Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնաբացարկի միջնորդություն՝ ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի գործը քննող դատավորին

Օգոստոս 09,2023 13:12

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հոր առեւանգման գործով Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Իջեւան քաղաքի նստավայրում (նախագահող դատավոր Նարեկ Բադալյան) ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանի խափանման միջոցը փոխելու միջնորդության քննարկման ընթացքում՝ դատական նիստի ժամանակ մեղադրյալներից Արմեն Քամալյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատարանին՝ խնդրելով իրեն տրամադրել երկու ժամ ժամանակ, որպեսզի պատշաճ ներկայացնի հիմնավորումները։

Հիշեցնենք՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հորն առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ անդամ Սուրեն Մանուկյանին:
2022-ի օգոստոսի 14-ին դատարանը որոշել էր կալանավորել Սուրեն Մանուկյանին։ Այս գործով մեղադրվում են Սուրեն Մանուկյանը, Արմեն Քամալյանը, Թաթուլ Պողոսյանը, Մուրադ Մուրադյանը։

Հանրային մեղադրող, ավագ դատախազ Բարսեղյանն ասաց, որ դրա կարիքը չկա, քանի որ հիմքերն արդեն պարզ են։ Սակայն դատարանը որոշեց 40 րոպեով ընդմիջել դատական նիստը։

Վրեժ Ներկարարյանը որոշեց ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել այն միջադեպից հետո, երբ նախագահող դատավորը Արմեն Քամալյանին հարցրեց՝ մեղադրական եզրակացություն ստացե՞լ է, նա պատասխանեց, որ չի ստացել, մինչդեռ դատավորն ասաց, որ նախորդ դատական նիստի ժամանակ հայտարարել էր, որ ստացել է։

Նախագահող դատավորը չցանկացավ Վրեժ Ներկարարյանի միջնորդությամբ հետաձգել դատական նիստը՝ պնդելով, որ Արմեն Քամալյանն ասել է, որ ստացել է մեղադրական եզրակացությունը։ Դատարանի դահլիճում հանրային մեղադրողը փոխանցեց մեղադրական եզրակացության օրինակը Արմեն Քամալյանին։ Սակայն ըստ օրենքի՝ եզրակացությունը ստանալուց պետք է անցնի երեք օր, որպեսզի մեղադրյալը պատշաճ կերպով ծանոթանա մեղադրական եզրակացությանը։

Սուրեն Մանուկյանի պաշտպան Սերգեյ Ոսկանյանը պնդեց, որ իրենց իրավունքները խախտվում են՝ նշելով, որ անգամ չկա որևէ հավաստող ապացույց, որը ցույց տա, որ Արմեն Քամալյանին նախապես ուղարկվել է այդ փաստաթուղթը։

Սուրեն Մանուկյանի մյուս պաշտպան Աշոտ Անդրեասյանը խնդրեց նախագահող դատավորին գրություն ուղարկել քրեակատարողական հիմնարկ, որպեսզի կարողանա այցելել իր պաշտպանյալին։

Արմեն Քամալյանի պաշտպան Վրեժ Ներկարարյանն իր կողմից դատարանին ներկայացվող ինքնաբացարկի միջնորդությունն այսպես հիմնավորեց․ «Երբ դատական նիստը սկսվեց, պաշտպանյալս հայտարարեց, որ փաստացի մեղադրական եզրակացություն չի ստացել, սակայն հանրային մեղադրողը հայտարարեց, թե դուք ասել եք, որ ստացել եք, ուրեմն՝ վերջ։ Այն փաստը, որ իմ պաշտպանյալը չի ստացել մեղադրական եզրակացությունը և պահանջ կար, որ նիստը հետաձգվեր, և այդ միջնորդությունը մերժվեց, կարծում եմ՝ դատարանը սրանով կողմնակալ վերաբերմունք դրսևորեց, և կա ողջամիտ կասկած, որ դատարանը չի կարող անաչառ դատավարություն իրականացնել։ Եթե չենք ղեկավարվելու օրենքի պահանջներով, ապա այս հիմքերի շուրջ կուզեի բացարկ ներկայացնել դատարանին։ Կխնդրեի, որ ինձ ժամանակ տրամադրեիք, որ այդ հիմքերը գրավոր ներկայացնեի»։

Այս պահին դատական նիստն ընդմիջվել է 40 րոպեով։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031