Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի նախագահը կիսատ, ոչ ամբողջական հայտարարություններ է անում, Արցախի անունից պետք է դիմել միջազգային կառույցներին»․ Լարիսա Ալավերդյան

Օգոստոս 09,2023 12:51

Մարդու իրավունքների առաջին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ ղեկավար Լարիսա Ալավերդյանն այսօր հրավիրած ասուլիսում անդրադարձավ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարություններին։ «Դրական փոփոխություն է այն, որ ինքը շատ կոռեկտ դիմեց ՀՀ բոլոր չինովնիկներին, որ նրանք զգուշավոր արտահայտվեն եւ հստակեցրեց, որ երբ Հայաստանը խոսում է Արցախն Ադրբեջանի կազմում տեսնելու մասին, այդ հայտարարություններն ընդունելի չեն Արցախի համար։ Անգամ այդ մեղմ քայլը ես գնահատում եմ, բայց անցնենք նրան, ինչը պարտավոր է անել Արցախի գործադիր իշխանությունը, որովհետեւ Արցախի Հանրապետությունը նախագահական երկիր է։ Արցախի Ազգային ժողովը շատ պարզ կերպով արտահայտում էր իր անհամաձայնությունը թե Հայաստանի Հանրապետության, թե միջազգային չինովնիկների արտահայտած տհաս արտահայտություններին։ Եվ ինձ համար ակնկալելի էր Դավիթ Իշխանյանի ընտրությունը: Բայց, լինելով նախագահական հանրապետություն, ես միանում եմ բոլոր այն տեսակետներին, երբ ասում են՝ Արցախի նախագահը կիսատ, ոչ ամբողջական հայտարարություններով է հանդես գալիս»,- ասաց նա։

Հարցին, թե ինչո՞ւ է Արցախի նախագահը խուսափում ավելի կոշտ հայտարարություններ անելուց, Ալավերդյանը պատասխանեց, որ շատ պարզ պատճառ կա՝ Հայաստանի բյուջեից Արցախին տրամադրվող ֆինանսավորումն ուղղակի կարող է դադարեցվել։ «Շատ հասկանալի է այդ վտանգը, դամոկլյան այդ սուրը, որի ներքո ավելորդ զգուշավորություն է ցուցաբերվում։ Հայությունը պետք է ստեղծի այլընտրանքային այնպիսի ֆինանսական աղբյուր, որն Արցախը չի պահի նսեմացված եւ կախյալ վիճակում»,- նշեց նա։

Ալավերդյանն անդրադարձավ հարցին, թե ի՞նչ է պարտավոր անել Արցախը եւ չի անում։ «Արդեն երկար ժամանակ է՝ ես պնդում եմ, որ կան միջազգային բարձր որակավորում եւ հեղինակություն ունեցող այնպիսի մասնագետներ, միջազգայնագետներ, որոնք պատրաստ են ձեւակերպումներ անել եւ միջազգային կառույցներ դիմել հենց Արցախի Հանրապետության անունից։ Այսինքն՝ ոչ թե պետք է նամակով դիմել, կոչով կամ հորդորով, այլ կան հստակ այնպիսի կանոնակարգված ձեւեր, որով դիմում են միջազգային այն բոլոր հարթակներին, որոնց անդրադարձ է կատարել Արայիկ Հարությունյանն իր հարցազրույցում»,- նշեց նա։

Անդրադառնալով արցախահայության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին՝ իրավապաշտպանն ասաց, որ նա գռեհիկ տոնայնությամբ է խոսում ու հաթաթա է տալիս արցախահայությանը, որն այսօր պաշտպանում ու պահպանում է համայն հայության պատիվ ու արժանապատվությունը։ «Ես դիմելով Հայաստանում ապրող բոլոր մարդկանց՝ պետք է ասեմ՝ համեմատեք մեր վիճակը արցախահայության հետ, դուք կտեսնեք, որ մենք արժանի չենք այն հանապազօրյա հացին, որն Աստծո կամոք մեզ հասնում է։ Արցախահայության նկատմամբ այդ գռեհիկ տոնով խոսելը ոչ միայն մերժելի է, այլ նաեւ դատապարտելի։ Այդ վիրավորանքները, որն ինքը հղում է դեպի արցախահայությունը, այդ բոլորը ցույց է տալիս ձեր նսեմացված ու վախվորած վիճակը։ Ձեր լուտանքը չի վերաբերում արցախահայությանը, այլ բոլոր խոսքերը վերաբերում են ձեզ։ Եվ հետաքրքիր է, որ Ազգային ժողովի իշխանական թեւից որեւէ մեկը չանդրադարձավ դրան։ Կարո՞ղ է պատահի ձեր կերածը հաց չէ, պահեք ձեզ մարդ էակին համապատասխան, այլ ոչ թե տմարդի»,- ընդգծեց նա։

Լարիսա Ալավերդյանը նաեւ պարզաբանեց, թե ինչո՞ւ են միջազգային կառույցներին պահանջներ ներկայացնում այսօր։ «Ի՞նչ է, դուք ուզում եք ասել, որ հենց այս անգրագետ խունտայի ունակությո՞ւնն է սա, ոչ։ Եվ ես հստակ ընդգծում եմ՝ այո, պետք է պահանջել Հայաստանի Հանրապետության իշխանության, կառավարության հրաժարականը։ Բայց դա չի խոսում այն մասին, որ մենք պետք է համաձայնենք, որ եվրոպական բարձրաստիճան չինովնիկները հիմք են ընդունում բանավոր հայտարարությունը՝ ասելով, արդեն Արցախի հարցը լուծված է։ Հենց դա իրենց պղտոր ծրագրերն են եւ իրենց սնած խմբերն են, որոնք այսօր արտահայտում են իրենց սրտի ուզածը։ Այո, ՀՀ ամբողջ հասարակությունը եւ ունակ ուժերը պետք է պահանջեն այս իշխանության թե հրաժարականը, եւ թե պատժելիության սկզբունքի ներքո նրանց հանդեպ վերաբերմունք ձեւավորեն։ Արեք այդպիսի հստակ գործողություններ, եւ ձեր կողքին կկանգնեն բոլորը։ Բայց միաժամանակ ես պահանջում եմ, որ դուք՝ որպես ճանաչված պետության քաղաքացիներ, թույլ չտաք, որ մեզ խաբեն։ Այսօր չկա որեւէ գրավոր նյութ եւ որեւէ մեկի կողմից ընդունված միջազգային փաստաթուղթ, որ Արցախը դա Ադրբեջանի անքակտելի մաս է։ Չկա այդպիսի բան, մենք պետք է շարունակական գործողություններով միջազգային հանրությունից եւ դրանց հայաստանյան կառույցներից պահանջենք վերջ դնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների արժանապատվությունը նսեմացնելուն։ Այդ ի՞նչ արտահայտություններ են, թե արդեն վարչապետը բանավոր ճանաչել է, գլուխը պատով է տվել։ Դա իր անձնական կարծիքն է։ Դա մեկ անձի, ընդ որում, լեգիտիմությունը կրիտիկական գծից ցածր անձի տեսակետ է։ Միջազգային որեւէ հարթակ, որեւէ մարմին մինչ այսօր չունի գրավոր որեւէ որոշում, միջազգային պայմանագրի ուժ ունեցող որեւէ փաստաթուղթ, որով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն Ադրբեջանի անքակտելի մաս է։

Ես մի բան հիշեցնեմ՝ 1999 թվականին Եվրապառլամենտի կողմից ընդունված որոշման մեջ հստակ գրված է՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացել է նույն օրենքներով եւ նույն գործառույթներով, ինչպես կայացել են նախկին սովետական հանրապետությունները։ Շառլ Միշելի ու Բորելի ու նրանցից սնվող բոլոր մարդկանց հայտարարությունների դեմ ինչո՞ւ չեք պայքարում, ո՞վ է ձեզ ասել, որ Իլհամ Ալիեւն է այսօր ամենակարեւոր անձը, ով ասում է՝ այսօր չի գործում միջազգային իրավունքը, գործում է ուժը։ Այդպես չէ, տեսեք, բոլորը մեջբերումներ են անում միջազգային իրավունքից եւ միջազգային իրավունքով քողարկում են մարդկության դեմ իրենց հանցագործությունը, այն է՝ ցեղասպանությունը, ռազմական հանցագործությունները, խաղաղության դեմ հանցագործությունը, այն է՝ Մինսկի խմբի անժամկետ պայմանավորվածությունները խախտելը եւ այլն»,- հավելեց նա։

Լարիսա Ալավերդյանը նաեւ կրկնեց, որ այս իշխանությունները եկած օրվանից մինչ այսօր սպասարկում են թուրք-ադրբեջանական, հայերի հանդեպ ցեղասպանական քաղաքականությունը։ Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը չի տիրապետում ոչ բանակցային գործընթացին, ոչ իրավական հիմքերին, ոչ իրական վիճակին, որն այսօր ունենք։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031