Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաք Թեհրանում ի պաշտպանություն արցախահայության

Օգոստոս 06,2023 21:42

Իրանահայ մի խումբ միությունների նախաձեռնությամբ Թեհրանի հայոց «Րաֆֆի» համալիրի «Մասիս» դահլիճում հանրահավաք է տեղի ունեցել ի պաշտպանություն յոթամսյա շրջափակման ենթակա արցախահայության։ Իրանահայերի «Հայազդ» լրատվականի հաղորդման համաձայն հավաքը կազմակերպել էին «Միասնության Դաշինք» անունով հայտնի Իրանի Ազգային Մարզական և Մշակութային Միությունը, Հայ մարզա-մշակութային Րաֆֆի միությունը, «Սուրբ Մարիամ Աստվածածին» Բարեգործական կենտրոնը, Հայ Մշակութային Հասարակական ֆորումը, Աշխարհատեսների Հայկական Կենտրոնը և մի խումբ համայնքային գործիչներ։

Հոծ թվով հայեր մասնակցելով այս հավաքին իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Լեռնային Ղարաբաղի շրջափակման և Լաչինի միջանցքի փակման դեմ և դատապարտել են Ադրբեջանի պետության հակամարդկային արարքները։ Համահավաքին ներկա են եղել ԻԻՀ-ում Հայաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ, ԻԻՀ-ի Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ՀՀ-ում ԻԻՀ-ի մշակութային նախկին կցորդը, կովկասագետներ, փորձագետներ, համալսարանի դասախոսներ, լրագրողներ և համայնքային մարմինների ներկայացուցիչներ։

Կազմակերպիչ հանձնախմբի անունից ողջույնի խոսք և նախաբան է ասել Թեհրանի Ազատ Համալսարանի Հայագիտական ամբիոնի վարիչ դոկտոր-պրոֆեսոր Անդրանիկ Սիմոնյանը, ապա պարսկերեն լեզվով բանախոսել են Կովկասյան տարածաշրջանի փորձագետ պրոֆեսոր Մաջիդ Քարիմին,  Թեհրանի համալսարանին կից Կովկասագիտության հիմնադրամի վարիչ-տնօրեն դոկտ․ Ջաֆար Խաշեն և լրագրող Սերգեյ Բարսեղյանը։ Բանախոսներն անդրադարձել են Արցախում ստեղծված մարդկային աղետալի իրավիճակին և Ադրբեջանի կողմից Հայաստանի և Արցախի վրա գործադրվող անօրինական և միջազգային բոլոր դիվանագիտական օրենքներին հակասող քայլերին։ Ցուցադրվել է նաև տեսահոլովակ Արցախում հետպատերազմյան շրջանում և Լաչինի միջանցքի յոթամյա փակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին։

Համահավաքի ավարտին միջազգային իրավագետ Մարո Այվազյանը հրապարակել է պարսկերեն լեզվով բանաձև և պահանջել է Լաչինի միջանցքի շուտափույթ բացումը։ Բանաձևի եռալեզու տարբերակները (հայերեն, պարսկերն, անգլերեն) պետք է հղվի Իրանում ՄԱԿ-ի գրասենյակին, Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի կենտրոններին, Իրանում հավատարմագրված մի քանի երկրների դեսպանատներին, Իրանի պետական համապատասխան մարմիններին և իրանական ԶԼՄ-ներին։ Ներկաները բարձր են գնահատել Իրանի Իսլամական Հանրապետության հավասարակշռված քաղաքականությունը Արցախի հարցում և երկրի ղեկավարներից խնդրել են Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքի վերաբացման և մարդասիրական բեռների առաքման համար գործադրել իրենց տարածաշրջանային և միջազգային բարձր հեղինակությունը։

Տիգրան ԴԱՎՈՒԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031