Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Նավասարդյան․«Հարցման արդյունքներով քաղաքապետի թեկնածուի ակնհայտ լիդեր չկա»

Օգոստոս 09,2023 14:57

GALLUP International Association-ի՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ անցկացրած հարցման արդյունքներով քաղաքապետի թեկնածուի ակնհայտ լիդեր չկա։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց « Էմ Փի ՋԻ» -ի տնօրեն Արամ Նավասարդյանը։

Հուլիսի 27-ից օգոստոսի 5-ն իրականացրած հեռախոսային հարցման արդյունքներով, հարցվածների 9.3%-ը ձայն կտա Տիգրան Ավինյանին,  Հայկ Մարությանին՝ 3.7%-ը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Կարեն Սարգսյանին՝ 2.2%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ 2.2%-ը, «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Դավիթ Խաժակյանին՝ 2%-ը, 19.2%-ը չեն մասնակցի ընտրություններին։

Ինչ վերաբերում է Տիգրան Ավինյանի առաջատար լինելուն՝ Նավասարդյանն ասաց․«Նման ցուցանիշ կա, քանի որ պետք է հաշվի առնել, որ Ավինյանն, այսպես ասած՝ գործող կամ դե ֆակտո քաղաքապետի պարտականությունները կատարողն է, եւ նրանց ռեսուրսներն ավելի շատ են, ինչպես նաեւ առաջինն է հայտարարել իր առաջադրվելու մասին»։

Հարցման ժամանակ, ըստ Նավասարդյանի, չեն տարանջատել «Քաղաքացիական պայմանագրի՞ն», թե՞ հենց Տիգրան Ավինյանին ձայն կտան հարցվողները։

Ինչ վերաբերում է 52-55%-ի՝ ընտրություններն արդար անցկացնելու թերահավահավատությանը, ապա Նավասարդյանն ուղղակի ընտրությունների կազմակերչպողներին կոչ արեց ամեն ինչ անել, որպեսզի նման կասկածներ չլինեն, մասնակիցներին էլ կոչ արեց հստակ լծակներով վերահսկողություն իրականացնել։

Հարցման եւ ընտրությունների արդյունքների շեղման վերաբերյալ էլ Նավասարդյանն ասաց․«Մենք իդեալական չենք, կարող ենք որոշակի սխալներ թույլ տալ, բայց մեր վերջին 12-13 տարվա փորձը ցույց է տալիս, որ մեր հարցումների արդյունքները, եթե ամեն ինչ արդար է եւ ազնիվ, շատ չեն կարող տարբերվել իրական պատկերից»։

Նրա ներկայացմամբ՝ հարցման եւ ընտրությունների արդյունքներում որոշակի փոփոխություներ լինում են, այսինքն՝ քարոզարշավից հետո պատկերը որոշակի փոխվում է։

«Մի անգամ է եղել, որ մեր հրապարակած ցուցանիշները մի կուսակցության մասով չի համընկել, դա 2021-ի արտահերթ ընտրություններն էին, որին մասնակցում էին 25 կուսակցություններ,  24-ի մասով քիչ թե շատ ճիշտ էին մեր տվյալները, մեկի՝ ՔՊ-ի մասով չէին համապատասխանում։ Ընդ որում, հետընտրական շրջանում անցկացրած մեր հարցման համաձայն՝ ՔՊ-ն 35.8% էր ձայն ստացել, թե ինչպես եղավ այդ տարբերությունը, դա արդեն մեր դաշտում չէ։ Ես այս հարցին ի պատասխան միշտ հիշեցնում եմ՝ ինչպե՞ս եղավ, որ ընտրությունների օրը, հաշվարկի ժամանակ հոսանքազրկվել էր Հայաստանի մոտ 30-40%-ը: Կամ դա արվել է ընդդիմության կողմից կամ իշխող ուժի կողմից։ Եթե իշխող ուժն, ունենալով լծակներ, մինչեւ հիմա չի գտել «ընդդիմադիրներին», որոնք կազմակերպել էին հոսանքազրկումները,  որպեսզի ստվեր գցեին ընտրությունների վրա, ապա պատասխանն ակնհայտ է»,-ասաց Նավասարդյանը։

Հիշեցնենք, որ 2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններում ՔՊ-ն  53,91%  քվե է ստացել։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031