Լրահոս
Օրվա լրահոսը

Զբոսաշրջային ոլորտը կարգավորվում է․ ոլորտում աշխատելու համար միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման պահանջ է ներդրվում

Օգոստոս 07,2023 14:28

Զբոսաշրջային ոլորտում նախատեսվող օրենսդրական փոփոխություններն ապահովելու են ոլորտում արդար մրցակցությունն ու սպառողների իրավունքների պաշտպանությունը։ Այս մասին այսօր «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեցին ոլորտի մասնագետները։

Կառավարությունը օգոստոսի 3-ի նիստում հավանություն է տվել օրենսդրական փաթեթին։

Ըստ այս օրենսդրական փոփոխության՝ քաղաքացիների սպառողական իրավունքների պաշտպանության նպատակով նախատեսվել է զբոսաշրջային փաթեթների պարտադիր անհետկանչելի ֆինանսական երաշխիք։ Ինչպես նաեւ սահմանվել է, որ զբոսաշրջային օպերատորների, զբոսաշրջային գործակալների, հյուրանոցային ծառայությունների, զբոսավարների եւ ուղեկցորդների գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա գործունեության տեսակ, ինչպես նաեւ զբոսավարներն ու ուղեկցորդները պետք է որակավորվեն, զբոսաշրջային ավտոբուսների համար էլ նախատեսվել է կամավոր որակավորման հնարավորություն։

Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի քաղաքականության վարչության պետ Անահիտ Մկրտչյանն ասաց, որ ներդրվելու է միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման համակարգ, բացի այդ, սպառողների եւ տուրօպերատորների միջեւ կնքվող պայմանագրերում նախատեսվում է սահմանել նվազագույն դրույթներ։

Զբոսաշրջության ոլորտում ներգրավվածները պետք է ծանուցեն էկոնոմիկայի նախարարությանը, որից հետո, եթե սահմանված չափանիշներին համապատասխանեն, ստանան որակավորում, ապա զբաղվեն տվյալ գործունեությամբ։ Իսկ եթե չծանուցեն, ապա ինչպես Անահիտ Մկրտչյանն ասաց, ապա կենթարկվեն պատասխանատվության անօրինական ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար։

Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ հավելեց՝ ծանուցման այս մեխանիզմը շատ նման է լիցենզավորման գործընթացին․ «Պետք է համապատասխանեն օրենքով սահմանված չափանիշներին, հաշվառվեն, ստանան այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը։ Սրա արդյունքում ոլորտում ներգրավվածները բերվելու են բաց ու թափանցիկ աշխատելու դաշտ։  Այսօր ոլորտում բարեխիղճ բիզնեսի կողքին կան ոչ բարեխիղճները, որոնք նույնիսկ որպես բիզնես գրանցված չեն, հարկ չեն վճարում, ցածրորակ  ծառայություններ են մատուցում՝ վնասելով թե՛ երկրի վարկին, թե՛ ոլորտում ներգրավված մյուս օպերատորների վարկին։ Օրենսդրական այս փաթեթը հավասար եւ առողջ մրցակցային պայմաններ է ստեղծելու»։

Օրենսդրական այս փոփոխությամբ նախատեսվում է ստեղծել էլեկտրոնային գրանցամատյան, որի միջոցով, ըստ Մկրտչյանի, կարելի է ստուգել, թե տվյալ օպերատորն արդյոք ծանուցված է։

«Գործող օրենքով պայմանագրի չկնքման դեպքում վերահսկողական մեխանիզմ չկա, միակ բանը, որ սպառողը կարող է անել, դատարան դիմելն է։ Այժմ ծանուցման մեխանիզմով պարտադիր պահանջ է ունենալ պայամանագիր եւ հստակ դրույթներ։ Այս դեպքում վերահսկողական մեխանիզմներ կլինեն, որոնք իրականացնելու են  ՏԻՄ-երը։ Խախտումների դեպքում սահմանվում է տուգանք, կասեցում կամ գործունեության դադարեցում»,-ասաց Մկրտչյանը։

Նրա ներկայացմամբ՝ սպառողի հետ կնքվող պայմանագրում պարտադիր պետք է նշվեն պայմանագրի չեղարկմանը վերաբերող դրույթները՝  ինչ պայմանով կարող է չեղարկվել, որ դեպքում, չեղարկման դեպքում տուգանքի չափ սահմանվո՞ւմ է, թե՝ ոչ։

2024 հունիսի 30-ից ուժի մեջ կմտնի զբոսաշրջային գործունեության սուբյեկտների նկատամամբ երաշխիքի պահանջը, իսկ մյուս դրույթները 2025 թվականից։

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031