«Առաջին փուլում քննարկվում էր, թե երթուղին որտեղով պետք է ընթանա, Ադրբեջանն ուներ իր առաջարկությունը, Ռուսաստանն ուներ իր առաջարկությունը, բայց վերջում ընդունվեց մեր առաջարկությունը»,-այսօր Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով Լաչինի միջանցքի երթուղու փոփոխությանն ու Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, ըստ որի, այդ երթուղու փոփոխությունը Ստեփանակերտն իրականացրել է ինքնուրույն, ինչը փաստի առաջ է կանգնեցրել ՀՀ իշխանություններին։
Հարությունյանի ներկայացմամբ՝ այս երթուղու ընտրության նպատակն է եղել պահպանել մեր գյուղերը՝ Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը․«Եթե ընդունեինք այլ ճանապարհը, ապա կկորցնեինք այդ գյուղերը եւ բազմաթիվ այլ հիմնավորումներ ունենք, թե ինչու էր մեզ անհրաժեշտ հենց այս երթուղին։ Այսինքն ընդունվեց Ղարաբաղի առաջարկությունը եւ դա վերջում ընդունեց եւ ՀՀ-ն եւ ՌԴ-ն եւ Ադրբեջանը: Եվ Հայաստանը մինչ այդ մրցույթ էր հայտարարել, մինչ այդ նախագծային աշխատանքներ էր իրականացրել, այսինքն երթուղու առումով բոլորի կողմից կար ընդհանուր հասկացողություն եւ բոլորն ընդունել են։ Ժամկետի առումով․․․ չեմ ուզում հրապարակել իմ ունեցած փաստաթղթերը՝ համաձայնեցման եւ ժամկետի առումով եւ ՌԴ-ի, եւ ՀՀ-ի, եւ Ադրբեջանի։ Գնում էին բանակցություններ, որ պետք է լրացուցիչ համաձայնագիր ստորագրվեր, չստորագրվեց տարբեր պատճառներով։ Բայց ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարի նամակը ունեմ, որ օգոստոսի 5-ին ՌԴ խաղաղապահները ստիպված են լինելու թողնել նախկին ճանապարհը եւ տեղափոխել իրենց հենակետերը նոր երթուղի, դա ԼՂԻՄ-ի տարածքում էր եւ 5 կիլոմետրանոց միջանցքում։ Ինչու եմ ԼՂԻՄ ձեւակերպում, որովհետեւ ԼՂԻՄ-ի նախկին սահմաններում ռուս խաղաղապահները այլ կարգավիճակ ունեին, միջանցքում՝ այլ կարգավիճակ։ Այսինքն այսօրվա Արցախի Հանրապետության վերահսկողության տարածքում հենակետերը որտեղ են տեղակայվելու, միջանցքում որտեղ են տեղակայվելու։ Ընդամենը մեր խնդիրն է եղել՝ փրկել Աղավնոյում, Բերձորում ապրող մեր հայերի կյանքը։ Մենք բանակցել ենք, խնդրել ենք եւս 20 օր, որպեսզի այդ 20 օրում կամրջից այն կողմ գոնե ունենանք անցնող ճանապարհ, որպեսզի շրջափակման մեջ չընկնեին օգոստոսի 5-ից։ Ընդամենը այդ 20 օրն ենք խնդրել, մնացած առումով մենք որեւէ այլ որոշում չենք կայացրել»։
Հարությունյանն ասել է, որ երթուղու փոփոխությունը ստորագրված է երեք ղեկավարների կողմից․ «Այսինքն, մենք չենք ստորագրել երթուղու փոփոխությունը եւ շրջափակումը չկապենք երթուղու փոփոխության հետ»:
Արցախի նախագահը նաեւ ասել է, որ վերլուծություններ է ընթերցում, որտեղ գրում են, թե Արցախի իշխանությունները ժամանակին պետք է այլընտրանքային ճանապարհ ստեղծեին կամ այլընտրանքային ճանապարհով հոսանքի, գազի գիծ ապահովեին․«Մենք հասկանում ենք, չէ՞, որ ցանկացած ճանապարհով, երթուղով ունենալով գազի կամ էլեկտրականության գիծ, նույն հնարավորությունն ուներ Ադրբեջանը զրկելու մեզ մատակարարումից։Մեղադրել՝ չհասկանալով ինչում են մեղադրում, շահարկում են սա։ Ադրբեջանի շրջափակումը՝ ճանապարհի, գազի, հոսանքի, որեւէ կապ չունի, թե ինչ տարածքով է այն հասնում Ստեփանակերտ»։
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ