«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» դեպի Հակարի կամուրջ երթի նախապատրաստական աշխատանքները շարունակում է։ Այս մասին Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրեց նախաձեռնության համակարգողներից Արթուր Օսիպյանը՝ ցուցադրելով կադրեր նախապատրաստական աշխատանքներից։
«Չնայած բոլոր խոչընդոտներին, կազմակերպչական աշխատանքները շարունակվում են, եւ հաղթահարելու ենք բառիս բուն իմաստով բոլոր խոչընդոտները։ Խաղաղապահներով, թե առանց նրանց, ժողովուրդը պետք է պատրաստվի դեպի Հակարի խաղաղ երթին, քանի որ այլ առաջարկներ չկան: Եվ եթե իրատեսորեն հույսը դնում ենք միայն ինքներս մեզ վրա, դա ամենաանվտանգ տարբերակն է պայքարը շարունակելու և Արցախը պահելու համար: Մենք պետք է ներկա լինենք կամրջի վրա, որովհետև այնտեղ գրեթե ամբողջ աշխարհը քննարկում է Արցախի ապագայի հարցը, բայց առանց արցախցիների։ Դա անընդունելի է»,- ասաց Օսիպյանը։
Հիշեցնենք, որ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը պատասխան նամակով մերժել է դեպի Հակարի կամուրջ ավտոերթն ուղեկցելու արցախցիների դիմումը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ