Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիան էլ շահագրգռված է Իրանի հետ փոխհարաբերությունները բարելավել՝ այսօրվա դրությամբ իր պայմաններից ելնելով»

Օգոստոս 07,2023 13:30

Ըստ իրանագետ Էմմա Բեգիջանյանի՝ այն, որ Իրանից հայտարարում են, թե աջակցում են ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին, դա ավելի շատ դիվանագիտական հաճոյախոսություն է։

«Դա ավելի շատ դիվանագիտական հաճոյախոսություն կարող եմ անվանել։ Հիմա Ադրբեջանի հետ իրենց փոխհարաբերությունները մեղմացել են, ուրեմն այդպես են խոսում, թեպետ ոչ մի ուղերձ դրանում մեզ համար չպետք է փնտրենք։ Իրանը միշտ էլ բարեկամական, հարցերը բանակցություններով լուծելու կողմնակից է»,-«Առավոտի» հարցին՝ ի՞նչ ուղերձ է Իրանը հղում՝ ասելով, որ աջակցում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին, այսպես պատասխանեց իրանագետ Էմմա Բեգիջանյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանաանին հայտարարել էր՝ Իրանն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների նոր փուլին:

Էմմա Բեգիջանյանը հիշեցրեց՝ Իրանը հայտարարել է, որ ՀՀ-ի սահմանների փոփոխությունն իրենց կարմիր գիծն է. «Ժողովրդական լեզվով ասած՝ Ադրբեջանը շատ աքլորացավ, կարծես ամեն ինչ կարող է անել, Իրանի վրա ձայն բարձրացնել, Իսրայելն է նաեւ նրան թեւ տալիս, Թուրքիան որոշ չափով։ Բայց Իրանը ցույց տվեց, որ չի նահանջելու իր պահանջներից, եւ Ալիեւն ինքը ստիպված նահանջի քայլ արեց, սկսեց բարեկամական հարաբերություններ։ Իրանն էլ, եթե Ալիեւը մեղմանում է, իրենք էլ ընդառաջ են գնում դրան, բայց դա ոչինչ չի նշանակում»։

Մեր հարցին՝ երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարում էր, թե այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքը» խնդիր է ոչ թե Հայաստանի, այլ Իրանի հետ, դրանից հետո տեսանք Իրանի կոշտ ու հստակ արձագանքը, այս առումով այժմ ինչ-որ բան փոխվե՞լ է, Էմմա Բեգիջանյանը պատասխանեց. «Քանի որ Էրդողանը շատ խնդիրներ ունեցավ՝ անվտանգային եւ տնտեսական, Ադրբեջանի նահանջի քայլն էլ հենց դրանով է պայմանավորված։ Ադրբեջանը անկախ երկիր չէ՝ Թուրքիայի վիլայեթ, Թուրքիայի կցորդ։ Թուրքիան էլ շահագրգռված է Իրանի հետ փոխհարաբերությունները բարելավել՝ իր պայմաններից ելնելով այսօրվա դրությամբ։ Դրա համար Թուրքիան էլ լռել է։ Թուրքիան իր ներքին խնդիրներից ելնելով է լռել, մյուս կողմից՝ գիտի, որ արդեն երկու կողմի համար էլ  պարզ է, որ Իրանը զիջման չի գնա։ Իրանի միակ խնդիրը Հայաստանն է։ Իրենց մամուլի վերլուծությամբ կա այն մտայնությունը, որ գուցե Հայաստանն առանց Իրանին տեղյակ պահելու նման քայլի դիմի, նրանք փաստի առաջ կկանգնեն։ Բայց չեմ կարծում՝ այդպես լինի, քանի որ վերջերս հենց Հայաստանն էլ է դա շեշտում, որ այդ միջանցքը չի լինելու»։

Հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի այցը Թեհրան, երբ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին հայտարարել էր, որ «Իրանը չի ընդունում աշխարհաքաղաքական որեւէ փոփոխություն, տարածաշրջանի երկրների սահմանների փոփոխություն եւ աջակցում է տարածաշրջանի բոլոր երկրների ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը»։ Իրանագետն այս առիթով ասաց. «Մեր բոլոր պաշտոնյաները, որոնք գնացել են Իրան, բոլորը տարբեր առիթներով միշտ շեշտել են, որ իրենք դեմ են սահմանների փոփոխությանը, այսինքն՝ իրանցիներին վստահեցրել են։ Հիմա դրա շարունակությունն է։ Հիմնականում դա է։ Իմ կարծիքով՝ քննարկումը դա է, ուղղակի պետք է իրենք Հայաստանին հավատան։ Ինձ թվում է՝ Հայաստանի՝ այդ մասին շեշտելը հենց այդ նպատակն է հետապնդում, որ իրոք Հայաստանը թույլ չի տա։ Այսինքն՝ այցերն ընդհանրապես նկատելի արդյունքներ չեն ունենում, բայց բոլոր այցերն ու շփումներն ավելի դրական եմ գնահատում, քան հայտարարությունները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.08.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031