Լրահոս
Օրվա լրահոսը

«Այլեւս հույս չկապելով Հայաստանից աջակցություն ստանալու հետ՝ Արցախի իշխանությունը փորձում է մեծացնել ՀՅԴ եւ Սփյուռքի կառույցների դերը»․ Արմեն Բաղդասարյան

Օգոստոս 07,2023 18:07

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

-Պարոն Բաղդասարյան, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ հանդես եկավ հարցազրույցով, ի՞նչ ուղերձներ հղեց նա դրանով, եւ արցախցիներն ի՞նչ քայլեր են սպասում իշխանություններից։

-Արցախի նախագահն առանձնապես ոչ մի նոր բան չասաց, ընդհանուր իրավիճակը ներկայացրեց։ Շեշտադրումների որոշակի փոփոխություն կար Հայաստանի իշխանությունների նկատմամբ՝ փոքր-ինչ ավելի խիստ էր։ Կարծում եմ, ոչ այնքան Արցախի նախագահի խոսքերն են կարեւոր, որքան գործը, որ Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Դաշնակցության բյուրոյի ներկայացուցիչը։ Ընդ որում, Դաշնակցության բյուրոյի պատասխանատուն հայտարարեց, որ իրենք այդ առաջարկն ստացել են Արցախի գործող եւ նախկին վերջին նախագահներից։ Այսինքն՝ համատեղ առաջարկ է եղել։ Ստացվում է, որ Արայիկ Հարությունյանն ինքն է առաջարկել, որ ընդդիմադիր պատգամավորը դառնա Ազգային ժողովի նախագահ։ Ընդ որում, խոսքն այն նույն բյուրոյի մասին է, որի ներկայացուցիչն ամիսներ առաջ հայտարարեց, որ իրենց նպատակը Հայաստանում իշխանափոխության հասնելն ու Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարությանը հեռացնելն է։ Ես կարծում եմ, որ սա կարեւոր ազդակ է Արցախի իշխանությունների կողմից, որ իրենք, այլեւս հույս չկապելով Հայաստանի Հանրապետությունից աջակցություն ստանալու հետ, որպես պետություն՝ փորձում են մեծացնել Դաշնակցության եւ ընդհանրապես Սփյուռքի կառույցների դերը՝ ոչ թե ՀՀ իշխանությունների, այլ Սփյուռքի կառույցների միջոցով Ադրբեջանի վրա միջազգային ճնշումներ իրականացնելու համար։ Ես կարծում եմ՝ սա մարտավարական փոփոխություն էր Արցախի իշխանությունների կողմից, եւ սա ամենակարեւոր արձանագրումն է վերջին մեկ-երկու օրերին։

Արայիկ Հարությունյանը նաեւ ասաց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են Արցախի իշխանություններին մեղադրել Ադրբեջանի քաղաքականությունն իրականացնելու առումով։ «Մեզ համար երկուսի նպատակն էլ նույնն է՝ քանդել Արցախի իշխանություններին, քանդել Արցախի ինստիտուտները»,- ասաց նա։ Ո՞ր ուժերին նկատի ունի նա։

-Կարեւոր է ոչ թե այն, թե ինչ է նա ասում, այլ, թե ինչ է նա անում։ Այն, ինչ նա արեց, այն էր, որ Դաշնակցության ներկայացուցչին նշանակեց Արցախի Ազգային ժողովի նախագահ։ Ընդ որում, հատուկ շեշտեց, որ դա ձեւական նշանակություն չունի, այլ Արցախի Ազգային ժողովն ու Ազգային ժողովի նախագահը պիտի առանցքային դերակատարում ունենան այսուհետ։ Փաստացի, եթե ոչ ամբողջությամբ, այլ առնվազն իշխանության կեսը նա հանձնեց ընդդիմությանը։

-Ի՞նչ կարող է դա փոխել Արցախում՝ հաշվի առնելով այն, որ շատ էր քննարկվում հարցը, որ Արցախի Ազգային ժողովը լուրջ քաղաքական խոսք ունեցող ու աշխատանք կատարող մարմին չէ։

-Կարող է փոխվել այն, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը կամ դրա բացակայությունն արդեն անմիջականորեն չի առնչվի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ։ Այսինքն՝ այդ երկու հարցերը կարծես թե մի տեսակ տարանջատվում են, որովհետեւ եթե Արցախում իշխանությունը կամ դրա մի մասը փաստացի հայտնվում է ընդդիմության ձեռքին, ապա ստացվում է, որ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության ձախողումը, հռետորաբանության կոշտացումը, հետագա քայլերն անմիջականորեն սպառնալիք չեն կարող դառնալ Հայաստանի համար, ոչ էլ Ադրբեջանին կարող են հաղթաթղթեր տալ՝ Հայաստանի նկատմամբ ագրեսիա իրականացնելու համար։ Այսինքն՝ փորձ է արվում, այդ երկու հարցերը տարանջատել։

-Եվ որքանո՞վ է դա հնարավոր ստեղծված իրավիճակում։

-Համենայնդեպս այդ ուղղությամբ քայլ է արվել։ Եվ չեմ կարծում, թե Արցախը մեծ ընտրություն ուներ, որովհետեւ, եթե Հայաստանը՝ որպես պետություն, փաստացի մի կողմ է քաշվում, եւ, ինչպես Արայիկ Հարությունյանն ասաց, Արցախին միայնակ են թողնում Ադրբեջանի դեմ, ապա այլ բան չի մնում, քան օգտագործել Սփյուռքի եւ մասնավորապես Դաշնակցության, Հայ դատի, լոբբիստական կազմակերպությունների կարողությունները։ Ես չեմ կարծում, թե դրանք էական նշանակություն կունենան, բայց համենայնդեպս հարցի միջազգային հնչեղությունը բարձրացնելու առումով կարող են արդյունավետ լինել։

Դիմելով Հայաստանի իշխանություններին՝ Արայիկ Հարությունյանն ասաց․«Կոչ եմ անում Հայաստանի ղեկավարությանը՝ խուսափել գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են կասկածի տակ դնել Արցախի ժողովրդի ինքնորոշումը»։ Մենք տեսնում ենք Արցախի հարցում Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, ինչ-որ բան կփոխվի՞ այդ հարցում։

-Կարծում եմ՝ Հայաստանի իշխանություններն ի սկզբանե ընդհանրապես չպետք է խոսեին Արցախի ապագայի կամ կարգավիճակի հարցում նշաձողի իջեցման մասին։ Եթե իրենք դա դիտարկում են Բաքու-Ստեփանակերտ երկխոսության շրջանակներում, հետեւաբար, նշաձողն իջեցնել-չիջեցնելու հարցը պետք է վերապահվեր Արցախի ժողովրդին ու իշխանություններին։ Այնպես որ, կարծում եմ՝ այս հարցում պաշտոնական Ստեփանակերտի կշտամբանքը հիմքեր ունի, որովհետեւ Հայաստանի իշխանությունները մի կողմից ասում են՝ մենք պատասխանատվություն չենք ստանձնում Արցախի ապագայի համար, մյուս կողմից էլ իջեցնում են նշաձողը՝ առանց դրա իրավունքն ունենալու։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031