Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեղադրանքին, թե ՀՀ-ից Արցախին տրամադրվող գումարները արդյունավետ չեն ծախսվում, որոշ տվյալներ է ներկայացրել։
Ըստ Հարությունյանի՝ 2023-ին Հայաստանի կողմից Արցախին տրամադրվել է 136 մլրդ դրամ, դրանից մոտ 52 մլրդ-ն ուղղվել է Հայաստանի բանկերի վարկերի մարմանը, որը ստանձնել է Հայաստանի կառավարությունը պատերազմից հետո՝ փրկելու ՀՀ բանկային համակարգը․ «Իհարկե, մենք շնորհակալ ենք, որովհետեւ այն վարկերը, որ տրամադրել է Հայաստանի բանկային համակարգն Արցախի տնտեսությանը, պետությանը, Հայաստանի կառավարությունը վերցրել է: Մենք այդ գումարներն ուղղում ենք միայն սոցիալական ուղղվածության: Մինչեւ շրջափակումը, 2022-ի շրջափակումը ունեցել ենք հարկային մուտքերի այնպիսի ցուցանիշ, որը հավասարվել էր 2019-ին: 2022-ին սեփական մուտքերը մոտ 46ւ մլրդ է եղել, եւ արդեն վերականգնվում էր Արցախի տնտեսությունը, բայց շրջափակումը ոչ միայն դադարեցրեց, այլ քանդեց մեր ամբողջ տնտեսությունը: Մենք պետք է հասկանանք, որ առանց Հայաստանի ու հայ ժողովրդի աջակցության եւ նաեւ միջազգային աջակցության, անհնարին է լինելու գոյատեւել: Չկա տնտեսություն Արցախում, բոլորը համարյա գործազուրկ են»։
Հարությունյանի խոսքով՝ պատերազմից հետո ներդրումային հիմնադրամը փոխառություն է տրամադրել 19 մլրդ դրամի, որից 12 մլրդ-ն միայն բնակարանային շինարարության համար.«Մոտ 5 հինգ միլիարդ տրել է երկրորդային շուկայից բնակարան ձեռք բերելուն՝ զոհվածների ընտանիքներին։ Այն ընկերությունը Ստեփանակերտում, որի հետ փոխկապացված եմ՝ նախկին գինու գործարանը, միայն պատերազմից հետո 1,5 տարվա գործունեության արդյունքում պետությանը վճարել է մոտ 900 մլն դրամ: Բարոյական չեմ համարել դրան անդրադառնալ, բայց այնքան են խոսում․․․Մենք չենք հասկանում, որ վարկաբեկելով իշխանություններին, կառավարության ղեկավարներին, արժեզրկելով նրանց դերը ընդհանուր այս իրավիճակում, դա հենց պետության կազմաքանդումն է: Ես պատրաստ եմ ցանկացած հաշվետվություն թափանցիկ ներկայացնել։ Այն հարկերով, որոնք վճարել են իմ կողմից ստեղծված ընկերությունները, շատ մեծ ծրագրեր են իրականացվել Ղարաբաղում։ Մենք անառակ զավակ չենք, շնորհակալ ենք»։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ