Հակակոռուպցիոն դատարանում (ՀԿԴ) դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ այսօր կայացավ նախկին դատավոր Արուսյակ Ալեքսանյանի, նրա օգնական Թամարա Պետրոսյանի եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում շարունակվեց մեղադրանքի կողմի ներկայացրած գրավոր ապացույցների հետազոտումը։
Պաշտպանության կողմը շատ կարեւոր եւ մեղադրանքի տեսանկյունից շատ էական նշանակություն ունեցող փաստագրում կատարեց։ Արուսյակ Ալեքսանյանի պաշտպան Անդրանիկ Մանուկյանն այդ առիթով Aravot.am-ին ասաց․ «Առաջինը, որ կալանքը վերացնելու կամ կալանքի փոխարեն այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին ներկայիս դատավարական օրենքի 289-րդ հոդվածով նախատեսված միջնորդությունը չի հանդիսացել անհապաղ քննության ենթակա միջնորդություն։ Հետեւաբար, այդ միջնոդրության քննության վերաբերյալ չէր կարող տարածվել ԲԴԽ համապատասխան որոշմամբ սահմանված անհապաղ քննության ենթակա միջնորդությունների քննության կարգը։ Մասնավորապես, այն, որ միջնորդությունը պետք է քննարկեր այն դատավորը, որը նախկինում քննարկել էր համանման եւ նույն անձի վերաբերյալ միջնորդություն։ Այսինքն, համոզված ենք, որ այն հանգամանքը, որ տվյալ միջնորդությունը անհապաղ քննության ենթակա չի հանդիսացել, արդեն իսկ բացառում է մեղադրանքի կողմից առաջ քաշված այն փաստարկի հիմնավորվածությունը, թե Արուսյակ Ալեեքսանյանը լիազորված չէր քննության առնել այդ միջնորդությունը, քանի որ նա ինքը քննության չէր առել։
Եվ երկրորդ հանգամանքը։ Մենք փաստագրեցինք, որ նույնպես մեղադրանքի հիմնավորվածության տեսանկյունից մենք էական փաստարկ ենք գնահատում այն, որ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը որեւէ կերպ լիազորված չէ սույն պարագայում, նույնիսկ եթե ինքը սխալ էր մակագրել, այսինքն, եթե անգամ համարենք, որ անհապաղ քննության ենթակա էր եւ սխալ էր մակագրվել, դատարանի նախագահը լիազորված չէր այդ միջնորդությունը հետ պահանջելու Արուսյակ Ալեքսանյանից։ Հետեւաբար Արուսյակ Ալեքսանյանը պարտավոր չէր այդ միջնորդությունը վերադարձնել։ Հետեւաբար, Արուսյակ Ալեքսանյանը պարտավոր էր այդ միջնորդության հիման վրա նախաձեռնել կամ հարուցել վարույթ եւ քննության առնել այդ միջնորդությունը, ինչպես որ Արուսյակ Ալեքսսանյանը կատարել է։ Այսինքն, Արուսյակ Ալեքսանյանին քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի հատկանիշներով առաջադրված մեղադրանքը, որի բովանդակությունը հանգում է նրան, որ Արուսյակ Ալեքսանյանը իրավունք չի ունեցել կամ լիազորված չի եղել քննության առնել այդ միջնորդությունը, մենք, այդ թվում, նշածս փաստարկների բերումով համարում ենք խիստ անհիմն»։
Այսօրվա դատական նիստում եղան նաեւ հուզական ելույթներ, որոնց կողմերը ըմբռնումով մոտեցան։
Կարդացեք նաև
Դատական նիստը հետաձգվեց։ Հաշվի առնելով կողմերի ծանրաբեռնվածությունը եւ նախնական պայմանավորվածությունը, հաջորդ նիստը նշանակվեց սեպտեմբերի 1-ին, ժամը 12։00-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ