Օդի ջերմաստիճանի սպասվող կտրուկ բարձրացմանն ընդառաջ ՀՀ ԱԱՏՄ-ն իրազեկում է
Հաշվի առնելով , որ Հայաստանի մի շարք տարածքներում օգոստոսի 10-ից սպասվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացում, մասնավորապես՝ Արարատյան դաշտում և Երևանում կանխատեսվում է մինչև +40․․․+42 աստիճան տաքություն։
Շոգ եղանակին օդի բարձր ջերմաստիճանի, ուլտրամանուշակագույն ճառագայթման բացասական ազդեցությունը մեղմելու, օրգանիզմի անցանկալի գերտաքացումը կանխելու, ինչպես նաև վարակիչ հիվանդություններից, սննդային թունավորումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է հետևել ներքոնշյալ կանոններին.
• օգտագործել մեծ քանակությամբ հեղուկ, օրական 2-3 լիտր (սրտանոթային կամ միզասեռական համակարգի հիվանդություններով տառապող անձինք հեղուկներ պետք է ընդունեն միայն բուժող բժշկի հետ խորհրդակցելուց հետո),
Կարդացեք նաև
• խուսափել արևի ուղիղ ճառագայթներից` հատկապես 11:00-17:00-ն ընկած ժամանակահատվածում, քայլել ստվերում, կրել գլխարկ, արևային ակնոց, հովանոց, հագնել բաց գույնի, բամբակյա կտորից, ազատ, օդաթափանց հագուստ,
• ամենօրյա աշխատանքները կատարել օրվա համեմատաբար զով ժամերին,
• հետևել ձեռքերի հիգիենային՝ լվանալ հաճախակի օճառի օգտագործմամբ,
• չթույլատրել երեխաներին լողալ դեկորատիվ ջրավազաններում և խաղալ ոռոգման ցանցի ջրով,
• շոգ եղանակին հրաժարվել յուղոտ, մեծ քանակի ճարպ պարունակող, դժվարամարս սննդամթերքից: Օգտագործել թեթև, ավելի դյուրամարս՝ մրգային, բանջարեղենային, վիտամիններով հարուստ սնունդ։
🏗Հիշեցում գործատուներին․ Աշխատանքը բարձր ջերմաստիճանի պայմաններում։
ՀՀ աշխատանքային օրենսգրքով նախատեսված է, որ աշխատավայրում +40 աստիճան ցելսիուսից բարձր ջերմաստիճանային պայմաններում աշխատանքի ժամանակ, երբ հնարավոր չէ ապահովել պատշաճ ջերմաստիճանային ռեժիմ, աշխատանքային օրվա ընթացքում աշխատողներին պետք է տրամադրվեն հատուկ ընդմիջումներ՝ հովանալու և հանգստանալու համար,
• հատուկ ընդմիջումները պետք է կիրառվեն հաշվի առնելով կատարվող ֆիզիկական աշխատանքի ծանրությունը, հետևյալ սկզբունքով՝ ավելի ծանր ֆիզիկական աշխատանքներ կատարող աշխատողների համար ապահովել հաճախակի և ավելի երկար տևողությամբ հատուկ ընդմիջումներ, առավելագույնս նվազեցնելով ջերմային ծանրաբեռնվածության գումարային տևողությունը,
• ապահովել աշխատավայրում թույլատրելի ջերմաստիճանային պայմաններով հանգստի տեղեր,
• հաշվի առնելով աշխատանքային պայմանները, աշխատողներին ապահովել անհատական պաշտպանության միջոցներով՝ գլխարկներ, բաց գույնի արտահագուստ, հովանոցներ, արևային ակնոցներ,
• բարձր ջերմաստիճանի ազդեցությունը մեղմելու համար աշխատատեղերը և հանգստի տեղերն ապահովել լվացվելու և խմելու ջրով:
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին