Լրահոս
Օրվա լրահոսը

«Արձանագրվեց, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում, իրենք պարտավորություն ունեն Բերձորի միջանցքը բաց պահել»․ Գագիկ Ավանեսյան

Օգոստոս 07,2023 16:30

«Քաշաթաղի միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբը» այսօր երեկոյան քննարկելու է, թե ինչ պետք է անել ստեղծված իրավիճակում, երբ ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը մերժել է դեպի Հակարիի կամուրջ իրենց ավտոերթն ուղեկցելու դիմումը։ 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախում պատրաստվում են խաղաղ երթ իրականացնել  դեպի Հակարիի կամուրջ՝ Բերձորի միջանցքի բացման եւ ադրբեջանական ապօրինի անցակետի ապամոնտաժման պահանջով։ «Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամները օգոստոսի 5-ին նամակ էին հղել խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ կոչ անելով հերքել կամ հաստատել ադրբեջանական տելեգրամ ալիքներից մեկում հրապարակված լուրը, որ իբրեւ թե ռուս խաղաղապահներն արցախցիների խաղաղ ցույցի պատրվակով փորձում են Լաչինի միջանցքում գործողություն իրականացնել։

Ինչպես նաեւ նամակով արցախցիները դիմել էին ռուս խաղաղապահներին՝ խնդրելով ուղեկցել իրենց ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ։ Սակայն պատասխան նամակում խաղաղապահ զորակազմի հրամանատարի տեղակալ Սազոնովը նախաձեռնության անդամներին այսօր գրավոր պատասխանել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթերի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը։

«Միջանցքի ապաշրջափակման ժողովրդական շարժման շտաբի» նախաձեռնող խմբի անդամ Գագիկ Ավանեսյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ արցախցիներն իրենց հետագա քայլերը քննարկելու են այսօր երեկոյան։ «Բայց փաստն այն է, որ սրանով արձանագրվեց, որ ռուս խաղաղապահներն իրենց պարտականությունները չեն կատարում եւ հրաժարվում են նաեւ կատարել ապագայում»,- ասաց Գագիկ Ավանեսյանը։

Անդրադառնալով ռուս խաղաղապահների հրամանատարության այն պատասխանին, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունը չի նախատեսում ավտոերթի ուղեկցումը, ինչպես նաև տարբեր ակցիաների և հանրահավաքների անվտանգության ապահովումը, Ավանեսյանն ասաց, որ իրենք պարտավորություն ունեն Բերձորի միջանցքը բաց պահել։ «Մենք մինիմալն ենք պահանջել նրանցից, որ գոնե մի շարասյուն ուղեկցեն։ Իրենք պատասխանում են, որ նման պարտավորություն չկա։ Դա նույն քաղաքականության շարունակությունն է, եւ մեզ համար հասկանալի է, որ ցանկություն չունեն իրենց պարտականությունները կատարելու։ Մեզ հետ հանդիպման ժամանակ  ավելի վաղ Լենցովը պարզ ասել է՝ ես զինվորական մարդ եմ, հրաման եմ կատարում, ինչ հրաման լինի, դա էլ կատարելու եմ։ Ուստի, իրենք հրաման չունեն մեր շարասյուն ուղեկցելու, հրաման ունեն միջանցքը փակ  պահելու, դա իմ անձնական կարծիքն է»,- նշեց Գագիկ Ավանեսյանը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031