Առաջիկայում Հայաստանում հանդես կգա «Little Big» սկանդալային խումբը, որի նույնքան սկանդալային հիմնադիր Իլյա Պրուսիկինը Սուրբ Ծննդյան օրը քահանայի հագուստով քրիստոնեական խաչը օգտագործել էր որպես անվաչմուշկ (սքեյթբորդ)՝ ծաղրելով քրիստոնեական արժեքները, ինչը բողոքի ալիք է բարձրացրել ոչ միայն Հայաստանում:
Թեմայի վերաբերյալ Aravot.am-ը զրուցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատու Տեր Տիգրան քահանա Բադիրյանի հետ: Տեր հորից հետաքրքրվեցինք, թե ինչպես է վերաբերվում նման համերգներին, հատկապես որ՝ հասարակությունը բազմաշերտ է, ճաշակներն էլ չեն կարող նույնը լինել, մի մասը ռոք է լսում, մի մասը այլ ոճի եւ ժանրի երաժշտություն, ի վերջո ռոքի շատ ստեղծագործություններ էտալոնային են եւ դասականի արժեք են ձեռք բերել:
«Եկեղեցին ընդհանրապես չունի վերապահում երաժշտության որեւէ ճյուղի, ժանրի վերաբերյալ, որեւէ երաժշտություն, մեղեդայնություն ինքն իրենով ոչ մի կերպ չի քննադատվում եկեղեցու կողմից: Մի ուրիշ հարթության վրա է հարցը, երբ որ երաժշտության որեւէ ուղղություն ունի նաեւ արժեքային ուղղվածություն եւ որոշակի գաղափարների քարոզ իր մեջ: Եկեղեցին ոչ թե երաժշտությունն է քննադատում, այլ արժեքային այդ քարոզը, որը կարող է լինել եւ երգի բառերի, եւ տեսահոլովակների վիզուալ կերպարների միջոցով:
Ինքս ռոք երաժշտության սիրահար եմ, բայց պետք է նշեմ, որ ռոք երաժշտության, հատկապես հարդ ռոքի որոշ ստեղծագործությունների կատարման ժամանակ երաժիշտները ներկայանում են դիվական կերպարներով՝ մի տեսակ տպավորություն ստեղծելով, թե դիվականության մեջ կա ազատություն, զգացմունքների պոռթկում, անկեղծ ցուցադրություն սեփական «ես»-ի: Դրանով մարդկանց մոտ միրաժ են ստեղծում, որ անկեղծ, ազատ, հաջողակ լինելու համար պետք է դեւակերպ լինել: Մինչդեռ քրիստոնեությունը ազատությունը տեսնում է միմիայն Հիսուս Քրիստոնի մեջ, ինչպես Ավետարանում ասում է ՝ ճանաչեք ճշմարտությունը եւ այն կազատի ձեզ: Ինչպես արդեն նշեցի, ոչ թե երաժշտության ժանրն է խնդիրը, այլ այն արժեքները, որոնք երաժշտությանը զուգահեռ վիզուալ կամ ձայնային եղանակով փոխանցվում են հասարակությանը»,-ասաց տեր Տիգրանը:
Կարդացեք նաև
Մեր հարցին՝ արդյո՞ք մեր ամենամեծ խնդիրը նման համերգներն են, Մայր Աթոռի Դիվանատան Եկեղեցական-ժողովական գրասենյակի պատասխանատուն այսպես արձագանքեց. «Ամենամեծ խնդիրը ոչ թե նման համերգներն են, այլ այն է, որ մարդիկ հոգեւորությունը ձեւակերպում են որպես կոնկրետ ցուցադրական գործողությունների շարք: Մինչ այս տեսակ համերգներին հասնելը մենք ունենք առավել մեծ խնդիր՝ դրանք մեր հասարակությունում ծվարած, կեղծ հոգեւորության պատկերացումներն են: Մարդիկ շատ հաճախ իրենց հոգեւոր ապրումները եւ Աստծո ներկայությամբ իրենց կյանքը չափում են հոգեւոր կյանքի հետ կապ չունեցող գործողություններով կամ իրադարձություններով:
Այսպիսով նրանք մտածում են, որ, օրինակ, ատելությամբ, մարդուն վիրավորելով կարելի է ավելի հոգեւոր լինել: Այնինչ ճշմարիտ հոգեւորությունը նախ եւ առաջ սկսվում է մարդու ունակությունից՝ սիրելու իր դիմացի մարդուն, իր հայրենակցին: Հաճախ մարդը խոսում է բարձր արժեքներից, անգամ մեջբերումներ է անում քրիստոնյա հայրերից ու Աստվածաշնչից, բայց միեւնույն ժամանակ չի կարողանում սիրել իր հայրենակցին, ընդունել, որ յուրաքանչյուր մարդ ունի սխալվելու իրավունք: Ու քանի դեռ այս ատելության մթնոլորտը, ատելության տեսլականը թափ է առնում մեր հասարակության մեջ, այս լույսի ներքո պիտի շատանան նման տիպի համերգներն ու արտիստները:
Ընդհանրապես մարդիկ նման համերգների են գնում, որովհետեւ ունեն տոտալ երջանկության բացակայություն իրենց կյանքում, այստեղ նաեւ անձնական խնդիրների քողարկում կա: Մենք նախ եւ առաջ պիտի կարողանանք անդրադառնալ մեր ներազգային եւ ներհասարակական կարեւոր խնդիրներին ու սկսենք նրանից, որ յուրաքանչյուր մարդ գոնե փորձի սիրել իր ընտանիքը, ընկերոջը, հայրենիքը: Իսկ սիրել՝ քրիստոնեական ընկալմամբ նշանակում է խնամել եւ պատասխանատվություն ստանձնել: Եվ երբ մենք այս ամենը մերը կհամարենք եւ չենք մտածի, որ ինչ ուզում է, թող լինի, այդ ժամանակ նման համերգներին անդրադառնալու կարիք չի լինի»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ