Լրահոս
Օրվա լրահոսը

Բարբառի հետ կապված լեզվակռիվը շարունակվել է աշխատանքի ավարտից հետո. սպանություն Գյումրիում

Օգոստոս 07,2023 14:54

2023 թվականի օգոստոսի 6-ին` գիշերը, ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն է ստացվել հաղորդում այն մասին, որ նույն օրը աջ դաստակի շրջանում վնասվածքով «Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ բուժօգնության է դիմել Գյումրի քաղաքի՝ 1983թ․ ծնված բնակիչ, որը հայտնել է, որ վնասվածքը ստացել է ընկերոջը դանակահարելու ընթացքում միջամտելու ժամանակ։

Նույն օրը նշված բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոնի բակում հայտնաբերվել է կողերի շրջանում կտրած-ծակած վնասվածքներով մոտ 36 տարեկան տղամարդու դի։ Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է 36-ամյա Ա․ Սարդարյանը։

2023թ․ օգոստոսի 6-ին ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով և 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննության ընթացքում տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2023թ․ օգոստոսի 5-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում, Գյումրիում գործող ռեստորաններից մեկում բարբառի հետ կապված լեզվակռիվ է տեղի ունեցել նշված ռեստորանի երկու աշխատակիցների միջև, որը, արդեն երկու կողմից այլ անձանց ներգրավմամբ, շարունակվել է աշխատանքի ավարտից հետո, այլ վայրում՝ «Ձկի ձոր» տանող ճանապարհին։ Նրանց միջև խոսակցությունը կրկին վերաճել է վիճաբանության, որի ընթացքում մասնակիցներից մեկը սուր կտրող ծակող գործիքով հարվածել և վնասվածքներ է հասցրել իր հետ վիճաբանողներից 30-ամյա տղամարդու աջ ձեռքին, Ա․Սարդարյանի որովայնի հատվածին և դիմել փախուստի։ Ստացած վնասվածքներից Ա․Սարդարյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է։

Վնասվածք ստացած անձը, ինչպես նաև մահացած Ա․Սարդարյանը ճանաչվել են տուժող։ Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում վերցվել են արնանման նյութի հետքից նմուշներ, վիճաբանության հետ հնարավոր առնչություն ունեցող հարմարեցված առարկա՝ մահակ, և այլ իրեր։ Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։ Ռեստորանից առգրավվել են դեպքի վերաբերյալ հետաքրքրություն ներկայացնող տեսագրությունները։

Դեպքի որոշ էական հանգամանքներ պարզելու և առերևույթ հանցանք կատարած անձին հայտնաբերելու վերաբերյալ հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Իրականացված անհետաձգելի գործողությունների արդյունքում նշված անձը՝ Մասիս խոշորացված համայնքի բնակիչ 36-ամյա տղամարդը, հայտնաբերվել է ՀՀ Գեղարքունիքի մարզում և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Վերջինս ձերբակալվել է։

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031