44-օրյա պատերազմի հետեւանքով Արցախի օկուպացված տարածքներից տեղահանված արցախցիների ներկայացուցիչները, «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրյանը, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ նախագահ Մարգարիտա Քարամյանը եւ Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը հրավիրվել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն՝ նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպման։
Արցախցիներն ավելի վաղ նամակ էին հղել կառավարությանը, ի պատասխան նրանց տեղեկացրել են, որ հանդիպումներ կկազմակերպվեն այսօր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի հետ, իսկ օգոստոսի 11-ին՝ արդարադատության նախարարությունում։
Նախքան հանդիպումը Լեւոն Հայրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ իրենք հետեւյալ հարցով էին դիմել կառավարությանը։ «Միջանցքի ապաշրջափակման հարցում ռուս խաղաղապահների կողմից իրենց պարտականությունները չկատարելու պայմաններում պահանջել ենք, որ ՄԱԿ խաղաղապահներ կամ արեւմտյան որեւէ երկրի խաղաղապահներ տեղակայվեն Արցախում։ Նամակն ուղարկելու հաջորդ օրը Ռուսաստանի դեսպանատանը մեզ հետ հանդիպման ժամանակ դեսպանի ներկայացուցչի սեղանին արդեն այդ նամակն էր՝ ինչ-որ հատվածներ մատիտով ընդգծած։ Մեզ դեսպանատանը հարցրեցին՝ ինչո՞ւ եք ասել, որ ռուսները լավ չեն կատարում իրենց պարտականությունները, մենք պատասխանեցինք՝ չեք կատարում, ասում ենք՝ չեք կատարում։ Հիմա որոշել են մեզ փոխանցել Սոցապ նախարարությանը, գրել են, որ բոլոր փախստականների հարցով Սոցապ նախարարությունն է զբաղվում։ Հավանաբար մեր քաղաքական պահանջների հարցով որոշել են փող փոխանցել Սոցապ նախարարին։ Սոցապ նախարարն էլ նախորդ հանդիպման ժամանակ գանգատվում էր, թե ինչո՞ւ են մեզ ուղարկել իր մոտ։ Մենք ասացինք՝ մենք էլ չէինք ուզում ձեզ մոտ գալ, ուղարկել են։ Քանի որ ուղարկել են, մեր քաղաքական պահանջները ձեզ ենք ներկայացնում, դուք կփոխանցեք»,- ասաց Լեւոն Հայրյանը։
Նա նշեց, որ ուրբաթ օրն էլ հանդիպում են ունենալու արդարադատության նախարարությունում։
Կարդացեք նաև
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ