Ի՞նչ է Ստեփանակերտին առաջարկում արեւմտյան հարթակը եւ ի՞նչ է առաջակում Ռուսաստանի Դաշնության հարթակը․ ի պատասխան այս հարցին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է՝ առաջին փուլում որեւէ առաջարկություն չեն անում, փորձում են ձեւավորել այդ երկխոսությունը եւ թողնել թեմաները հանդիպման ընթացքում․ «Իհարկե, այստեղ Ադրբեջանը հաստատ ունի իր օրակարգը, պահանջները, մենք էլ ունենք մեր օրակարգը, մեր իրավունքներից ելնելով՝ մեր առաջարկությունները։ Դրա համար կոնկրետ օրակարգ չի քննարկվել»։
Գուցե հայկական կողմի մեղքն է, որ շրջափակումից ի վեր ավելի շատ խոսեցինք հումանիտար աղետի մասին, այսօր էլ ասում ենք հումանիտար աղետ է, ոչ թե ճգնաժամ, Բաքուն էլ առաջարկում է լուծում՝ դե եթե հումանիտար խնդիր է, ինչո՞ւ անպայման Բերձորի միջանցքով, հումանիտար օգնությունը կարելի է բերել Աղդամով, Ստեփանակերտն էլ դրան դեմ արտահայտվեց։ Լրագրողի այս դիտարկմանն ի պատասխան Հարությունյանն ասաց՝ հումանիտար աղետը Ադրբեջանի իրականացրած քաղաքականության հետեւանքն է, դրա համար էլ ասում ենք՝ համակենտրոնացման ճամբար ենք։
«Ցանկացած առաջարկություն, որն ուղղված է մեզ, պետք է առաջին հերթին լինի մեր արժանապատվության շրջանակներում, լինի միջազգային մարդասիրական նորմերի, կանոնների համաձայն: Ցանկացած կենսական նշանակություն ունեցող առաջարկության կամ որոշման դեպքում, մենք պետք է ունենանք կոնսենսուս, որը պետք է արտահայտի մեր ժողովրդի տրամադրությունները»,-ասել է ԱՀ նախագահը։
Նա նաեւ նշել է, որ արեւմուտքը ջանք գործադրել է 3-րդ երկրում Բաքու-Ստեփանակերտ հանդիպում կազմակերպել․«Մեր պատասխանը դրական է եղել, մանավանդ, որ դա մոտ էր միջազգային ձեւաչափին, Ադրբեջանը հրաժարվել է նաեւ այդ ձեւաչափից: Ադրբեջանի հրաժարվելուց հետո հարցը մնացել է օդում կախված»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Նելլի ԲԱԲԱՅԱՆԸ