Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանին պետք է պատասխանատվության ենթարկել մարդկության դեմ հանցագործությունների համար. Քերոլայն Քոքսի հայտարարությունը

Օգոստոս 06,2023 14:08

Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը միջազգային դերակատարներին կոչ է արել վերջ տալ Ադրբեջանի հանդեպ թողտվությանը, ինչի արդյունքում այդ երկիրը սովի և ցեղասպանության է ենթարկում արցախահայությանը:

«142 օր է, ինչ Ադրբեջանն ամբողջությամբ կամ մասնակիորեն դադարեցրել է գազամատակարարումն Արցախ, իսկ 180 օր է, ինչ էլեկտրաէներգիայի մատակարարումը ամբողջությամբ խափանվել է, որի հետևանքով էլ բազմաթիվ օբյեկտների ամենօրյա հոսանքազրկումներ և վթարային անջատումներ են արձանագրվում: Դպրոցները ստիպված են եղել փակվել սննդի պակասի պատճառով, իսկ տարածվող տեսանյութերը ցույց են տալիս խանութների դատարկ ցուցափեղկերի անչափ ցնցող կադրերը, երբ այդ ցուցափեղկերը պետք է լիարժեքորեն համալրված լինեին սննդով, դեղամիջոցներով և սարքավորումներով՝ ամենօրյա կարիքները սպասարկելու համար», – իրավիճակին է ծանոթացնում բրիտանացի խորհրդարանականը:

Հայտարարությունում բարոնուհի Քոքսն անդրադառնում է նաև թերսնման, ինչպես նաև դեղորայքի և բժշկական պարագաների պակասի պատճառով ստեղծված ծանր առողջապահական իրավիճակին, արձանագրում՝ տվյալներ կան, որ առաջացած դժվարությունների և սթրեսային մթնոլորտի ֆոնին վաղաժամ ծննդաբերության և մեռելածնության դեպքերը եռապատկվել են:

Հայ ժողովրդի բարեկամ քաղաքական գործիչը նաև փաստեր է ներկայացրել Ադրբեջանում առկա հայտյացության և ռազմատենչ տրամադրվածությունների բարձր մակարդակի հետ կապված՝ առաջ բերելով երկու ցայտուն օրինակ:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև. «Ես ասել էի, որ նրանց (հայերին) կվռնդենք, կվռնդենք, ինչպես շներին, և մենք վռնդեցինք նրանց, ինչպես շներին»:

Մետե Թուրքսոյ, ադրբեջանցի քաղաքական ակտիվիստի թվիթերյան գրառումը. «Լեռնային Ղարաբաղում կենդանի մարդ պետք է չմնա»:

Խորհրդարանականը խոսում է նաև Հայաստանի և Արցախի ժողովրդի հանդեպ տածած սիրո և հիացմունքի մասինё շեշտելով՝ իր համար մեծ պատիվ է, որ գրեթե 90 անգամ այցելել է պատմականորեն հայկական Արցախ: «Ես ականատես եղա 1990-ականների սկզբին Ադրբեջանի կողմից հայերի դեմ մղված պատերազմին և հայ բնակիչների խիզախությանը, որը հանգեցրեց նրանց ազատությանը՝ շարունակելու ապրել իրենց թանկարժեք հողում։ Նրանք ժողովրդավարության հաստատմամբ զարգացրել են իրենց քաղաքական ազատությունները և սատարել են բարձրորակ կրթության, առողջապահության, գյուղատնտեսության և մշակույթի ոլորտների զարգացմանը», – ընդգծում է Քոքսը:

Նրա խոսքով՝ չնայած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները բանակցություններ են վարում, Լեռնային Ղարաբաղի քաղաքացիները շարունակում են տառապել: Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը բոլոր անձանց, ովքեր մտահոգված են Արցախում կատարվող իրադարձություններով, կոչ է անում անել ամեն հնարավորը, որպեսզի Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի իր կողմից իրականացված մարդկության դեմ հանցագործությունների համար: Քոքսը եզրափակում է. «Ադրբեջանը պետք է պատասխանատվության կանչվի ներկա ճգնաժամի խաղաղ հանգուցալուծման համար, որի վերջնանպատակն է՝ երաշխավորել, որ արցախահայերը կարող են ազատորեն ապրել իրենց պատմական հողում»:

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031