Սեպտեմբերի 17-ին Երեւանի ավագանու ընտրություններում, ըստ GALLUP International Association-ի իրականացրած հարցման, ՔՊ-ի կամ Տիգրան Ավինյանի օգտին կքվեարկի հարցվածների 9.3%-ը։
Ընկերությունը հարցումն իրականացրել է հուլիսի 27-ից օգոստոսի 5-ը։ Հարցումն իրականացվել է հեռախոսազանգերի միջոցով, հարցմանը մասնակցել է 809 քաղաքացի։ Ընտրանքային սխալն, ըստ «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի՝ 3,5% է։
Այսօր հրավիրված ասուլիսում Նավասարդյանը ներկայացրեց հարցման արդյունքները։ Ըստ այդմ՝ Հայկ Մարությանին ձայն կտա հարցվածների 3.7%-ը, «Հայաստան» դաշինքին՝ 2.8%-ը, «Հայաստանի եվրոպական կուսակցության» քաղաքապետի թեկնածու Կարեն Սարգսյանին՝ 2.2%-ը, «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Մանե Թանդիլյանին՝ 2.2%-ը, «Լուսավոր Հայաստան»-ի թեկնածու Դավիթ Խաժակյանին՝ 2%-ը, «Հանրային ձայն» կուսակցության թեկնածու Արտակ Գալստյանին՝ 1.4%-ը, ՀՀԿ-ին՝ 1.2%-ը, «Հաղթանակ» կուսակցության թեկնածու Վիկտոր Մնացականյանին՝ 1.1%-ը, «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Արտակ Զեյնալյանին՝ 0.9%-ը, «Ուժը հայրենյաց»-ի թեկնածու Նատալյա Ռոտենբերգին՝ 0.7%,-ը, «Միացյալ Հայաստան»-ի թեկնածու Երվանդ Թարվերդյանին՝ 0.7%-ը, «Արդար Հայաստան»-ի թեկնածու Նորայր Նորիկյանին՝ 0.4%-ը, ԲՀԿ-ին՝ 0.1%-ը։
Այլ կուսակցությունների կամ անձանց անուններ նշածները կազմում են մոտ 2%։ Ընդ որում, ինչպես ասաց Նավասարդյանը, հարցվածները շատ տարբեր անուններ են նշել։
Կարդացեք նաև
Ավագանու առաջիկա ընտրություններին, ըստ հարցման, չեն մասնակցելու հարցվածների 19.2%-ը, 11%-ը նշել է, որ ոչ մեկին չի ընտրի, դժվարացել է պատասխանել 33.4%-ը, 5.7%-ը հրաժարվել է պատասխանել։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ