Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ամբողջ մի կյանք շարունակելու ենք ապրել աշխարհում, որտեղ նա չկա». հերոսի քույր

Օգոստոս 07,2023 12:30

Լույս է տեսել 44-օրյա պատերազմում հերոսացած Արտակ Սարգսյանին նվիրված, նրա քրոջ հեղինակած «Որ չկորչի պատերազմում» գիրքը: Արտակը ծնվել է 2001թ. փետրվարի 23-ին ՌԴ Կալուգա քաղաքում։ 2007 թվականին առաջին դասարանը հաճախել է Մոսկվայի «Անգելովսկայա» միջնակարգ դպրոցում, որից հետո ընտանիքով տեղափոխվել են Հայաստան։ 2008-2016 թթ. հաճախել է Աշտարակի Պերճ Պռոշյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցը, այնուհետեւ կրթությունը շարունակել է Նորայր Սիսակյանի անվան թիվ 5 ավագ դպրոցում։ Հաճախել է «Թումո» կենտրոն, ճանաչվել է «Լավագույն ուսանող»։ 2018 թվականին «FLEX» փոխանակման ծրագրում հասել է մինչեւ վերջին փուլը։ Խաղում էր շախմատ, կարդում էր բազմաթիվ գրքեր, լսում ռոք երաժշտություն։ Երազում էր հնէաբան եւ խուզարկու դառնալու մասին։

Ցանկանում էր իր սեփական համակարգչային խաղը ստեղծել, աշխարհին արդարություն բերել, ճանապարհորդել։ Հետաքրքրված էր պարկուրով, սպորտով, լեզուներով, տիեզերքով, ֆիզիկայով, ծրագրավորմամբ, երաժշտությամբ, հին աշխարհի պատմությամբ ու արտասահմանյան գրականությամբ։ 2019 թ. ընդունվել է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նույն թվականի հուլիսի 21-ին զորակոչվել է ՀՀ Զինված ուժեր եւ ծառայության է անցել Արցախում՝ Մարտակերտում։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի ընթացքում կռվել է Մարտակերտում, Մատաղիսում, Մարտունիում (Ճարտար)։ Զոհվել է հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը։ Հանգչում է Աշտարակի ընտանեկան գերեզմանատանը։ ԱՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» եւ «Մարտական ծառայություն» մեդալներով, Հայ-ռուսական կազակական գվարդիայի գլխավոր ատամանի հրամանով՝ «ՀՌԿԳ» բարձրագույն մեդալով։

Ներկայացնում ենք մի հատված հերոսի քրոջ՝ Աննա Սարգսյանի հետ արվեստաբան, հրապարակագիր Արմինե Մելիք-Իսրայելյանի անտիպ հարցազրույցից:

– Սովորական նպատակներով, մարդկային երազանքներով ապրող աղջնակին ինչպե՞ս կբնորոշեր այսօրվա հերոսի քույրը եւ հակառակը, ինչպիսի՞ն էր Աննան մինչ պատերազմը… Գրքում նկարագրված կյանքը բոլորի նման ու բոլորից տարբեր քույր ու եղբոր մասին անքակտելի սիրո մի մեծ իրականության է առնչում ընթերցողին, համազգայակից մարդկային սիրո ամենամաքուր ակունքներին, 17-ամյա աղջնակի հասունության թռիչքն այնքան շնչակտուր է զգացվում, ասես մեկ կրակոցից ծնված, «ընդ եղեգան փող բոց ելաներ»-ի վահագնածնունդ լինի, որը տալու էր համաշխարհային գրականության նորագույն էջերի ամենաբարձր չափանիշներին հարիր գրական գործ:

– 17-ամյա Աննային հենց այդպես էլ կբնորոշեի` սովորական նպատակներով, մարդկային երազանքներով ապրող աղջնակ: Ես սիրում էի իմ սովորական կյանքն ու ինձ բավական էր ընտանիքս աշխարհում ամենաերջանիկը լինելու համար, թեպետ այն ժամանակ էլ դժվարությունների միջով էինք անցնում: Եղբայրս ծառայության մեջ էր, հետեւաբար, տանը ծնողներս ու ես էինք ու երբ մայրս սրտնեղում էր որեւէ առիթով, ասում էի` «Տես` ի՛նչ Արտակ ունենք սահմանին, մտածելու բան կա՞»: Համաձայնվում էր` «Գա, ամեն ինչ իր տեղը կընկնի»: 2020 թվականին ընդունվեցի ԵՊՀ, եւ անվճար համակարգով պիտի սովորեի «Անգլերեն լեզու, ֆրանսերեն լեզու եւ հաղորդակցություն» բաժնում: Երբեք չեմ մոռանա Արտակի ուրախության ու հպարտության չափը, երբ հայտնեցի այդ մասին: Ինչպես գրքումս եմ գրել` «Պատերազմը շրջեց նրանց կյանքը անփորձ խոհարարի պես»: Հիմա սովորում եմ Ֆրանսիական համալսարանում, այնտեղ, որտեղ եղբայրս էր ընդունվել արդարության հետքերով գնալու համար: Ես մարքեթինգի ուղղությունն ընտրեցի. պատերազմից հետո ինձ համար արդարության հետքեր չկան:

– Ինչպե՞ս ծնվեց գրքի գաղափարը, դա կարո՞տն էր, պարտքի զգացո՞ւմ էր, Արտակին ձեր կողքին ապրեցնելու տարբերա՞կ էր: Գիրք պատերազմի մասին, նրա երկփեղկված կյանքի մասին, հայ զինվորի ապրած խաղաղ կյանքի ու պատերազմական թոհուբոհի մեջ դրսեւորված կերպարի հոգեբանական խորքի ու շերտ առ շերտ բացվող իրականության մասին, անկեղծ, անաչառ, ես կասեի՝ առանց ցավազրկման, բաց երակ պեղելու պես մի ընթացք, ուր գիտակից, բանական մարդու զգայարանները երբեմն կարող են տեղի տալ:

– Փոքրուց սիրել եմ ստեղծագործել, ժամանակին, սակայն, միայն բանաստեղծություններ էի գրում, չէի պատկերացնում` մի օր իմ գիրքը կունենամ: Գրքի վրա որպես հեղինակ անունս տեսնելու ցանկությունը որքան մեծ, այնքան էլ աղոտ էր: Նոյեմբերի մեկին, երբ ստացանք Արտակի զոհվելու մասին բոթը, մորս կողքին նստած` մխիթարանքի խոսքեր էի փնտրում (մեկը լիներ, ինձ մխիթարեր): Հասկացա` չեմ գտնի: Հետո «բարձրաձայն մտածեցի»` Արտակի մասին գիրք ու «Արտակ» կնվիրեմ մի օր: Երկրորդի համար չեմ շտապում, իսկ առաջինը առաքելություն դարձավ: Մնում էր հասկանալ` գիրքը որտեղից սկսել եւ ուր գնալ, որովհետեւ եղբորս մահը որքան էլ թվում է նրա կյանքի պատմության վերջը, իրական վերջ չկա վշտի դեպքում, մենք ամբողջ մի կյանք շարունակելու ենք ապրել աշխարհում, որտեղ նա չկա: Այդ ամենին զուգահեռ, սակայն, հստակ գիտեի, որ Արտակի մասին պատմել է պետք, ու բոլորին է պետք: Գրքով, թե առանց, Նրան հետ չեմ բերի:

– «Պատերազմին պակաս էր մի գիշեր ու մի քանի ժպիտ։ Երկու զինվոր խնամքով լվանում էին իրենց զինվորական համազգեստներն ու մաքրում կոշիկները։ Վաղը կիրակի էր. կարող էին մեկ ժամ ուշ արթնանալ, մեկ-երկու ժամով դուրս գալ, խոսել տնեցիների հետ, գիրք կարդալ կամ ֆիլմ դիտել, բայց մի ուրիշ երջանկություն էր հոգիներում. շնորհակալական նամակ էին ստանալու՝ բարեխիղճ ծառայության համար։

– Ախպե՜ր, տենաս՝ ի՞նչ պիտի լինի, որ չտան շնորհակալականները։

-Եսի՞մ։ Շատ-շա՛տ պատերազմ սկսվի…

Բանակում մտքի ու հոգու մարդիկ գտնելը միանգամայն տարբեր է քաղաքացիական կյանքի ընթացքից։ Այստեղ ընկեր գտնելը ընկեր կորցնելու պես դժվար է… Պատերազմում, թվում է, ցանկացած բան կարող է քեզ փրկել՝ քարը, նռնենին, աղոթագիրքը, մարմինը վահան դարձրած՝ կողքիդ կռվող ընկերդ կամ բախտը։ Այդպես է, որովհետեւ մահը բումերանգի պես ճակատից ճակատ է վազում»: Սրանք գրքիցդ էին: Եղե՞լ են միստիկ զգացողություններ գրքի ստեղծման ճանապարհին, եղբորդ հոգեւոր ներկայությունը զգացե՞լ ես:

– Առանց չափազանցությունների ու պաթոսի` Արտակի ներկայությունը զգում եմ միշտ, գիրքը գրելու ընթացքը եւս բացառություն չէր: Հիմա, երբ ետ եմ նայում այդ գործընթացի արագությանը, պատմությունների տրամաբանական հաջորդականությանը, գրքի համառոտությանն ու բովանդակությանը, դեռեւս շարունակում եմ զարմանալ. չգիտեմ` ինչպես արեցի: Վստահաբար, չէի կարողանա, եթե Արտակը չօգներ, թեպետ սկզբում շատ «տանջեց» իր հասցեին հնչող գովասանքները տանել չէր կարողանում: Երեւի զգաց, որ շատ եմ ուզում, օգնության հասավ, օգնեց ցավը սիրուն նկարագրել, գրքի մեջ դնել Իր շունչը, կյանքն ու երազանքները եւ, իհարկե, իմ սերն Իր գոյի հանդեպ: Այսպիսին, ինչպես գրքում՝ «Նկարագրելու համար Արտակի աչքերը՝ կարիք կլինի մի քանի հատոր բառարան փորփրել, բառերն առանձնացնել ու որոշները թարգմանել մեռած լեզուներից։ Կապույտ էին, տեղ-տեղ մոխրագույն ու բաց կանաչ եւ այդ գույների խառնուրդն ավելի արտահայտիչ էր թվում իր սեւ մազերի շնորհիվ։ Ոչ թե հայելի էին, այլ՝ պատուհան, որով կարող էիր մուտք ունենալ դեպի նրա ամենամութ անկյունները, ուր ամեն կողմից խավարին հաղթող լույս կար»:

– Գրքի վերնագիրը մի ամբողջ սերնդի հանդեպ պարտքի զգացում առաջացնող շեշտադրում ու կոչ ունի իր բովանդակային իմաստի մեջ, ինչպես ծնվեց վերնագիրը…

– «Որ չկորչի պատերազմում» գրքի նպատակի մասին, երբ հարցնում են վերնագիրն առաջին բանն է, որ գալիս է մտքիս: Հաճախ հարցնում են նաեւ, թե կոնկրետ ինչը չկորցնելն եմ նկատի ունեցել, իսկ ես կարծում եմ, որ ընթերցողն ինքը պիտի դա գտնի: Որ չկորչի հենց Ինքը` Արտակը: Ինչ վերաբերում է վերնագրի ստեղծմանը, եւս խորհրդանշական ստացվեց: Երբ պատերազմի մասնակից մեկ այլ Արտակի պատմեցի գրքի նպատակն «իմ բառերով», առանց երկար մտածելու այդ տարբերակն առաջարկեց: Ընտրելու ոչինչ չմնաց…

«Հայրենիքն այն չէ, որտեղ ծնվել է մարմինդ, այլ այն է, ուր ծնվում է հոգիդ. Արտակի մարմինը Ռուսաստանում, իսկ հոգին Հայաստանում էր ծնվել… Հողի համար թանկ վճարեցին նրանք, ովքեր առանց դրա էլ վաստակել էին խաղաղությունը՝ ամեն ինչից ու ամենքից շատ։ Հերոսացրին բոլորին, սակայն հերոսացան եզակիները։ Ամեն հերոս տեսել է պատերազմ, բայց ամեն պատերազմ տեսած հերոս չէ, որքան էլ՝ ցավոտ հնչի։ Կռվի դաշտում հերոսը չի կարող քաղաքացիական կյանքում հերոս չլինել. չէ՞ որ նրանք այդպիսին դարձան իրենց ընտրած ճանապարհով, ոչ ուժային համեմատությամբ։ Հերոսանալը հեքիաթ է թվում, որովհետեւ սխրանքները երբեք մինչեւ վերջ չեն կարող պատմվել, որովհետեւ կան բաներ, որոնց մասին ամենահարազատներն անգամ չեն իմանա, որովհետեւ զոհվելը հերոսանալու բազմաթիվ ձեւերից միայն մեկն է։ Հերոսության գինն իմացողները երբեք չեն ուզում այդպիսին լինել»:

– Ինչպիսի՞ն էին արձագանքները, հատուկ մոտեցում պատկան մարմինների կողմից եղե՞լ է: Գրքի տարածման համար ի՞նչ քայլեր են արվել եւ ո՞ւմ կողմից:

– Գիրքն ավարտին հասցնելն արդեն իսկ ոգեշնչող էր, զգում էի` մեծ գործ եմ արել: Մինչեւ տպագրությունը չէի պատկերացնում` ինչպիսին կլինի, ինչ տեսք ու զգացողություն կունենա: Մինչ օրս հիշում եմ երկու ընկերուհիներիս եւ իմ արձագանքը, երբ արդեն պատրաստի գիրքը մեր ձեռքերի մեջ առանք: Զգույշ էի այնքան, ասես նորածնի էի գրկում: Այդ ժամանակ դեռ չէի հավատում, որ մեծ տարածում կունենա ու կդառնա շատերի ոչ միայն գրասեղանի, այլեւ հոգու անբաժան ընկերը: Հավերժ շնորհակալ եմ լինելու բոլոր նրանց, ովքեր որեւէ կերպ իրենց մասնակցությունն ունեցան այս կարեւորագույն գործում, որոնցից էր նաեւ գրքի դրամահավաքը: Տպագրությունից օրեր անց կազմակերպեցի շնորհանդեսը. ապրումների իսկական տեղատարափ էր: Գրքերի մեծ մասը հենց այդ օրն էլ սպառվեց, հետո հրավերներ ստացա տարբեր տեղերից` Հայաստանի Հանրային Ռադիոյից` Ավետ Բարսեղյանի հաղորդմանը, Արագածոտնի մարզային գրադարանից, Երեւանի պետական տեխնոլոգիական քոլեջից, ուսումնական կենտրոններից, ինչպես նաեւ մեր համալսարանից, երբ հյուրընկալել էինք Ֆրանսիայի Ռոն-Ալպմարզի նախագահ պարոն Լոքիեին: Պատկան մարմինների կողմից որեւէ հատուկ մոտեցում, եւ առհասարակ, մոտեցում չի եղել, ամեն ինչ արել եմ ինքնուրույն: Իսկ եթե խոսենք նրանից, թե ինչպես կարող ենք գրքի մեսիջները հասցնել մարդկանց, եւ մասնավորապես` նոր սերնդին, կարծում եմ` ցանկություն ու կարեւորն անկարեւորից տարբերելու ունակություն է պակասում: Ես շատերին գիտեմ, ովքեր դեռ չեն կարողանում ընթերցել գիրքը այն պարզ պատճառով, որ «սցենարի» ավարտն ակնհայտ է եւ, շատ մեղմ ասած, ոչ այնքան հաճելի. խոսքս սրա մասին չէ: Շատերի մոտ իսկապես անտարբերություն է տիրում, ինչը ցավեցնող է: Նման դեպքում դժվարանում եմ ասել` որեւէ բան փոխելը հնարավոր լինի: Այստեղ գրքի փիառի հարց չի կարող լինել, սա ոչ բիզնես է, ոչ էլ իմ կարիերայի հերթական փուլ: Ուզում եմ` ճանաչեն Արտակին: Այդքանը: Դրա համար գրքից բացի, այլ ավելի հարմար տարբերակ չկա: Գիրքը տիեզերք է, եւ ոչ պաթետիկ մտքերի մի փունջ: Պարզապես կարդացեք գիրքը:

Հարցազրույցը՝

Արմինե ՄԵԼԻՔ-ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031