Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը ԵՄ-ին Արցախի շրջափակումը վերացնելու և մարդու իրավունքները գործնական միջոցներով պաշտպանելու կոչ են արել

Օգոստոս 07,2023 11:38

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսը համատեղ բաց նամակ են հղել Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելին՝ խորը մտահոգություն հայտնելով Արցախում ադրբեջանական շրջափակման արդյունքում ստեղծված հումանիտար իրավիճակի վերաբերյալ, ընդգծելով միջազգային պատասխանատվության անհրաժեշտությունը՝ ստիպելու Ադրբեջանին կատարել Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումները ու Լաչինի միջանցքը բացելու միջոցով դադարեցնել Արցախի շրջափակումը։

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի գլխավոր քարտուղար Ջերի Փիլայի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար Յորգեն Սքով Սորենսենի կողմից ստորագրված գրությամբ նաև մանրամասն ներկայացվում է Արցախի ադրբեջանական շրջափակման արդյունքում տեղում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ինչը դրսևորվում է սննդի, դեղորայքի, էլեկտրականության և վառելիքի մատակարարումների դադարեցմամբ՝ վատթար ազդեցություն ունենալով 120․000 մարդու, այդ թվում երեխաների կյանքի և կենսապայմանների վրա։ Էկումենիկ կազմակերպությունների գլխավոր քարտուղարները նաև հատուկ անդրադարձել են շրջափակման արդյունքում մարդու հիմնարար իրավունքների շարունակապես ահագնացող խախտումներին։ Նրանք Ադրբեջանին և խնդրում ներգրավված միջազգային դերակատարներին կոչ են արել անհապաղ ապահովել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների անարգել անցումը, Արցախի ժողովրդի կարիքների բավարարմանն ուղղված մարդասիրական օժանդակության ապահովումը։ Գրության հեղինակները Եվրոպական միությանն ու ողջ միջազգային հանրությանը կոչ են արել գործուն միջոցներով վերացնել Արցախի շրջափակումը և պաշտպանել մարդու հիմնարար իրավունքները։ Էկումենիկ գործիչները հույս եւ համոզմունք են հայտնել, որ կայուն խաղաղությունը կարող է ձեռք բերվել միայն բանակցություններում շահագրգիռ բոլոր կողմերի անկեղծ հանձնառության առկայությամբ, որոնք լրջորեն են վերաբերվում մարդու բոլոր իրավունքներին և հիմնարար ազատություններին՝ հիմնված փոխադարձ վստահության և հարգանքի վրա:

Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղարների՝ Ժոզեպ Բորելին ուղղված բաց նամակի ամբողջական տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ:

ՀՅԴ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031