Աշխարհի գրողներին, հատկապես մանկագիրներին
Սա կոչ է կոչերի ունայնության մասին։
Ամբողջ աշխարհի քաղաքակիրթ երկրների ղեկավարները, միջազգային կազմակերպությունները, սենատորներն ու բարձր ներկայացուցիչները, լրագրողները Լաչինի միջանցքի բացման համար կոչեր են կոչում ու գոչում, իսկ մի ինքնավստահ տիրակալ թքած ունի այդ ամենի վրա։
Ո՞նց փրկենք նրանց պատիվը։
Կարդացեք նաև
Նրա հրամանով Արցախի Հանրապետությունը Հայաստանին կապող միակ, միջազգայնորեն ընդունված, 2020 թվի նոյեմբերի 9-ի համաձայնագրով հաստատված, ռուսական խաղաղապահներով հսկվող միջանցքի վրա կառուցել է վիշապ-անցակետ։ Թույլ չի տալիս ել ու մուտ։ Արդեն յոթ ամսից ավելի սովի ճիրանները սեղմում են արցախցիներին։ Միջազգային կարմիր խաչի մեքենայից առևանգում են 68-ամյա հիվանդ տղամարդու։ Միջնադարյան ինկվիզիցիայի համառությամբ խարույկ են վառել բոլոր մարդասեր հոգիներում։ ԿԽՄԿ-ն շփոթահար և անզոր նայում է փակ անցակետի երախին։ Եվս մի լացակումած անտեր։
Արդարադատության աստվածուհի Ֆեմիդան կրկնակի, եռակի, քառակի, հարյուրակի ժապավեններով փակում է փակ աչքերը, չտեսնելու ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի վճռի հանդեպ Ադրբեջանի կողմից արհամարհական, ոտնահարող, ձեռառնոցի վերաբերմունքը։ Խեղճ Ֆեմիդա։ Ոճիրը կա, պատիժը՝ ոչ, դատը կա, դատաստանը՝ ոչ։
Եռակողմ հանդիպումները (ԵՄ, Հայաստան, Ադրբեջան, ապա Ռուսաստանի և հետո ԱՄՆ-ի մասնակցությամբ) ավարտվում են, և Ալիևը շարունակում է նույն հայատյաց ոճով, նրա հրամանով կրակում են Արցախի ու Հայաստանի սահմաններին ու դիրքերին, հողագործների վրա։ Նա իբր խաղաղության ջատագով է, սակայն միևույն պահին Բաքվի պետական հեռուստատեսությունը ֆիլմ է ցուցադրում Արևմտյան Ադրբեջանի մասին, որը իրականում Հայաստանի մասին է։ Ո՞նց հավատալ այս երկերեսանի քաղաքականությանը, որի վարպետ-դաստիարակն է Թուրքիան, հանրահայտ հայոց ցեղասպանության անպատիժ իրագործողը։ Սպառնալիքների, ոտնձգությունների ու ռեալ կրակոցների մեթոդով իրենց բնիկ օջախներից փորձում են դուրս մղել արցախցիներին և հետո անցնեն Հայաստանին։ Աշխարհի բաց աչքերի առջև է բեմադրվում այս տրագիկոմեդիան, մեզ համար՝ ողբերգություն, մյուսների համար՝ կատակերգություն։ Սուտը, խաբեությունը, անտարբերությունը գիշանգղի պես պտտվում են այս տարածքների վրա։
Բարության նկատմամբ չարի այս լպիրշությունը, հավատացած եմ, թույլ չեք տա մտնի ձեր տողերի մեջ, իսկ եթե մտնի՝ վերջում խիստ կպատժվի։
Սակայն իրական աշխարհում Ֆեմիդան ևս մի ժապավեն է կապում աչքերին՝ չտեսնելու Արցախի 120.000 բնիկների, որոնց մեջ 30.000 մանուկների, 2000 հղիների չարչարանքի տեսարանները։ Երեխաները, որ Աստված տա՝ ծնվեն, ի՞նչ են ճչալու այս արդարադատության, այս աշխարհի և գրողների, հատկապես մանկագիրների ականջներին, երևի սա՝ անխիղճ ղեկավարներին մարդ լինելու կարճ ու պարզ ճանապարհ ցուցանեք, հանուն արևի տակ սիրով ապրելու հավատի։ Որևէ տիրան լսի, թե չլսի, Ֆեմիդայի պես գրողը չպետք է աչքերը և ականջները փակի, միամիտ համոզվածությամբ՝ մեկ է, բարին կհաղթի չարին։
Աշխարհի հարգարժան գրչընկերներ, եկեք միասին փրկենք ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ԵԽԽՎ-ի և այլ միջազգային կազմակերպությունների, երկրների ու լրագրողների, հատկապես մանկան պես լացակումած ԿԽՄԿ-ի արժանապատվությունը։
՝
ԷԴՎԱՐԴ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության նախագահ