Լսեցի մեր ժամանակների լավագույն կոմպոզիտորներից մեկի՝ Տիգրան Մանսուրյանի խոսքն Արցախի շրջափակման մասին: Իր կառուցվածքով եւ արտահայտած մտքերով, կարծում եմ, շատ ազդեցիկ խոսք էր: Բայց ես գիտեմ, թե ինչպես են այդ խոսքին արձագանքելու քաղաքական պատումներ (նարատիվներ) ձեւավորողները կամ դրանց կողմնակիցները. «բա ինչո՞ւ Լեւոնի (Ռոբերտի, Սերժի) վախտ այս բանն ասացիր կամ այն բանը չասացիր», «բա ինչո՞ւ չես ասում «Կեցցե՛ Նիկոլը» (կամ «Կորչի՛ Նիկոլը»)»: Ցանկացած գրավոր կամ բանավոր խոսք, որտեղ կա միտք, հոգի եւ ոգի, եւ որն, այդպիսով, հակասում է քաղաքական «թրենդային» պատումներին, մեծամասնության մոտ զայրույյթ կամ առնվազն արհամարհանք է առաջացնում:
Մտավորականության հետ կապված նարատիվներն, ըստ էության, երեքն են:
1/ Տեր-Պետրոսյանի կողմնակիցներ. «Դուք բոլորդ (բացի մի քանի պայծառ դեմքերից) «ոչմիթիզհողական» եք եւ «հայդատական», չէիք հասկանում եւ չեք հասկանում պրագմատիզմի կարեւորությունը, եւ, ուրեմն, մեղավոր եք մեզ պատուհասած աղետի մեջ»:
2/ Ընդդիմադիր շրջանակներ. «Դուք բոլորդ (բացի մի քանի խելացի մարդուց) ողջունեցիք 2018 թվականի հեղաշրջումը, եւ, հետեւաբար, ներկայիս իշխանության հետ միասին պատասխանատու եք այս իրավիճակի համար»:
Կարդացեք նաև
3/ Իշխանության կողմնակիցներ. «Դուք բոլորդ (բացի մի քանի անբասիր մարդուց) օգտվում էիք «նախկինների» կերակրատաշտից, հիմա երազում եք նրանց վերադարձի մասին, դե, ուրեմն, մի՛ զարմացեք, որ մեր իմաստուն ժողովրդի համար որեւէ հեղինակություն չեք ներկայացնում»:
Ոչ մի նարատիվ (այդ թվում՝ այս երեքը) 100 տոկոսով սուտ չէ, միշտ էլ կա ճշմարտության որեւէ հատիկ: Բայց բոլոր այդ պատումները աչքի են ընկնում պարզունակությամբ, միակողմանիությամբ, մերժողականությամբ եւ ագրեսիվությամբ՝ հատկություններ, որոնք, իհարկե, այդ երեք տեսակետներից մեկը կիսող «լայն զանգվածներին» դուր են գալիս: Այդ երեք ուղղություններով փնովելով մտավորականներին՝ հասարակական խոսույթից «աքսորվում է» միտքը՝ դարձնելով այդ խոսույթները նախապաշարումների, կարծրատիպերի եւ կլիշեների մրցավազք:
…1909 թվականին Մոսկվայում լույս էր տեսել մի ժողովածու, որը կոչվում է «Вехи» (գուցե վերնագիրը կարելի է թարգմանել որպես «Հանգրվաններ»): Մի խումբ մտավորականներ փորձում էին հասկանալ, թե ինչո՞ւ է անհաջողության մատնվել 1905 թվականի հեղափոխությունը, ինչո՞ւ են դանդաղել կամ կասեցվել բարեփոխումները, եւ ո՞րն է այս ամենում մտավորականության դերը (կամ մեղքը): Ժողովածուն խիստ բացասական արձագանք ստացավ թե՛ ցարիզմի կողմնակիցների եւ թե՛ բոլշեւիկների շրջանում, որովհետեւ չէր տեղավորվում այն ժամանակվա քաղաքականության մեջ տարածված նարատիվների մեջ:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ