Օգոստոսի 4-ին Իտալիայի Պալերմո քաղաքի Պոլիտեամա Գարիբալդի թատրոնում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակին։ Համերգը կազմակերպվել էր Իտալիայում ՀՀ դեսպանության կողմից՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանու ներքո։
Համերգի ընթացքում Արամ Խաչատրյան եռյակի անդամներ Արմինե Գրիգորյանը և Կարեն Շահգալդյանը կատարեցին մեծանուն հայ կոմպոզիտորի ստեղծագործությունները։
Միջոցառման մեկնարկից առաջ ներկաներին ողջունեց Սիցիլիայի սիմֆոնիկ նվագախմբի հիմնադրամի նախագահ՝ Գաետանո Կուչչոն։
Ելույթով հանդես եկավ դեսպան Ծովինար Համբարձումյանը։ Իր խոսքում դեսպանը խոսեց հայ-իտալական հարաբերությունների և երկկողմ օրակարգում մշակութային համագործակցության մասին, ընդգծեց, թե որքան կարևոր էր 2020թ. պատերազմի օրերին Պալերմոյի քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձևն՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդին։ Նա նշեց, որ այդ վերաբերմունքը ուժ է տալիս արդարության և իրավունքների համար Լեռնային Ղարաբաղի ժողովրդի պայքարում, և որ հենց հիմա Լեռնային Ղարաբաղի բնակչությունը շրջափակման մեջ է՝ զրկված ամենաանհրաժեշտ՝ սննդից, դեղամիջոցներից, վառելիքից, գազից։
Կարդացեք նաև
Իտալիայում Հայաստանի դեսպանություն