Լրահոս
Օրվա լրահոսը

«Հերթական երկար զրույցն էր՝ ոչնչի մասին». արցախցիները դժգոհ են սոցապ նախարարի հետ հանդիպումից

Օգոստոս 09,2023 16:45

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպումից հետո  «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը մանրամասներ հայտնեց լրագրողներին։

«Զարմանալիորեն հենց նախարարը մեզ կանչեց հանդիպման։ Ես մեծ սպասելիքներ չունեի, եւ պարզվեց, որ հերթական երկար զրույցն է ոչնչի մասին։ Ինչո՞ւ եմ այդպես ասում, որովհետեւ մոտ մեկ տարի առաջ Արցախի ՏԿԵ նախկին նախարար Հայկ Խանումյանը եկել էր այստեղ հանդիպման սոցապ նախարարի հետ, դուրս եկավ եւ բոլորիս ներկայությամբ հայտարարեց, որ արցախահայության համար Հայաստանում ոչ մի սոցիալական ծրագիր չի իրականացվելու, եւ մենք բոլորս պետք է վերադառնանք Արցախ։ Եվ դրանից հետո արցախահայերը, որոնք մնացել են Հայաստանում եւ չեն վերադարձել Արցախ, օգտվում են միայն բնակարանային վարձերի 40-հազարական դրամ ծրագրից, որոնք որպես օգնություն տալիս են՝ տան վարձերը փոխհատուցելու համար»,- ասաց նա։

Մարգարիտա Քարամյանը նշեց, որ տարօրինակ է՝ մի երկիր, որտեղ վերջին 30 տարիներին անընդհատ փախստականներ են հայտնվում, չունի պետական մարմին, որը կզբաղվի փախստականների խնդիրներով։ «Եվ այսօր մեզ կանչել, 30 տարվա փախստականների խնդիրներից խոսել… ես չգիտեմ դա ոնց անվանեմ։ Հերթական երկար զրույց, շատ բառեր ոչնչի մասին։ Մեզ հարցնում են, թե ինչ ենք առաջարկում, բայց մենք մեր առաջարկները երեք տարի է՝ անում ենք։ Ինձ համար պարզ է, որ սա ուղղակի հերթական «պտիչկան» է, որ ասեն՝ փախստականների հետ հանդիպել ենք։ Տարբեր կառույցներում հանդիպումների ժամանակ ես միշտ հարցնում եմ՝ ինձ բացատրեք, ես ունեմ հայկական անձնագիր, բայց դուք մեզ համարում եք Ադրբեջանի քաղաքացինե՞ր։ Իրենք պետք է կողմնորոշվեն, թե մենք ով ենք։ Ես ասացի՝ այլեւս ոչինչ չենք սպասում իրենցից, ուղղակի թող ճանապարհը բացեն, մենք գնանք մեր ընտանիքների մոտ։ Ինչո՞ւ են ամեն անգամ մեզ կանչում եւ ուզում լսել, ինչքա՞ն կարելի նույն բանն ասել, եթե տվյալներ են պետք, այդ տվյալները շատ տեղերում ներկայացված են։ Մեր պահանջն է՝ ստեղծել պետական մարմին եւ մշակել փախստականների խնդիրներով պետական ռազմավարություն, որը չի եղել 30 տարիների ընթացքում, եւ մենք այդ մարդկային ռեսուրսը կորցրել ենք»,- հավելեց նա։

Մարգարիտա Քարամյանը նաեւ հիշեցրեց, որ նամակ են ուղղել Նիկոլ Փաշինյանին եւ պահանջ են ներկայացրել, որ Արցախում ստեղծված իրավիճակը բարձրաձայնեն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ պահանջեն, որպեսզի ՄԱԿ խաղաղապահներ բերվեն Արցախ, քանի որ ռուս խաղաղապահներն իրենց գործառույթը չեն իրականացնում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031