«Որպես Մինսկի խմբի համանախագահ եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ՝ Ֆրանսիան պարտավոր է հետամուտ լինել Արցախի հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- այսօր այս հորդորով քաղաքացիները ցույց էին նախաձեռնել Ֆրանսիայի դեսպանատան մոտ՝ խնդրելով հանդիպում դեսպանի հետ:
Ակտիվիստները կոչ էին անում Ֆրանսիային նախաձեռնել եւ Արցախի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի հարցը մտցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ եւ ՄԱԿ-ի խաղաղապահ զորքեր մտցնել Արցախի Հանրապետություն:
Aravot.am-ի հետ զրույցում հավաքի նախաձեռնողներից «Հանուն Հադրութի» ՀԿ նախագահ Լեւոն Հայրիյանն ասաց, որ ուզում են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին բացատրել հետեւյալը. «Այլ ելք չկա, եւ Արեւմուտքը կարող է հումանիտար ինտերվենցիա՝ միջամտություն իրականացնել Արցախում, որովհետեւ ռուս-թուրքական աքցանի հետ ուրիշ կերպ վարվել հնարավոր չի: Միայն հումանիտար ինտերվենցիան կարող է ազդել, որից հետո Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչում է պետք: Մենք փորձում ենք հասկացնել, որ հնարավոր չի դեմոկրատ սիստեմը մտցնել ավտոկրատ ռեժիմի մեջ, իսկ որ Ադրբեջանն աշխարհի ամենաավտոկրատ երկիրն է, դրա մասին խոսք չկա: Ալիեւն իր իշխանությունը ժառանգել է սրանից 20 տարի առաջ իր հորից, որը սովետական ԿԳԲ-ից էր, ինքն էլ ժառանգել էր իշխանությունը, փոխանցել իր որդուն, հիմա Ալիեւը նախագահ է, կինը՝ փոխնախագահ: Պատկերացրեք, աշխարհում երբեք այսպիսի ավտոկրատիա չի եղել, ու Ղարաբաղի փոքրիկ դեմոկրատական կղզյակն ուզում են մտցնել այդ ավտոկրատիայի մեջ:
Կարդացեք նաև
Ընդ որում, եթե մենակ ղեկավարությունը ավտոկրատ լիներ, ինչ-որ բան հնարավոր էր անել, բայց այնտեղ սոցիումն էլ իրար հետ չեն կարող ապրել: Սումգայիթի, Բաքվի, Գյանջայի, Մարաղայի ջարդերից հետո ոչ մի տրամաչափի՝ հավաքարարից մինչեւ պրեզիդենտ, կրթական ցենզով չոբանից մինչեւ դոկտոր պրոֆեսոր որեւէ մի ադրբեջանցի մինչեւ հիմա ներողություն կամ զղջման խոսքեր չի ասել:
Ընդհակառակը՝ Սումգայիթը իրենց համար դարձել է ազգային հպարտության նման մի բան: Ու մեզ ուզում են այնտեղ մտցնեն: Ցավ չի, որ դա ուզում են անեն ռուսները, թուրքերը, ցավ է, որ մեր երկու հսկա երկրի ղեկավարները ուզում են մեզ մտցնեն Ադրբեջանի կազմ: Նիկոլ Փաշինյանն ի՞նչ է մտածում, ինչո՞վ է մտածում, ի՞նչ է անում… Այս ամեն ինչի վերջը լինելու է այն, որ Նիկոլ Փաշինյանն ու Ղարաբաղի ղեկավարները Ադրբեջանում կոնցլագերի պոլիցիա են աշխատելու»:
Հարցրեցինք՝ հույսներդ կորցրե՞լ եք մեր կառավարությունից, նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրած ՌԴ-ից, ստիպված եկել եք Ֆրանսիայի դեսպանատան դո՞ւռը, Հայրիյանը պատասխանեց. «Ոչ թե հույսը կորցրել ենք, այլ՝ նոյեմբերի 9-ի փաստաթղթի տակ ստորագրած 3 ներկայացուցիչներն էլ հանցագործներ են ու հայ ազգի թշնամի: Պուտինի հարցում կասկած չկա, քանի որ Հաագայի միջազգային դատարանը հայտարարել է հանցագործ, Ալիեւը հանցագործ է, քանի որ միջազգային դատարանների որոշումները չի կատարում, Նիկոլ Փաշինյանը հանցագործ է, քանի որ բանակցում է այդ երկու հանցագործների հետ, ընդ որում, բանակցում է լրիվ թաքուն բաների մասին: Հնարավոր չի եռագլուխ վիշապի երկու գլուխը հանցագործ լինի, մեկը՝ չէ»:
Ըստ Հայրիյանի՝ նախեւառաջ մեր երկրին պետք է նոր ղեկավար, որը չի ասի, թե երկիրը պաշտպանունակություն չունի, չի ասի, թե Արարատը մերը չի, Արցախը մերը չի. «Եթե այս հայտարարություններից հետո կառչել է աթոռից, նշանակում է՝ նա կատարում է ուրիշ երկրների ծրագրերը»:
Հարցին՝ ի՞նչ գործիքակազմ ունի Ֆրանսիան, ինչպե՞ս կարող է միջամտել ու լուծել հարցը՝ Հայրիյանը պատասխանեց. «Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Արեւմուտքը մեծ գործիքակազմ ունեն, պարզապես տեսնելով մեր ղեկավարների կողմից ազգային հարցերը չլուծելու մոտեցումները, նրանք մի քիչ ծույլ են մասնակցում, բայց մենք ուզում ենք նրանց հասկացնել, որ էս ժողովուրդը մեղք է: Այս ժողովրդին պետք է տիրություն անել՝ անգամ ղեկավարության գլխի վրայով, որովհետեւ ղեկավարությունը չի ծառայում մեր ժողովրդին»:
Ֆրանսիայի դեսպանը տեղում չէր, հետեւաբար հանդիպումը չկայացավ: Դեսպանատնից վերցրեցին քաղաքացիների նամակը, կոնտակտները եւ խոստացան կապ հաստատել:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ