Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան․ «Մենք դեռ ունենք հնարավորություն պայքարելու, սովի չմատնվելու․ ոչ ոք իրավունք չունի սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը»

Օգոստոս 07,2023 00:40

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստան-Արցախ հարաբերություններին։

Նա ասել է, որ Հայաստանի իշխանությունների հետ ունեն շատ ակտիվ շփումներ, պարբերաբար, եթե ոչ ամեն օր, շփվում են․ «Խոսում ենք պրոբլեմների մասին, լինում են տարաձայնություններ եւ ամենակարեւոր տարաձայնությունը միշտ ղարաբաղյան խնդրի հետ է կապված: Ես ուզում եմ հորդորել Հայաստանի իշխանություններին զերծ մնալ այն քայլերից, հայտարարություններից, որը կարող է կասկածի տակ դնել Արցախի ինքնորոշումը: Շարժումը սկսվել է 1988 թվականին ոչ թե մարդու, ոչ թե ղեկավարի կամ իշխանության, այլ ժողովրդի կողմից, այն արտացոլվել է հանրաքվեներով, տարբեր հայտարարություններով եւ այն որեւէ մեկ մարդու մենաշնորհը չէ: Ուզում եմ հորդորել Հայաստանի  իշխանություններին Լեռնային Ղարաբաղի հարցով լինել շատ զգույշ։ Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու եւ սահմանափակելու մեր ինքնորոշման իրավունքը: Դա բացառիկ իրավունք է, որը չի տրվել իշխանությունների կողմից, այլ միջազգայնորեն ճանաչված է եւ այդ իրավունքի առումով պատրաստակամություն է հայտնել պայքարելու Արցախի ժողովուրդը, եւ որին սատար է կանգնում հայ ժողովուրդը»։

Հարությունյանի խոսքով՝  հայ ժողովուրդն այդ պատրաստակամությունը հայտնել է՝ հասկանալով, որ ունենալու է պատերազմներ, զրկանքներ․ «Այսօր էլ Արցախի ժողովուրդը կրում է զրկանքներ՝ գիտակցելով մի բան, որ սա իր իրավունքի համար  պայքարն է, որը սկսել է 1988 թվականին: Մենք պետք է գիտակցենք, որ կլինեն տարաձայնություններ, բայց համոզված եմ, որ ամեն ինչ հարթվելու է, ամեն ինչ չէ կորցված»։

Թե պաշարված Արցախն ինչ է ակնկալում հայությունից, Հարությունյանը նշել է՝ առաջին հերթին բարոյական աջակցություն, քանի որ Արցախում այս պայքարը պայքար է բոլորի համար, բոլորի փոխարեն, նպատակն է՝ փրկել Արցախը, այն պահել հայկական․«Ցույցեր անել, կոչեր եւ այլն։ Ամենակարեւորը՝ նաեւ նյութական աջակցություն ենք ակնկալում, քանի որ այսօր Արցախում զբաղվում են միայն հողագործությամբ»:

Արդյո՞ք պայքարի համար բավարար միջոցներ կան, եւ եթե պայքարը շարունակվելու է եւ իրավիճակը լարվելու է, ինչո՞ւ իշխանությունը նախապես չէր պատրաստվել, այս հարցին ի պատասխան Հարությունյանն ասել է՝ այս հարցազրույցի նպատակն այն է, որ Արցախի ժողովրդին ասի՝ Արցախի իշխանությունները ունենալով Արցախի ժողովրդի կարծիքը, տեսակետը, հայտարարում է, որ մենք առաջնորդելու ենք այդ պայքարը․«Այդ պայքարը ժողովուրդն է կարեւորում, եւ մենք պարտավոր ենք հարգել այն։ Մենք շարունակելու ենք ինքնորոշման պայքարը: Մեզ ասում են, որ մենք այդ 6-7 ամիսների ժամանակ կարող էինք ավելի պատրաստված լինեինք։ Այո, կարող էինք, բայց այսօր մենք կարտոֆիլի գծով ստանում ենք 5-6 հազար տոննա բերք, ցորենի գծով այնքան, որ թույլ է տալիս ձգելու, ունենալ ալյուր: Նույն բանջարաբոստանային հազարավոր տոննաներով ապրանքներ: Այսինքն՝ կառավարության նպատակը եղել է ոչ թե բերել, պահեստավորել, այլ՝ բերել, արտադրել, եւ այդ արտադրանքն է մեզ թույլ տալիս պայքարելու համար ունենալ գոնե նվազագույն սնունդը, ապրանքը։  Կարող է ասեն՝ բա ինչու այս ապրանքատեսակն այսքան ժամանակվա համար չեք նախատեսել։ Կարող է որոշ հաշվարկներում սխալվել ենք կամ չենք  պատկերացրել, բայց հենց կառավարության գործունեության արդյունքում մենք ունենք հնարավորություն դեռ պայքարելու, դեռ սովի չմատնվելու,  ունենալու նվազագույն սնունդը, որպեսզի պայքարը շարունակենք»։

Թե դեռ որքան պետք է դիմանա Արցախի ժողովուրդը եւ ինչի վրա է հույս դնում, ի պատասխան այս հարցի, Հարությունյանն ասել է՝ առաջիկայում ուղերձ է հղելու միջազգային հանրությանը, դերակատարներին՝ ակնկալելով ՄԱԿ-ի ԱԽ-ում հրատապ քննարկում, տարբեր այլ դերակատարների մասնակցություն, ճնշում Ադրբեջանի վրա․ «Այո, մենք դեռ չենք կորցրել մեր հույսը միջազգային ազդեցության առումով, դրա համար այս փուլում մեր պայքարը շարունակվելու է այդ հարթակներում եւ ակնկալում ենք՝ որոշակի հաջողություններ ունենալ»։

Հարցին՝ հանուն ինչի պետք է Արցախի ժողովուրդը դիմանա այդ զրկանքներին, Հարությունյանը պատասխանել է․«Հանուն մեր ապագայի, հանուն հայկական Արցախի, հանուն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի, հանուն մեր նահատակվածների։ Զրկանքները ժամանակավոր են եւ անցողիկ, իհարկե հետեւանքներ ունենում են, բայց ես չեմ ուզում, որ այդ փոքր հետեւանքները մեր գլխավոր նպատակը ստորադասի։ Դրա համար՝ հանուն Արցախի փրկության,  հանուն Արցախի ապագայի»։

Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031