Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեում կայացել է 2023թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքների ամփոփմանը նվիրված կոլեգիայի ընդլայնված նիստ

Օգոստոս 09,2023 18:43

Օգոստոսի 9-ին ՀՀ քննչական կոմիտեում տեղի է ունեցել կոլեգիայի ընդլայնված նիստ՝ ՀՀ քննչական կոմիտեի կոլեգիայի անդամների, գործառութային ստորաբաժանումների ղեկավարների, քննիչների մասնակցությամբ, որը վարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը:

Նիստին ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալների, գլխավոր քարտուղարի ներկայացրած զեկույցների շրջանակներում քննարկվել են 2023թ. ընթացքում ՀՀ քննչական կոմիտեում կատարված աշխատանքների արդյունավետությանը, նախաքննության որակի ապահովմանը և արձանագրված խնդիրներին վերաբերող հարցեր։

Արձանագրվել է, որ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացրած աշխատանքներն իրենց ծավալով և բարդությամբ էականորեն տարբերվել են նախորդ տարիներից, ինչը պայմանավորված է գործող քրեական և քրեական դատավարության օրենսգրքերով առաջադրված նոր պահանջների կատարման հանգամանքով, որոնք ամբողջությամբ փոխել են քրեական վարույթների շարժընթացը:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում Կոմիտեի վարույթում քննվել է աննախադեպ քանակի՝ թվով 149.673 քրեական վարույթ, որոնցից ակտիվ քննություն իրականացվել է 56.545-ով՝ ինչը 105.7%-ով կամ 29.063 վարույթով ավելի է նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանից:

Նման աճը պայմանավորված է հանցագործության դեպքերի որոշակի ավելացմամբ, սակայն հիմնական պատճառը կապված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում հետաքննության ինստիտուտի և նյութերի նախապատրաստման գործընթացի վերացմամբ և մինչդատական ամբողջ վարույթը քննիչների կողմից իրականացնելու նոր ընթացակարգով։ Բացի այդ, էական ազդեցություն է թողել նաև նախկինում կասեցված քրեական գործերն օրենքի պահանջով վերսկսելու հանգամանքը։ Քրեական դատավարության նոր իրավակարգավորումներով 2022թ. հուլիսի 1-ից  քրեական վարույթներն այլևս չեն կասեցվում, ինչը հանգեցրել է անավարտ մնացած վարույթների քանակի աննախադեպ աճի։

Վարույթների քանակական նման ավելացումը լրջորեն ազդել է քննիչների ծանրաբեռնվածության վրա։ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում մեկ քննիչի միջին ծանրաբեռնվածությունը, ակտիվ վարույթների կտրվածքով, կազմել է 92 քրեական վարույթ՝ 2022թ. նույն ժամանակահատվածի 58-ի դիմաց:

Ծանրաբեռնվածության նման աճի պայմաններում, սակայն, քննիչները կարողացել են ավարտել 14 331 քրեական վարույթ, որը 2022թ. առաջին կիսամյակի համեմատ ավելի է 6.525-ով կամ 83.5%-ով։ Ընդ որում՝ նշվածից 3.587-ը ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 4.078 անձի վերաբերյալ ուղարկվել  դատարան։ Մեղադրական եզրակացությամբ ավարտված վարույթների քանակն աճել է 43.5%-ով, իսկ անձերի քանակը՝ 42.8%-ով: Բացի այդ, շուրջ 37,5%-ով նվազել է մեղադրական եզրակացությունը չհաստատված և նախաքննության վերադարձված քրեական վարույթների քանակը, ինչը վկայում է նման ծանրաբեռնվածության պայմաններում նախաքննության որակի բարելավման մասին։ Դրական է գնահատվել նաև այն իրողությունը, որ նման ծանրաբեռնվածության պայմաններում ՀՀ նոր քրեական դատավարության օրենսգրքով քրեական հետապնդման սահմանափակված ժամկետների խախտման դեպքեր չեն արձանագրվել։

Կոլեգիայի նիստի ընթացքում գոհունակությամբ արձանագրվել է, որ զգալի արդյունքներ են ապահովվել հանցագործություններով պետությանը, համայնքներին, իրավաբանական անձանց ու քաղաքացիներին պատճառված վնասի վերականգնման գործընթացում։

Մասնավորապես՝ 2023թ. 1-ին կիսամյակի ընթացքում միայն նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով  վերականգնվել է 2մլրդ. 735մլն. ՀՀ դրամ վնաս, որը  2022թ. առաջին կիսամյակի համեմատ (1մլրդ. 598մլն. դրամ) ավելի է 71%-ով։ Իսկ միայն ՀՀ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում, հիմնականում քննվող վարույթներով, հաշվետու ժամանակահատվածում վերականգնվել է 9.662.583.000 ՀՀ դրամ գումար։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, դրական գնահատելով հանդերձ այս արդյունքը, հանձնարարել է համապատասան բոլոր վարույթներով քննության հիմնական առաջնահերթություն սահմանել հայտնաբերված՝ պետութանը, համայնքներին և քաղաքացիներին պատճառված վնասների վերակագնման ուղղությամբ միջոցների ձեռնարկումը։

2023թ. 1-ին կիսամյակում ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության և դրա ենթակա ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 17.096 քրեական վարույթ, դրանցից ավարտվել է 1.337-ի նախաքննությունը, որից 352-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 444 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան։ Կարճվել է 985 քրեական վարույթ, որից 578-ը` ռեաբիլիտացնող, իսկ 406-ը` ոչ ռեաբիլիտացնող, իսկ 1-ը՝ այլ հիմքով:

Անդրադառնալով ՀՀ ՔԿ ԶՔԳՎ-ում քննվող քրեական վարույթներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահը նշել է, որ վերջին շրջանում զգալի արդյունքներ են արձանագրվել 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով քննություններն ավատրելու գործըթնացում։ Սակայն այդ ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու անհրաժեշտություն կա։ Նա հանձնարարել է անհետ կորած զինծառայողներին առնչվող քրեական վարույթների շրջանակներում ջանքեր գործադրել՝ նշանակված փորձաքննությունների արդյունքներն ստանալու, ինչպես նաև՝ այդ զինծառայողների հարազատներին հընթացս քննության արդյունքների, հնարավոր պարզվող հանգամանքների վերաբերյալ տեղեկացնելու ուղղությամբ։

Կոլեգիայի նիստին անդրադարձ է կատարվել նաև քննիչների կողմից դատավարական և կարգապահական խախտումների կանխարգելման, դրանց համար պատասխանատվության խնդիրներին։ Արգիշտի Քյարամյանը շեշտել է, որ կոպիտ խախտումները շարունակելու են արժանանալ խիստ գնահատականների, ինչն ուղղված է որակյալ նախաքննության ապահովմանը։

Կոլեգիայի նիստի ավարտին նաև տեղի է ունեցել նորանշանակ՝ ինքնավար պաշտոններ զբաղեցնող անձանց երդման արարողություն։

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031