Հատված Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի քարոզից
«Արթնանալու ժամն է, Աստծո առջև կանգնելու ժամն է։
Մեր Տերը ցույց է տալիս ճանապարհը․ կրակով պիտի սրբեք ձեր շրթունքներն ու կյանքը և այդպես գնաք Իմ առջևից, և Ես կլինեմ ձեր Աստվածը, և ձեր երկիրը կլինի շեն և ոչ լքված ու ավերակ։
Եվ ասում է պատասխանատվության մասին, երբ հարցնում էր մարգարեին՝ ո՞ւմ ուղարկեմ։ Ոչ թե չգիտեր, թե ում ուղարկի, այլ հարցնում էր՝ տեսնելու համար, թե որքան է հանձնառությունը մարգարեի մեջ։ Ու մարգարեն ասում է՝ ինձ ուղարկիր, ահավասիկ՝ բացարձակ պատասխանատվություն կրելով։
Եվ թող ամեն մարդ Աստծո առջև այդպես մտածի՝ ասելով՝ ահավասիկ ես, ինձ ուղարկիր, ոչ նրան, ոչ մյուսին, այլ ինձ՝ սրբված շուրթերով ու սրտով, ոչ կեղծիքով ու խաբերությամբ։
Մեր կոչումն է, ժողովուրդ ջան, ուրիշի ձեռքերում չի, սարերից այն կողմ չի, ծովերից այն կողմ չի, ձեր ձեռքերում է։ Ձեր ձեռքերում է և՛ կյանք տալը, և՛ սպանելը։
Ես չեմ սպասում այն մարդկանցից, ովքեր ուրացել են դա, այլ ես սպասում եմ, ինչպես մեր Տերն ասում է՝ հայ ժողովրդի մնացորդացից, նրանք, ովքեր չեն վախենալու ասել՝ ահավասիկ ես, ո՜վ Տեր, ուղարկիր ինձ»։
Կարդացեք նաև