն ավելի երկարում են։
Համացանցում տեսանյութ էր տարածվել Ստեփանակերտի Թումանյան փողոցի գիշերային հերթից։ Հացի փռի դիմաց կուտակված մեծ հերթում լսվում է տղամարդու ձայնը՝ նա 445-րդն է: Հացի հերթերում հաճախակի են դարձել հատկապես երեխաների ու ծերերի ուշաթափվելու դեպքերը, առավոտից, առանց նախաճաշելու, նրանք ժամերով կանգնում են արևի տակ, որ գոնե օրվա ավարտին հաց տանեն տուն։ Այս ամենն արձանագրվել է նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումներում։
Հացի մեծ հերթերը պայմանավորված են նաև վառելիքի խնդրով։ Հուլիսի 25-ից, վառելիք չլինելու պատճառով, չի գործում միջքաղաքային և միջհամայնքային տրանսպորտը: Հացը չեն կարողանում հասցնել խանութներ, և մարդիկ հերթի են կանգում հենց փռերի առջև:
Բազմաթիվ են, սակայն, միայնակ, տարեց, հիվանդ կամ փոքր երեխա ունեցող մարդիկ, որոնք չեն կարողանում գնալ ու մի քանի ժամ հերթ կանգել:
Մի կնոջ պատմություն
44–ամյա Գայանեն սեփական խանութ ունի։ Շրջափակման սկզբից աշխատել է այնպես, որ խանութից հացը չպակասի: Այսօր, երբ վառելիք չկա, որոշել է հացը փռից խանութ հասցնել բակում կանգնած ինքնաշարժով:
Ամեն գիշեր Գայանեն հացի փռի դիմաց մի քանի ժամ է անցկացնում, որ առավոտյան, երբ հարևաները գան, հաց լինի խանութում: Անգամ գրություն էր կպցրել խանութի պատին՝ «Հաց միշտ կա»: Հիմա ստիպված գրությունը հանել է: Արդեն մի քանի օր՝ Գայանեն ինքնաշարժով հասնում է հացի փուռ, հերթ կանգնում ու դատարկ հետ գալիս:
«Ես չեմ հոգնում աշխատելուց, պատրաստ եմ ամբողջ գիշեր արթուն մնալ ու հաց բերել, որ թեկուզ հիվանդերին, երեխա ունեցող ընտանիքներին կարողանամ հացով ապահովել»,- ասում է Գայանեն: Նա լավ է ճանաչում թաղամասի բնակիչներին և ծանր է տանում, երբ հարևանությամբ ապրողները գալիս ու խանութը դատարկ են տեսնում: Քաղցրավենիքի դարակներում ոչ առաջին անհրաժեշտության հատուկենտ ապրանքներ են: «Ամենադժվարը երեխաներին մերժելն է: Օրվա մեջ մի քանի անգամ արտասվում եմ, երբ ծնողը երեխային գրկած խանութ է մտնում, ու գոնե մի կոնֆետ չեմ կարողանում առաջարկել»,- ասում է նա։ Գայանեն նկատում է․ «Մեծերով յոլա կգնանք, չոր հացը կթրջենք, կուտենք, բայց երեխաներին ի՞նչ անենք»։
Բոլոր կանանց նման՝ Գայանեն էլ հյուրերի համար պահած «նեղ օրվա» քաղցրավենիք ուներ, որը տալիս էր միայն խանութ մտնող երեխաներին։ Այսօր դրա պաշարն էլ է սպառվել։
Գայանեն Սյունիքի մարզի Տեղ գյուղից է: Խանութի անունն էլ «Զանգեզուր» են դրել։ Ասում է՝ ուզել են ցույց տալ, որ Արցախը Զանգեզուրի շարունակությունն է։
Սամվելը՝ Գայանեի ամուսինը, վիրավորվել է առաջին արցախյան պատերազմի ժամանակ, իսկ 2020–ի պատերազմում զոհվել է դստեր ամուսինը։ 3–ամյա թոռնուհին հորը չի տեսել: Արդեն ութ ամիս՝ Գայանեն չի տեսել թոռնիկին։ Նա Վանաձորում է՝ մյուս տատիկի մոտ: Հեռախոսն է նրանց միակ շփման միջոցը:
Չնայած շատ է կարոտում, Գայանեն ասում է՝ ուրախ է, որ թոռնիկը գոնե ապահով տեղում է ու սննդի կարիք չի զգում: Ամուսնու, տալի ու որդու հետ միասին բանջարանոց են մշակում, ճագարաբուծությամբ զբաղվում: Գայանեն նաև հավաքարարություն է անում: Այժմ պատրաստվում են ամուսնացնել միակ որդուն՝ Թաթուլին: Հարսանիք չեն անելու․ միայն եկեղեցական արարողություն ու տան ունեցածով փոքր սեղան՝ իրենց բակում։ Թաթուլի ամուսնությունը մայրը կարևոր առաքելություն է համարում. «Չգիտենք՝ ինչքան ենք այսպես ապրելու, պատերազմը չի վերջացել, սա էլ պատերազմի շարունակությունն է։ Բայց կյանքն էլ է շարունակվում, և մենք նաև այդպես է պետք է դիմակայենք այս արհավիրքին»,- ասում է Գայանեն:
Գրեթե մեկ ժամ տևած հարցազրույցի ընթացքում մարդիկ են անընդհատ մտնում խանութ, հաց են հարցնում։ Մեկն էլ 7–ամյա Տաթևն է։ Նա արդեն երրորդ խանութն է մտնում, բայց հաց չի գտնում: Հարցիս՝ ի՞նչ է շրջափակումը, ուղիղ պատասխանում է. «Շրջափակումն այն է, երբ խանութներում հաց չի լինում»: Թե հատկապես ինչ է սիրտն ուզում, որ ծնողները չեն կարողանում գտնել՝ Տաթևը չասաց։ Նշեց՝ միայն հաց է ուզում, որ տուն տանի, ու փոքր եղբայրը սոված չմնա։
«Հաց բերող» կամավորականները
«Երիտասարդական ակումբների ալյանս»–ն ու «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ»–ը հավաքագրել են երիտասարդ կամավորների, որոնք հացը հասցնում են ամենակարիքավորներին։ 10-15 երիտասարդներ ամեն օր փռերից վերցնում են շաքարային դիաբետով հիվանդների համար նախատեսված սև հացն ու տանում են խանութներ։ Այսպես նրանք հացը մոտեցնում են խանութների հարևանությանբ ապրող շաքարախտով հիվանդ անձանց:
Կամավորների գործն սկսվում է առավոտյան ժամը 9-ից։ Նրանց խնդիրը հացը խանութներ առաքելն է։ 14-20 տարեկան երիտասարդները ոտքով հասնում են անգամ Ստեփանակերտի ծայրամասեր։
Հացի սղության այս օրերին կամավորների գործը գրեթե կանգ է առել։ Կազմակերպիչներից Գայանե Սարգսյանը հույս ունի, որ հենց խնդիրը կարգավիորվի, նորից շարունակելու են հացը խանութներ ու կարիքավորներին տանել, մինչև վառելիքի խնդիրը լուծվի, ու առաջվա պես հացը խանութներ հասցվի:
Պետնախարարի հանձնարարությամբ Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարում և վաճառվող հացի քանակը վերահսկում են ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները։
Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, աշխատանքեր են տարվում գործարկելու Մարտակերտի ալրաղացը:
Հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը գրեթե 400 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Արցախ։ Դեղերով, մանկական կերով և սննդամթերքով բեռնված ավտոմեքենաներում նաև այդքան սպասված ալյուրն է։ Բեռնատարներն արդեն 2 շաբաթ՝ սպասում են Կոռնիձորում, սակայն Ադրբեջանը թույլ չի տալիս որ այդքան սպասված մարդասիրական օգնությունը մտնի Արցախ, մինչդեռ Ստեփանակերտում և շրջաններում՝ հացի փռերի դիմաց, հերթերն օրեցօր մեծանում են։
Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը, արևմտյան երկրների դեսպանությունների ներկայացուցիչները միջանցքի փակ լինելու փաստն արձանագրում են տեղում ու «խորը մտահոգություն» հայտնում, միջազգային կառույցները կոչերով են հանդես գալիս, իսկ հացի հերթերը Արցախում՝ փռերի դիմաց, ավելի են մեծանում:
Արցախահայությունը շարունակում է ամենօրյա պայքարն ու աղոթքը՝ հաց և առաջին անհրաժեշտության ապրանքներ գտնելու համար։
Սիրանուշ ՍԱՐԳՍՅԱՆ
Գլխավոր լուսանկարը՝ oldhike–ի