Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի ընտրության մասին օրակարգով:
Նիստը վարում էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: Արտահերթ նստաշրջանին ներկա էին նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը և խորհրդարանի նախկին ղեկավար Արթուր Թովմասյանը:
Նախքան նստաշրջանի աշխատանքներին անցնելը՝ԱԺ նախկին նախագահին ուղղված երախտիքի խոսքով հանդես է եկել ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը: «Ավելի քան 25-ամյա, որից 5-ը խորհրդարանի ղեկավարի պաշտոնում, հարուստ խորհրդարանական կենսագրություն ունեցող պետական և քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանն անմնացորդ նվիրումով, ժողովրդանպաստ նախաձեռնություններով զգալի ներդրում է ունեցել ԱՀ Ազգային ժողովի պատմության մեջ»,- ընդգծել է Գագիկ Բաղունցը՝ հավատացած լինելով, որ Արթուր Թովմասյանն իր խորհրդարանական դիվանագիտության մեջ ունեցած փորձով կնպաստի ԱՀ ԱԺ հետագա պատմության կերտման գործընթացին ևս:
«ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված կարգով «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցությունը ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր Դավիթ Ռուբենի Իշխանյանի թեկնածությունը:
Կարդացեք նաև
Արտահերթ ելույթի իրավունքով հանդես է եկել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը: Բարձր գնահատելով Արթուր Թովմասյանի վաստակը Արցախի պետականաշինության գործում՝ նախագահը հույս է հայտնել, որ պարոն Թովմասյանը կշարունակի իր ակտիվ քաղաքական գործունեությունը:
Անդրադառնալով ԱԺ նոր նախագահի ընտրությանը և թեկնածուի անցած ուղուն՝ Արայիկ Հարությունյանն ասել է. «Անկախ իր կուսակցական պատկանելիությունից՝ Դավիթ Իշխանյանն այնպիսի քաղաքական և պետական ճանապարհ է անցել, այնպիսի փորձ ու հարգանք է վաստակել, որոնք արդեն իրեն դարձնում են արժանի թեկնածու Ազգային ժողովի նախագահի համար»:
Այնուհետև ԱԺ նախագահի թեկնածուին ներկայացրել է ԱԺ «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանը, որին հաջորդել է թեկնածուի ելույթը: «Բոլորս խորը գիտակցումով ենք գնացել այս քայլին՝ հասկանալով, որ ոչ թե դասական պայմաններում խորհրդարանի ղեկավար կազմ ընտրելու գործընթաց է տեղի ունենում, այլ արտակարգ իրավիճակում է այս որոշումը կայացվում», – ասել է Դավիթ Իշխանյանը ՝ շնորհակալություն հայտնելով մեր երկրի համար այս ծանր օրերին նման պատասխանատու պաշտոնում իր թեկնածությունը առաջադրելու համար:
Իր խոսքում Դավիթ Իշխանյանը կարևորել է հատկապես քաղաքական առողջ ուժերի համախմբվածությունը, պետություն –եկեղեցի համագործակցությունը, միջխորհրդարանական հարաբերությունների և եռամիասնության վերականգնումը: «Մեր քաղաքական կեցվածքը պետք է ուղղված լինի կամուրջներ կառուցելուն, խուսափելով ապակառուցողական դրսևորումներից», – նշել է թեկնածուն:
Ամփոփելով ելույթը ՝ ԱԺ նախագահի թեկնածուն հայտարարել է.« Իմ խոնարհումն ու հարգանքը մատուցելով յուրաքանչյուր քաղաքացու այս բարձր ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ ամեն գնով շարունակելու ենք պայքարը հանուն Արցախի պետականության պահպանման ու հզորացման»:
Թեկնածուին հարցեր առաջադրելուց հետո մտքերի փոխանակությամբ հանդես են եկել պատգամավորներ Մարսել Պետրոսյանը, Դավիթ Մելքումյանը, Մետաքսե Հակոբյանը և Վահրամ Բալայանը: ԱԺԿ, Արցախի «Արդարություն » և ՀՅԴ խմբակցությունների ներկայացուցիչները իրենց ելույթներում դրական տեսակետ են հայտնել ԱԺ նախագահի թեկնածուի հանդեպ, իսկ «Միասնական հայրենիք» խմբակցության ղեկավարը նման որոշումը քաղաքական է որակել, որն ըստ պատգամավորի ՝ ոչ միայն վտանգավոր է, այլև հղի է անսպասելի երևույթներով:
Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, ԱԺ նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի և «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանի եզրափակիչ ելույթներից հետո խորհրդարանն անցել է փակ գաղտնի քվեարկության, որի արդյունքներով 22 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ ԱՀ ԱԺ նախագահ է ընտրվել Դավիթ Իշխանյանը:
Նստաշրջանն ամփոփվել է ԱԺ նորընտիր նախագահի շնորհակալական խոսքով:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին