«Մեր պատասխանը Բաքվին մեր առօրյա աշխատանքն է, ոչ թե կազմալուծում ենք, այլ հակառակը՝ մենք փորձում ենք այս ծանր իրավիճակում շարունակել մեր պարտականությունները, որոնք ստանձնել ենք Սահմանադրությամբ»,-այս մասին այսօր Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ի պատասխան հարցի՝ Ադրբեջանը պահանջում է կազմալուծել Արցախի պետական ինստիտուտները, ո՞րն է պաշտոնական Ստեփանակերտի պատասխանը։
Մեկ այլ հարցի էլ՝ Բաքուն մեղադրում է, որ ժողովուրդը ցանկանում է հպատակվել Ադրբեջանին, բայց իշխանությունը խանգարում է, Արցախի իշխանությունը լեգիտիմ չէ, Հարությունյանը պատասխանեց․ «Բաքուն մեզ մեղադրում է, որ ժողովուրդն ունի այլ կարծիք, մենք խանգարում ենք, կան քաղաքական ուժեր Հայաստանում՝ մանավանդ, որոնք փորձում են մեզ մեղադրել Ադրբեջանի քաղաքականությունն իրականացնելու առումով։ Մեզ համար երկուսի նպատակն էլ նույնն է՝ քանդել Արցախի իշխանություններին, քանդել Արցախի ինստիտուտները։ Ցանկացած կենսական որոշում Արցախում պետք է լինի կոնսենսուսային: Այսօրվա իմ հարցազրույցի նպատակներից մեկն է՝ Արցախի ժողովրդին ասել, հավաստիացնել, երաշխավորել, որ ցանկացած որոշում, որը վերաբերում է Արցախի ապագային, կենսական շահերին, մեր ինքնորոշման իրավունքին, որոշումները կայացվելու են կոնսենսուսով: Վերջին օրերին եղել են առաջարկություններ, լայն քննարկումներ եմ իրականացրել եւ շարունակելու եմ քաղաքական դերակատարների հետ, խորհրդարանական եւ արտախորհրդարանական ուժերի, նախկին նախագահներ եւ այլն: Բոլորի մոտ նույն տեսլականն է Արցախի ապագայի առումով։ Նորից ուզում եմ վստահեցնել՝ ցանկացած որոշում, որն իրականացնելու է Արցախի նախագահը, պետք է բխի մեր ժողովրդի շահերից, եւ ընկալելի ու ընդունելի լինի Արցախի ժողովրդի համար»։
Ռուս խաղաղապահների գործունեության մասին էլ ԱՀ նախագահն ասել է՝ մեծ է խաղաղապահների դերը, որը կանխում է շփման գծում սրացումները․ «Պարտավոր ենք շնորհակալ լինել, բայց մյուս կողմից էլ՝ գլխավոր խնդիրը, որը Լաչինի միջանցքն է, խաղաղապահները չեն կատարում իրենց պարտավորությունը։ Դրա համար բազմաթիվ նամակներ եմ ուղղել ՌԴ նախագային, խնդրանք, կոչ։ Բայց ունենք այն, ինչ ունենք։ Ինձ թվում է, սա նաեւ հետեւանք է ռուս-ուկրաինական պատերազմի։ Ռուսաստանի արտաքին բլոկը մեղադրում է Հայաստանի իշխանություններին, կոնկրետ վարչապետին, որ դա հետեւանք է ՀՀ վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման։ Հայաստանը մեղադրում է Ռուսաստանին, որ դա եռակողմ հայտարարության կետերից մեկն է, որն անկախ իրավիճակից՝ Ռուսաստանը պետք է կատարի։ Երկուսն էլ իրականությանը մոտ են։ Բայց կա մի բան, որի մասին չեն խոսում, դա այն փակուղին է, որն առաջացել է ՀՀ-Ադրբեջան ենթակառուցվածքների վերագործարկման կամ նորերի կառուցման առումով, որն Ադրբեջանը օգտագործում է եւ ճնշում գործադրում Արցախի ժողովրդի նկատմամբ»։
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ