Քիչ առաջ ՀՀ ԱԳՆ-ին «Բացում» քաղաքացիական նախաձեռնության համակարգողները ներկայացրին դիմում՝ հրատապ կարգով տրամադրել այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, երկրներին։
Նախաձեռնության հակամարգող Նարեկ Այվազյանը ՀՀ ԱԳՆ-ի դիմաց անցկացված պիկետի ժամանակ հայտարարեց․ «Հաշվի առնելով, որ «Բացման» նպատակն է բացել կենսական ճանապարհը ՀՀ-ի և Արցախի միջև մարդկանց ու ռեսուրսների անվտանգ և հուսալի փոխանակման համար, ստեղծել երաշխիքներ ճանապարհի անխափան և անժամկետ աշխատանքի համար, պաշտպանել մարդու համընդհանուր իրավունքները և կանխել ճանապարհի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար աղետը՝ դիմում ենք հրատապ կարգով տրամադրել այն փաստաթղթերը, որոնք ուղարկվել են միջազգային կառույցներին, պետություններին, ՄԱԿ-ի ԱԽ-ին, ԵԽ-ին, ԵԱՀԿ ՄԽ-ին, ԵԽԽՎ-ին, ՄԻԵԴ-ին, Հաագայի միջազգային դատարան, ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանա, Չինաստան Արցախի շրջափակումը և հումանիտար աղետը կանխելու նպատակով, պաշտպանելու և վերադարձնելու հուլիսի 29-ին Ստեփանակերտից Երևան եկող բուժառու ՀՀ քաղաքացի Վագիֆ Խաչատրյանին, որը առևանգվել է Ադրբեջանի կողմից, պաշտպանելու և վերադարձնելու օգոստոսի 1-ին առևանգված Հին Շենի բնակիչ Ռաշիդ Բեգլարյանին»։
ԱԳՆ-ի դիմաց նախաձեռնության կողմից իրականացվող պիկետն ուղեկցվում էր «Արցախ քեզ հետ ենք» կարգախոսով։
Նարեկ Այվազյանը նախաձեռնության անունից նշեց․ «Եթե կառավարության գործողությունները հանդիպումներով ու քննարկումներով չեն սահմանափակվում, ապա հարկ է, որ դրանց մասին ներկայացվեն փաստաթղթեր, որոնք կապացուցեն, որ ամեն կերպ դիմել են միջազգային կառույցներին և գերտերություններին, որ կանխեն աղետն ու պաշտպանեն Արցախին։ Եկեք պահանջենք կառավարությունից, կառավարական ուժից փոխել կործանարար ընթացքը, որի համար իրենք քվե չեն ստացել, այլ ստացել են քվե Արցախի ինքնորոշման պաշտպանության համար, ՀՀ քաղաքացու անվտանգ երաշխավորման համար, պահանջենք, որ Արցախի շրջափակման անհապաղ վերացման համար դիմեն ՄԱԿ անվտանգության խորհրդին համապատասխան ընթացակարգով կատարելու Հաագայի միջազգային դատարանի վճիռը։ Իրենք պարտավոր են գիտենալ, որ իրենք իշխանություն չեն, իրենք վարչակազմ են, իշխանությունը պատկանում է հայ ժողովրդին։ Իրենց աճպարարությունները խլում են կյանքեր, առողջություն ու պետականություն»։
Կարդացեք նաև
Նարեկ Այվազյանը նաև շեշտեց՝ այս պահին չեն բարձրացնում իշխանափոխության հարց, քանի որ դա իրենց նախաձեռնության նպատակների մեջ չէ․ «Մեր անդամներն ունեն տարբեր քաղաքական հայացքներ, և մենք վհուկների որսով, դավաճանների, ազգափրկիչների հայթայթմամբ չենք զբաղվում, այլ հույս ունենք իրավիճակի վրա ազդել և մեր հայրենակիցների կողքին կանգնել»։
Այս պահին նախաձեռնության անդամները շարժվում են դեպի ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատուն։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ