Հերթական ընդմիջումից հետո վերսկսվեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի և մյուսների գործով դատական նիստը։
Հիշեցնենք՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին: 2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։
Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։
Թաթուլ Պողոսյանի հանրային պաշտպան Ամիրյանն ասաց, որ չի կարող իրականացնել պաշտպանություն, քանի որ հակասություններ է տեսնում, ուստի ամեն պահի հնարավոր է կասկածի տակ դրվեն իր գործողությունները։
Կարդացեք նաև
Նախագահող դատավորը Սուրեն Մանուկյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ հարաբերություններ ունեն պաշտպան Ամիրյանի հետ, նախկին պատգամավորը պատասխանեց․ «Մեր ընտանիքի անդամները պարոն Ամիրյանի ընտանիքի անդամների հետ փոքր ժամանակներից շփվել են։ Հասունացել ենք, մենք ենք սկսել հարաբերություններ ունենալ»։
Դատարանը որոշեց բավարարել միջնորդությունը։ Նախագահող դատավորը հարցրեց՝ առանց հանրային պաշտպանի շարունակե՞նք դատական նիստը, մեղադրյալներից Թաթուլ Պողոսյանն ասաց՝ կուզեի պաշտպան ունենալ։
Սուրեն Մանուկյանի պաշտպան Աշոտ Անդրեասյանը միջնորդեց ընդմիջում հայտարարել և ապահովել անձի պաշտպանության իրավունքը․ «Այս դատավարության ընթացքում բոլոր հարցերը հրատապ են, այդ իրավունքների մեջ մեղադրյալի պաշտպանության իրավունքի պաշտպանությունն ավելի կարևոր է, քան մեղադրյալներից մեկի կալանքի հարցը երկարաձգելը»։
Հանրային մեղադրող Բարսեղյանն ասաց՝ չի կարծում որևէ խախտում տեղի ունենա, եթե դատարանը շարունակի քննարկման ենթակա հարցերը քննարկել դատական նիստի ընթացքում։ Աշոտ Անդրեասյանը հակադարձեց․ «Մարդկային ճակատագիր է որոշվում, փորձում ենք հասնել արդարադատության, բայց առաջին իսկ օրվանից թևաթափ եք անում, որ այստեղ արդարադատություն չի լինելու։ Իրականում հանրային մեղադրողի հետ մեծ հույսեր ենք կապում, բայց ծանր առաքելությունը դրված է լինելու դատավորի ուսերին։ Այս ամբողջի պատասխանը տալու է դատարանը։ Բերեք դատարանի համար նպաստավոր պայմաններ ստեղծենք։ Այս գործն ունի նաև հասարակական հնչեղություն, նախկին ԱԺ պատգամավոր է, քննվում է մարդուն 7-12 տարվա ազատազրկման հարցը։ Եկեք օրենքի տառը պահենք, որ ավելորդ քննարկումների տեղիք չտանք։ Մարդը պաշտպան չունի, լավ, ի՞նչ ենք անելու վաղը։ Վաղը գնաց Եվրոպական դատարան այդ հարցը, ի՞նչ ենք պատասխանելու»։
Նախագահող դատավորը կրկին ընդմիջում հայտարարեց պաշտպանի հարցը քննարկելու համար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ