«Հետք». Երևանի քաղաքապետարանը հայտարարված մրցույթի արդյունքում «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Սակայն, աշխատանքները դեռ չսկսած՝ քաղաքապետարանը միակողմանի լուծել է կնքված պայմանագիրը: Քաղաքապետարանն ընկերությունից պահանջել է 10 տարվա բանկային երաշխիք, ինչի կատարումը գրեթե անհնար է:
Պայմանագիրը լուծելուց հետո քաղաքապետարանը նոր մրցույթ է հայտարարել՝ հանելով այդ պահանջը, ինչը «Իմպեքս» ընկերությանը հիմք է տալիս ենթադրելու, որ պարզապես ցանկացել են իրենցից «ազատվել»:
Քաղաքապետարանը լուծել է նաև ընկերության հետ կնքված մեկ այլ պայմանագիր՝ հաշվի չառնելով, որ դեռ 4 ամիս առաջ այդ պայմանագրով ստանձնած պարտավորություններն ընկերությունը կատարել է:
Այժմ ավելի մանրամասն։
Կարդացեք նաև
«Իմպեքս» ՍՊԸ-ի և Երևանի քաղաքապետարանի միջև 2023թ. փետրվարին կնքվել է ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքների կատարման պայմանագիր: Այդ ընթացքում մրցույթի մասնակիցներից «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ն դատական կարգով բողոքարկել է արդյունքները:
Քաղաքապետարանը, հաշվի առնելով հրատապ կարիքը, ցածր գին առաջարկած «Իմպեքս» ՍՊԸ-ի հետ մարտի 3-ին, մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով (առանց մրցույթի) կնքել է ճանապարհային նշանների տեղադրման պայմանագիր: Գինը կազմել է մոտ 9 մլն 636 հազ. դրամ: Իհարկե, այս պայմանագիրն ավելի փոքր ծավալներ ունի, քան մրցույթի արդյունքում կնքված պայմանագիրը:
Բողոքարկման գործընթացների ավարտից հետո, երբ մերժվել է «Ռեգիոնստրոյսերվիս» ՍՊԸ-ի հայցը, քաղաքապետարանը հունիսի 6-ին «Իմպեքս»-ին ուղարկել է համաձայնագիր կնքելու ծանուցում: Զուգահեռ նշել է, որ պայմանագրի որակավորման և կատարման ապահովումները պետք է ներկայացվեն բանկային երաշխիքի կամ կանխիկ փողի ձևով: Պայմանագրի կատարման համար թողարկման երաշխիքային ժամկետը պետք է լինի 10 տարի:
«Իմպեքս» ՍՊԸ-ի տնօրեն Միքայել Շահնազարյանն ասում է, որ առաջին անգամ է հանդիպում դեպքի, երբ պահանջում են 10 տարվա բանկային երաշխիք: Ավելին, նշում է, որ Երևանի քաղաքապետարանը, թե այս տարի, թե նախորդ տարիներին նույն բնութագրերով պայմանագրեր է կնքել և նման պահանջ երբևէ չի ներկայացրել:
«Պայմանագրի տեխնիկական բնութագրով աշխատանքի կատարման 10 տարի երաշխիքային ժամկետ ի սկզբանե չի սահմանվել: 10 տարի երաշխիքային ժամկետը վերաբերում է բացառապես ճանապարհային նշանների թաղանթին: Իսկ մենք այդ հավաստագիրը ներկայացրել ենք, որ ապահովում ենք թաղանթի 10 տարվա որակը: Քաղաքապետարանի նման մոտեցումը խտրական վերաբերմունք է մեր նկատմամբ»,- ասում է Միքայել Շահնազարյանը:
Այս պայմաններում Միքայել Շահնազարյանը ոչ իրավաչափ է համարում բոլոր ապրանքատեսակների համար 10 տարվա բանկային երաշխիքի հարցը բարձրացնելը, երբ նման պահանջ դրված չի եղել: Նախորդ տարիներին քաղաքապետարանը բավարարվել է միայն տեխնիկական բնութագրին համապատասխան վկայականով՝ չպահանջելով բանկային երաշխիք:
Օրեր առաջ էլ՝ օգոստոսի 1-ին, քաղաքապետարանից ստացել են հերթական ծանուցումը՝ մեկ անձից գնում կատարելու ընթացակարգով մարտին կնքված պայմանագիրը՝ մոտ 5 մլն դրամի չափով, միակողմանի լուծելու մասին: Քաղաքապետարանից նշել են, թե «Իմպեքս» ընկերությունը խախտել է ժամկետները:
«Ապրիլի վերջով աշխատանքները լրիվ կատարված էր, որի մասին այդ ժամանակ ծանուցել ենք քաղաքապետարանի տրանսպորտի վարչությանը, բայց քանի որ նրանք ուղարկել էին պայմանագրի արժեքը գերազանցող հայտեր, դիմել էինք իրենց, որ պայմանագրի արժեքը թույլատրելի մինչև 10%-ի չափով ավելացնեն։ Ստացել ենք դրական պատասխան։ Նրանք պետք է գումարն ավելացնեին ու հաշիվ գրեինք, վճարեին գումարը։ Գումարի մի մասը փոխանցել են, բայց մնացած մոտ 5,5 մլն դրամի չափով նշանները տեղադրված են արդեն 4 ամիս, ու փոխանցում չի կատարվել: Փոխարենը ստացանք գրություն, որ մեր պայմանագիրը միակողմանի լուծում են: Սա աբսուրդ է, նշանները վաղուց տեղադրված են»,- ասում է Միքայել Շահնազարյանը:
Ընկերության տնօրենը ցույց է տալիս գումարի չփոխանցված մասի հաշիվ-ապրանքագիրը, ինչը քաղաքապետարանը նույնպես ստորագրել է։ Հանձնման-ընդունման ակտերը ևս ստորագրված են, սակայն ընկերությանը չեն փոխանցում: Շահնազարյանի խոսքով՝ քաղաքապետարանի աշխատակիցը մի քանի անգամ sms հաղորդագրությամբ հայտնել է ընկերությանը, որ ակտերը վարչության պետի մոտ են, բայց չի տալիս:
«Մենք արդեն 4-5 տարի է՝ զբաղվում ենք պետական գնումներով, բայց նման ռեկետ դեռ չէինք տեսել։ Քաղաքապետարանի հետ էլ ենք շատ աշխատել, ոչ մի վարչություն նման պահվածք թույլ չի տվել»,- նշում է «Իմպեքսի» տնօրենը։
Նշենք, որ «Իմպեքս» ընկերության մասնակցությամբ երկու պայմանագրերի լուծումն էլ եղել է Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանի պաշտոնավարման ժամանակ:
Գրիշա ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Գլխավորը նկարը՝ Տիրայր Մուրադյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: