Օգոստոսի 6-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը Ռեջջո Կալաբրիայի ամենամյա Xenia Book Fair գրքի փառատոնի շրջանակներում մասնակցեց Եղիշե Չարենցի բանաստեղծությունների իտալերեն թարգմանության երկրորդ հատորի շնորհանդեսին։
Հատորը հրատարակման է պատրաստվել դեսպանության նախաձեռնությամբ և հրատարակվել Լեոնիդա Էդիցիոնի հրատարակչության կողմից։
Հատորն իտալացի ընթերցողներին է ներկայացնում Չարենցի 1922-1937թթ. չափածո երկերը, ինչպես նաև Չարենցի դստեր՝ Անահիտ Չարենցի հոդվածը մեծանուն բանաստեղծի մասին՝ իտալերեն թարգմանությամբ։
Գրքի շնորհանդեսին ՀՀ դեսպանն իր ելույթում ընդգծեց Լեոնիդա Էդիցիոնի հրատարակչության հետ արդեն ավանդական դարձած համագործակցության կարևորության մասին, նշեց, որ Չարենցի ստեղծագործությունների իտալերեն թարգմանությունը յուրահատուկ միջմշակութային կամուրջ ժողովուրդների միջև, որն էլ ավելի է ամրապնդում Հայաստանի և Իտալիայի միջև առկա մշակութային և հոգևոր կապերը։
Դեսպանը ընդգծեց, թե որքան կարևոր է Ռեջջո Կալաբրիայի շարունակական աջակցությունը հայ ժողովրդին և հատկապես այս պահին, երբ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շրջափակման մեջ է՝ զրկված ամենաանհրաժեշտ՝ սննդից, դեղամիջոցներց, վառելիքից, գազից։
Կարդացեք նաև
Իտալացի բանախոսներն իրենց ելույթներում ընդգծեցին հայերի և կալաբրիացիների նմանությունները, ընդգծեցին հայ քաղաքակրթության դերը համաշխարհային քաղաքակրթության զարգացման գործում։
Հռոմի Լա Սապիենցա համալսարանի դասախոս Պրոֆեսոր Ջորջո Պիրասն ընդգծեց իր խոսքում համալսարանում հայագիտության բաժնի վերաբացման կարևորությունը, շեշտեց հայերենի առանձնահատուկ դերը հին մշակույթների ուսումնասիրության գործում՝ նշելով, որ բազմաթիվ կարևոր աշխատություններ մեր օրեր են հասել միայն հայերեն թարգմանությունների շնորհիվ, քանի որ բնագրերը չեն պահպանվել։
Պրոֆեսոր Ստեֆանո Յորֆիդան, շարունակելով դեսպանի հնչեցրած ահազանգը, ներկաների ուշադրությունը հրավիրեց Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի առաջ ծառացած մարտահրավերների վրա։ Նա խոսեց Արցախի շրջափակման և դրա հետևանքով ստեղծված իրավիճակի մասին, իր աջակցությունը հայտնելով և պատրաստակամություն հայտնելով կանգնել ճշմարտության և արդարության կողքին։ Նա շեշտեց, որ երկարատև խաղաղությունը պետք է հիմնված լինի միայն արդարության վրա։
Իտալիայում Հայաստանի դեսպանություն