Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Քաղաքական բավարար «թիկունքի» բացակայությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ նրա գործունեության վրա». գնահատականներ

Օգոստոս 08,2023 10:41

«Անալիտիկոն» վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանի ֆեյսբուքյան գրառումը

Գեղամ Բաղդասարյան

Դավիթ Իշխանյանի հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ պետք է ասեմ, որ Արցախի Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նրա ընտրությունը խաթարում է քաղաքական տրամաբանությունը։ Էլ ի՞նչ իմաստ ունեն խորհրդարանական ընտրությունները, կուսակցությունների միջև քաղաքական մրցակցությունը, վերջապես՝ ընտրողների ձայները, եթե 33 պատգամավոր ունեցող խորհրդարանում խոսնակ է ընտրվում 3 պատգամավոր ունեցող խմբակցության (ՀՅԴ) անդամը։ Քաղաքական բավարար «թիկունքի» բացակայությունը չի կարող բացասաբար չանդրադառնալ նրա գործունեության վրա։

Բայց դե, մյուս կողմից էլ, սա նոր երևույթ չէ արցախյան խորհրդարանում, այնտեղ արդեն ունեցել ենք «փոքրամասնության նախագահ»։ Եւ սա ամենևին էլ բարձրագույն պիլոտաժ չէ, ոչ էլ աննախադեպ ժողովրդավարության առհավատչյա։ Ոչ, սա պարզապես նշանակում է, որ արցախյան խորհրդարանը քաղաքական մարմին չէ, ու այդպես է արդեն տևական ժամանակ։ Իսկ մենք ժպտում էինք, երբ նրա ղեկավարներից մեկը տարիներ ի վեր պնդում էր, որ ինքը քաղաքական գործիչ չէ։ Ինչ որ է, քաղաքական անէությունը մի օրում չի լինում։ Ամեն ինչ արդար է՝ այլ կերպ լինել չէր էլ կարող։

Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի խորհրդարանի խոսնակի պաշտոնում ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի ընտրությունը բավականին ուշագրավ իրավիճակ է ստեղծել:

Մինչև որոշակի քննարկումներն այն համատեքստում են, թե ինչու է խորհրդարանի նախագահի ընտրությունը կանգ առել 33 պատգամավոր ունեցող օրենսդրի 3 հոգանոց խմբակցություն ունեցող ուժի վրա, նախ պետք է ընդգծել, որ խորհրդարանական ընդդիմությունը միասնական ճակատով է հանդես գալիս, իսկ այս առումով 3 ընդդիմադիր ուժերը միասին 7 պատգամավոր են:

Երկրորդ, չեմ ցանկանում որևէ մեկին վիրավորել, բայց խորհրդարանի խոսնակի կարևոր և ներկայանալի պաշտոնի առումով Արցախի խորհրդարանում ընտրությունն առանձնապես մեծ էլ չէր:

Դավիթ Իշխանյանն առաջին պատերազմի ազատամարտիկներից է, նոր ձևավորվող բանակի առաջին շրջանում գումարտակի հրամանատար է եղել:

Իր պահվածքով, վարքագծով, ազգային կեցվածքով ու սկզբունքային դիրքորոշումներով աչքի ընկնող պետական գործիչ է, որն այսօր չափազանց վտանգավոր պաշտոն է ստանձնել:

Վտանգավոր, որովհետև մի կողմից Արցախում ծայրահեղ ծանր իրավիճակ է, մյուս կողմից` պետական կառավարման համակարգը կոլապսի շեմին է, դեռ չեմ խոսում քաղաքական դաշտում ստեղծված անառողջ մթնոլորտի մասին:

Անկասկած մեծ խնդիրներ են լինելու նաև երկրի կուրսի հետ կապված, որովհետև գործող նախագահն իր մոտեցումներում, մեղմ ասած, անկայուն է` տարբեր քամիների ու տրամադրությունների ազդեցության տակ, միաժամանակ նույնիսկ այս առաջադրման պայմաններում ՀՅԴ-ն ու իշխող ուժը որոշ սկզբունքային հարցերի շուրջ շարունակում են տարաձայնություններ ունեն:

Համենայնդեպս ընդդիմությունը կարևոր դիրք է զբաղեցնում. խորհրդարանի ղեկավարը Արցախի Հանրապետության սահմանադրությամբ երկրի երկրորդ դեմքն է, որը նախագահի հրաժարականի կամ այդ գործառույթի իրականացման անհնարինության պայմաններում, ստանձնում է երկրի ղեկավարի պարտականություններ:

Արցախի քաղաքական իրավիճակի փոփոխության առումով քայլ առաջ է, որը հետագա քաղաքական վերադասավորումների նոր հնարավորություն է ստեղծում:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031