Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը զգուշացնում է, որ առաջիկա օրերին Արարատյան դաշտավայրում ու Երեւանում կանխատեսվում է մինչեւ +40-+42 աստիճան ջերմություն, ինչը կարող է մարդկանց համար առողջության հետ կապված խնդիրների առաջացման պատճառ դառնալ:
Այդ առիթով այսօր «Արմենպրես» լրատվական գործակալությունում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Նունե Բակունցը ազգաբնակչությանը կրկին հիշեցրեց բժշկական տեսակետից կանխարգելիչ ճիշտ վարվելակերպի կանոնները:
«Պետք է խմել շատ ջուր: Օրգանիզմը շոգին ջրազրկվում է՝ ջրի հետ կորցնելով աղեր եւ սպիտակուցներ: Ուստի պետք է ջրի օրական օգտագործման քանակն ավելացնել սովորական պայմաններից: Այլ ըմպելիքներից խորհուրդ ենք տալիս մեր ավանդական թանը, որը գրեթե իդեալական լրացնում է մեր օրգանիզմի հեղուկի, սպիտակուցի եւ աղերի կորուստը: Կոֆեին պարունակող ըմպելիքների օգտագործումը թե՛ տաք, եւ թե՛ սառը վիճակում առաջարկում ենք պակասեցնել: Չնայած դրանք կարճատեւ թեթեւ թարմացնող էֆեկտ ունեն, այնուամենայնիվ, հյուծում են օրգանիզմը: Իսկ շաքար պարունակող ըմպելիքները ավելի ծանրացնում են ջրազրկումը, քանի որ շաքարը օրգանիզմում ջուր ավելի շատ է օգտագործում:
Պետք է հիշել, որ ամենաշոգ ժամերը 12-ից մինչեւ երեկոյան 6-ը, 7-ն են: Այդ ժամերին ե՛ւ ջերմաստիճանն է բարձր ե՛ւ ուլտրամանուշակագույն ճառագայթումն է առավել ուժեղ լինում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում այդ ժամերին չլինել դրսում, առավել եւս՝ արեւի ուղիղ ճառագայթների տակ: Սիրտ-անոթային, քրոնիկ հիվանդներին, հղիներին, առողջական այլ խնդիրներ ունեցողներին խորհուրդ ենք տալիս այդ ժամերին նույնիսկ դրսի ստվերում չգտնվել, այլ լինել տանը: Իսկ եթե դրսում եք, պետք է պաշտպանվել ուլտրամանուշակագույն ճառագայթից՝ կրելով արեւային ակնոց, լայնեզր գլխարկ, ունենալ հովանոց, կրել բաց գույնի բնական կտորներից կարված ազատ հագուստ:
Կարդացեք նաև
Բնության գրկում գտնվելիս անպայման անհրաժեշտ է ունենալ գործարանային արտադրության սովորական շշալցված ջուր: Կատեգորիկ արգելվում է խմել անհայտ աղբյուրներից, առվից, գետից, որոնց ջուրը հետազոտված չէ, եւ կարող է տարատեսակ վարակիչ հիվանդությունների հարուցիչներ ունենալ: Նույն կերպ չի կարելի միրգ-բանջարեղենը լվալ այդպիսի ջրերով: Անհրաժեշտ է հաճախակի լվանալ ձեռքերը մաքուր, վստահելի ջրով եւ օճառով: Իսկ եթե դա հնարավոր չէ բնության գրկում, նախօրոք ունեցեք ախտահանիչ անձեռոցիկներ կամ այլ նյութեր, որոնք հիմա մատչելի են եւ հասանելի:
Շատ կարեւոր է սննդի ջերմային պայմանների ապահովումն՝ անկախ այն բանից՝ տա՞նն ենք, թե՞ դրսում: Խուսափեք արագ փչացող սննդամթերքից, օրինակ, հում միս-մսամթերք, կաթ-կաթնամթերք, ձուկ-ձկնամթերք, կրեմային հրուշակեղեն,: Սրանք պարարտ միջավայր են տարատեսակ հարուցիչների շատ արագ բազմանալու համար:
Հատկապես ժամը 12-ից 6- 7-ը խուսափեք երկար ժամանակ գտնվել մեքենայի մեջ: Կատեգորիկ արգելվում է կայանած մեքենաներում թողնել երեխաներին, կենդանիների, ինչը առաջին հերթին երեխաների դեպքում կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ»,-ասաց տիկին Բակունցը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ