Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ է Գյումրիում Նիկոլ Փաշինյանի տրիբունայի դիմաց «Դավաճան» ցուցապաստառը պարզած անձը

Օգոստոս 06,2023 12:44

Երեկ Գյումրիում Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության ժամանակ մի երիտասարդ «Դավաճան» գրությամբ պաստառ է պարզել այն տրիբունայի դիմաց, որտեղ նստած էին Նիկոլ Փաշինյանը, կառավարական մյուս հյուրերը։ Պաստառը հայտնվել է  սպորտային շքերթի ժամանակ Ստեփանակերտի մարզիկների բեմ բարձրանալու պահին։

Ի դեպ,  դա սպորտային շքերթի ամենահուզիչ պահն էր, մասնակիցներից շատերի համար անակնկալ էր․ հանդիսատեսը բուռն ծափահարություններ սկսեց՝ Ստեփանակերտ անունը լսելով։ Նման մի ոգևորություն էլ նկատվեց գլխավոր ջահը Արթուր Ալեքսանյանի կողմից վառելու պահին։

Իսկ ընդհանուր առմամբ, տիրող մթնոլորտը նկարագրելիս սխալված չենք լինի, եթե ասենք՝ չնայած Կրթություն, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի՝ անթերի, անզուգական  վարելուն, ամեն մի երկիր յուրովի ներկայացնելուն, հանդիսատեսի մոտ չկար նախկին ոգևորությունը՝ խենթորեն մարզիկներին երկրպագելը։ Հասկանալի է, որ Արցախում սկսված սովը ծանր է նստում մարդկանց ընդհանուր տրամադրության վրա։

«Դավաճան» գրությամբ պաստառը պարզած անձն արագ հեռացվել է ոստիկանների կողմից։ Երեկ աննախադեպ քանակով ոստիկաններ կային Գյումրի քաղաքում, հատկապես քաղաքային մարզադաշտի մոտակայքում, որտեղ Համահայկական խաղերի բացումն էր։

Տպավորություն էր, թե  մեր երկրի ողջ ոստիկանական համակարգը կենտրոնացած էր Գյումրիում։ Մարզադաշտ ներս մտնելն էլ ժամեր էր տևում, մարդկանց մոտից վերցնում էին ջրի շշերը, օծանելիքները, նոր ներս թողնում։

Գյումրեցի ընդդիմադիր գործիչ Կարապետ Պողոսյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ Նիկոլ Փաշինյանին ու նրա կառավարությանը դավաճան անվանած անձը  30 -ամյա Գոռ Մուրադյանն է՝ Արցախի հերոս։ Երիտասարդը մասնակցել է արցախյան երկու՝ քառօրյա և 44-օրյա պատերազմներին։ Երկար ժամանակ բնակություն է հաստատել Կուբաթլուի Երիցվանք գյուղում։  Տուն-տեղ կորցնելով՝ տեղափոխվել է Գյումրի։

Վերջինս, Կարապետ Պողոսյանի բնութագրմամբ, համեստ, հանգիստ ու հավասարակշռված անձ է,  ամուսնացած է, ունի մեկ զավակ։ Նա շատ է նեղված  հայրենիք կորցնելով, Արցախում տիրող իրավիճակից։ Ու դա պատճառ է հանդիսացել իր վերաբերմունքն արտահայտելու։

Կարապետ Պողոսյանի ասելով, նրան մարզադաշտից հեռացրել են սպիտակ սպորտային շորերով ոստիկանները, որոնք փաստացի եղել են առանց համազգեստի։

Ինչևէ, միջոցառման մասնակիցներից շատերի անտրամադիր լինելը նկատելի էր նաև նրանով, որ վերջիններս միջոցառման մշակութային հատվածին՝ սիրված երգիչների համերգային կատարումներին չմասնակցեցին։

Ելույթները սկսվելուն պես՝ սկսեցին լքել մարզադաշտը։

Առաջինը ելույթ ունեցավ Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ Իշխան Զաքարյանը, որին հաջորդեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կարճ ելույթը։ Այս երկու անձանց  ելույթների արանքում  համատարած  լքում էին մարզադաշտը։ Գուցե չէին ուզում լսել ելույթները կամ գուցե հոգնեցին․ փոքր-ինչ ցուրտ էր․ միջոցառումը նախանշված ժամից՝ 21․00-ից մոտ 40 րոպե ուշացումով սկսվեց։

Արայիկ Հարությունյանի ելույթին  հաջորդեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, որի ժամանակ արդեն ունկնդիրների թիվը մեծ չէր։

Մարզադաշտից դուրս գալն էլ բավական դժվար էր․ մեծ հերթեր էին առաջացել․ մեծ ավտոբուսները կայանել էին մարզադաշտի դիմաց՝ ամենայն հավանականությամբ մասնակիցներից շատերին մայրաքաղաք կամ այլ վայրեր տեղափոխելու․ Գյումրիում ամեն դեպքում հյուրանոցային սենյակների ու հյուրատների դեֆիցիտ կա։

Գյումրի քաղաքի կենտրոնում գիշերը ժամը 1-ից սկսած՝ աննկարագրելի աշխուժություն էր։ Աշխարհի տարբեր երկրներից եկած մեր հայրենակիցները, որոնցից շատերն առաջին անգամ էին Հայաստանում, անչափ ուրախ էին․ ակնհայտ էր, որ հայրենիքում գտնվելու ամեն մի վայրկյանն ուզում էին վայելել։ Մեզ տված հարցազրույցներում այնպիսի քնքշանքով էին խոսում հայրենիքի մասին՝ տպավորություն թողնելով, թե առաջին անգամ Հայաստան ոտք դնելով՝  դրախտավայրն են հայտնաբերել  երկրագնդի վրա։

Տարբեր պատվիրակությունների կողմից  ինքնակամ մշակութային միջոցառումներ կազմակերպվում էին Գյումրու տարբեր ռեստորաններում, փողոցներում, հյուրատներում․ մեր հայրենակիցները նշում էին հայրենիք վերադառնալը, այն տոնի էին վերածել։

Օրինակ՝ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող ռեստորանում ֆրանսիական պատվիրակությունը մուտք գործեց  ազգային պարային  կատարումով։

Հայրենաճանաչության, համայն հայության միասնականության ու համախմբման  իմաստով միանշանակ պիտի փաստել՝ Համահայկական խաղերը կատարել են իրենց  զգալի դերը, առաքելությունը։

Համահայկական խաղերին մասնակցում են սպորտային թիմեր աշխարհի 41 երկրներից, 179 քաղաքներից, սակայն այնպիսի տպավորություն էր, թե ներկա է ողջ աշխարհը ու չկա գեթ մի երկիր երկրագնդի վրա, որտեղ նշանավոր հայեր չբնակվեն։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031