«Առավոտի» հետ զրույցում հանրային գործիչ, «Բերդ» ՀԿ անդամ Արփի Թոփչյանն ասում է, որ առկա պայմաններում Ստեփանակերտ-Բաքու «բանակցությունը» Արցախին ոչինչ չի տալու, ընդամենը լուծելու է էթնիկ զտումների մեղքը Արցախի հայության պարանոցին փաթաթելու հարցը:
-Տիկին Թոփչյան, ինչպե՞ս եք գնահատում Արցախի եւ Հայաստանի շուրջ տեղի ունեցող զարգացումները, ՀՀ իշխանության քաղաքականությունը։ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախը ներառյալ։ Եվ նրա թեզն այն է, որ այդպիսով իբրեւ կարողանալու է պահպանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29.8 քկմ տարածքով։ Նա անգամ արցախցիներին կոչ արեց մատաղ չանել Հայաստանի ինքնիշխանությունը։ Սա այն դեպքում, երբ Ալիեւը բացահայտ հավակնություններ է ներկայացնում նաեւ ՀՀ տարածքի նկատմամբ։
-Արցախի եւ Հայաստանի Հանրապետության շուրջ զարգացումներն աղետալի են, եւ իրադարձությունների ընթացքը չբեկելու դեպքում այս ամենն ի վերջո ավարտվելու է հայկական պետականության կորստով: Արցախի հարցը ինքնուրույն հարց չէ, այն Հայկական հարցի, իմա` հայկական քաղաքական գործոնի լինելիության կարեւոր բաղադրիչն է: Արցախը նաեւ Հայաստանի անվտանգության համակարգի պարտադիր բաղադրիչն է: Առանց Արցախի հնարավոր չէ ապահովել Սյունիքի անվտանգությունը: Առանց Արցախի եւ Սյունիքի հայկական պետությունը որեւէ արժեք չունի աշխարհաքաղաքական գործընթացներում: Սրանք են իրապես հայկական շահերի ապահովմանը միտված ցանկացած քաղաքական օրակարգի հիմնական կետերը: Ինչ վերաբերում է Արցախը զոհելով՝ ՀՀ ինքնիշխանությունը պահելուն, դա բացահայտ հակաքաղաքական եւ հակապետական թեզ է, որովհետեւ սեփական իրավունքներից հրաժարվելը ոչ ոքի ինքնիշխանություն չի տալիս: Թշնամին բացահայտ հավակնություններ ունի ՀԽՍՀ տարածքի նկատմամբ եւս, եւ վաղը կպարզվի, որ հանուն «ինքնիշխանության» հարկավոր է զիջել Սյունիքը, Տավուշը, Գեղարքունիքը եւ այսպես շարունակ:
-Բերձորի միջանցքում ադրբեջանական անօրինական անցակետի տեղադրման հետեւանքով ոչ միայն Արցախն է հայտնվել շրջափակման մեջ, այլ արդեն մարդկանց են առեւանգում այդ անցակետում։ Սա կանխելու համարժեք քայլեր չկան իշխանությունների կողմից։ Ի՞նչ պետք է անել, ի՞նչ հնարավորություններ կան այսօր՝ Բերձորի միջանցքը բացելու, ստեղծված իրավիճակը փոխելու համար։
Կարդացեք նաև
-Ստեղծված իրավիճակի անմիջական պատասխանատուներից է Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը լեգիտիմացրել է Ադրբեջանի՝ Արցախի դեմ բռնի ուժ կիրառելու իրավունքը: Հատվածական լուծումներ այսօր չկան: Թե ճանապարհը արգելաբացելու, թե ստեղծված աղետալի վիճակը փոքրիշատե շտկելու միակ այլընտրանքային տարբերակը չհանձնվելու քաղաքական օրակարգի ձեւակերպումը եւ ապահովումն է: Հնարավոր լուծումները կան, ընդ որում՝ թե քաղաքական, թե ռազմական տարբերակներով, բայց լուծումների մասին խոսելն ավելորդ է քաղաքական կամքի բացակայության պարագայում:
-Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը, որին կողմ է արտահայտվում նաեւ միջազգային հանրությունը, դուք որքանո՞վ եք իրատեսական համարում, ընդհանրապես ի՞նչ կտա դա Արցախին՝ հաշվի առնելով Բաքվի քաղաքականությունը։ Այս համատեքստում հիշեցնեմ, որ օրերս Բաքուն հրաժարվեց մասնակցել ԱՄՆ միջնորդությամբ բանակցություններին։
-Ստեփանակերտ-Բաքու երկխոսությունը ներկա օրակարգի պայմաններում թե Հայաստանի Հանրապետության իշխանությունների, թե այսպես կոչված՝ միջազգային հանրության համար սեփական դեմքը փրկելու եւ պատասխանատվությունն իրենց վրայից գցելու նպատակ ունի: Ադրբեջանը հստակ ներկայացրել է իր օրակարգը, իր մոտեցումները եւ քանի դեռ չկա իրական դիմադրություն, շարունակելու է Արցախը վերջնական կլանելու իր հետեւողական քաղաքականությունը: «Չի կարելի բանակցել նրանց հետ, ովքեր եկել են քեզ սպանելու», Գոլդա Մեիրի այս խոսքերն առավել քան բնութագրում են Ստեփանակերտ-Բաքու երկխոսության էությունը: Առկա պայմաններում «բանակցությունը» Արցախին ոչինչ չի տալու, ընդամենը լուծելու է էթնիկ զտումների մեղքը Արցախի հայության պարանոցին փաթաթելու հարցը: Բանակցությունները արդարացված են որպես ժամանակ շահելու միջոց` իրական դիմադրություն կազմակերպելու գործընթաց սկսելու դեպքում:
-Հայ ժողովրդի անելիքը ո՞րը պետք է լինի։ Այս օրերին շատ է հնչում տեսակետ, որ պետք է համախմբվել։ Ինչո՞ւ չկա այդ համախմբումը։
-Հայ ժողովուրդը բավական աբստրակտ է հնչում եւ կոլեկտիվ անպատասխանատվության տարր ունի իր մեջ: Ես կձեւակերպեի այսպես. հայության գիտակից եւ պետականության արժեքը գիտակցող շերտը պարտավոր է հստակ տալ իրավիճակի գնահատականը, արձանագրել Հայաստանի իշխանությունների կողմից տարվող հակահայկական քաղաքականությունը, հայկական քաղաքական օրակարգը ձեւակերպել ու, հենվելով այդ օրակարգի վրա, դառնալ պետական քաղաքականությունը իրագործողը: Միայն այդ դեպքում համախմբումը հնարավոր կդառնա, այնպես, ինչպես եղավ 1988-ին:
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.08.2023