Լրահոս
Օրվա լրահոսը

Արայիկ Հարությունյան․ «Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից ու շարունակել պատերազմը»

Օգոստոս 06,2023 22:02

«Արցախն այսօր մի մեծ համակենտրոնացման ճամբար է, որտեղ Ադրբեջանն իրականացնում է ցեղասպանություն։ Պատահական չէ, որ օրեր առաջ ես դիմել եմ Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օքամփոյին՝ փորձագիտական կարծիք հայցելով։ Հիմա արդեն ունենք նախնական եզրակացություն, որ սա ցեղասպանություն է»,-այսօր Արցախի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

Արցախում, ըստ ԱՀ նախագահի, դեղորայքի լուրջ պակաս կա, դեղատներում արդեն կյանքը փրկող դեղատեսակների սղություն կա և շուտով ընդհանրապես չեն լինի, տարբեր քրոնիկ հիվանդությունների բարդացման ու մահվան դեպքերի աճը շարունակվում է․ «Օրինակ՝ արյան շրջանառության համակարգի հիվանդություններից մահվան դեպքերը առաջին կիսամյակում աճել են մոտ երկու անգամ։ Խոցելի են հատկապես հղիները, երեխաները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք,որոնց առողջական վիճակը վատթարանում է թերսնուցման, սթրեսների եւ այլ պատճառներով»։

Հարությունյանի խոսքով՝ օրեր առաջ Արցախը հայտարարվել է աղետի գոտի՝ ակնկալելով, որ միջազգային հանրությունը հումանիտար աջակցություն կցուցաբերի, ինչպես աղետի պայմաններում իրականացնում է բոլորի համար․ «Հայաստանն առաջինն է արձագանքել այդ հայտարարությանը եւ հումանիտար բեռով մեքենաների շարասյունը օրեր շարունակ կանգնած է Հակարի կամրջի մոտակայքում, իսկ Ադրբեջանն արգելում է այդ ապրանքների, առաջին անհրաժեշտության սննդամթերքի ներկրումը Արցախի Հանրապետություն»։

ԱՀ նախագահի ներկայացմամբ՝ Արցախում տասնյակ հազարավոր մարդիկ  զրկվել են եկամտի աղբյուրից, նրանց պետք է փոխհատուցում տրամադրվի, տնտեսությունը քայքայվել, որի վերականգնման համար տասնամյակներ են պահանջվելու․ «Այսինքն՝ մենք, իրոք, ականատեսն ենք ցեղասպանության եւ այդ առումով քայլեր պլանավորում ենք»։

Թե ինչու այդպես ստացվեց, նախագահն ասել է՝ նախ 1992-1994 թվականին Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, քառօրյայի ժամանակ ինքնուրույն ունեցավ հաջողություն, իսկ 2020 թվականի պատերազմն այլ էր, Ադրբեջանին աջակցում էր Թուրքիան, այլ պետություններ էլ օժանդակում էին,  իսկ Ղարաբաղը մեն-մենակ էր, իհարկե, Հայաստանի հետ միասին, բայց հիմնական հարվածը ստացավ Արցախը․«Դրա համար ունեցանք մեզ համար ոչ լավ արդյունքներ եւ ծնվեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը։ Պատերազմի արդյունքներից ելնելով այն մեզ հուսադրում էր, որ ունենալով այն երաշխիքները, որ առկա են՝ տարածք՝ Լեռնային Ղարաբաղ ձեւակերպմամբ, շփման գիծ, անխափան  կապ Հայաստանի հետ, դա այն  հենման կետն էր, որ պետք է ապահովեր հետագա մեր ինքնորոշման իրավունքի պայքարի առումով»։

Նրա խոսքով՝ ԱՀ իշխանությունները վստահում էին հայտարարության տակ ստորագրություններին, եւ սկսեցին Արցախի վերականգնումը, եւ սկզբում արվում էր այն ամենը, որպեսզի ապահովվեր տրված երաշխիքները․«Փոխվեց ռուս-ուկրաինական պատերազմից հետո, Ադրբեջանն օգտվելով Ռուսաստանի վիճակով, փորձում էր ստիպել մեզ հրաժարվել եռակողմ հայտարարության կետերով մեր ստանձնած իրավունքներից եւ երկխոսության գնալ իրենց առաջարկած օրակարգով․ «Դրանից հետո մեր կողմից բազմաթիվ նամակներ, խնդրանքներ առաջին հերթին ՌԴ ղեկավարին, ՀՀ իշխանությանը,  միջազգային դերակատարներին, եւ այն, ինչ այսօր տեղի է ունենում, մենք զգուշացրել ենք մեկ տարի առաջ։ Մեկ տարի առաջ մենք խոսում էինք, որ Ադրբեջանը սկսել է ցեղասպան քաղաքականություն։ Ինչո՞ւ այսպես եղավ։ Ադրբեջանն ուզում է հրաժարվել եռակողմ հայտարարությունից ու շարունակել պատերազմը, սա պատերազմի շարունկությունն է»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031