ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում Համահայկական 8-րդ ամառային խաղերի բացման հանդիսավոր արարողությանը կարճ ելույթ ունեցավ ՝ նախ շնորհակալություն հայտնելով բոլոր մասնակիցներին երեկոյի հրաշալի մթնոլորտն ապահովելու համար։
«Ուզում եմ ընդգծել, որ այսօրվա այս տոնն առաջին հերթին ոգեկոչումն է մեր բոլոր նահատակների, որովհետև ի ցույց է դնում մեր կամքը, հայ ժողովրդի կամքը, Հայաստանի Հանրապետության կամքը՝ հաղթահարելու և ապրելու, զարգանալու և առաջ ընթանալու՝ ի հեճուկս բոլոր բարդությունների, դժվարությունների։
Եվ այս օրը մի նոր խորհրդանիշ է մեր հետագայի համար, մեր ապագայի համար, որովհետև մենք մտնում ենք պատմական մի շրջափուլ, որտեղ պետություն ունենալու մեր կամքը պիտի մնա անսասան։ Հայրենիքը պետություն դարձնելու և պետությունը հայրենիք ընկալելու մեր մտածելակերպը պիտի վերահաստատվի։
Ուզում եմ ողջունել աշխարհի տասնյակ երկրներից այսօր Հայաստան ժամանած մեր հայրենակիցներին, հատկապես նրանց, ովքեր առաջին անգամ են Հայաստանում, ովքեր առաջին անգամ են Գյումրիում։
Կարդացեք նաև
Եվ հույս ունեմ նրանք տեսնում են Գյումրիի նոր վերածնունդը, Հայաստանի երկրորդ քաղաքը վերածնվում և վերափոխվում է ամեն օր, և Հայաստանի Հանրապետությունը վերափոխվում է ամեն օր։
Ուզում եմ ընդգծել նաև, որ Հայաստանում նոր զարգացում է ապրում նաև սպորտը։
Պիտի արձանագրեմ, որ 2022 թվականին Հայաստանի մարզիկները գրանցել են պատմական աննախադեպ նվաճումներ Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում նվաճած ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով։ Բայց պիտի ուրախությամբ արձանագրեմ, որ Հայաստանի մարզիկներն Աշխարհի, Եվրոպայի առաջնություններում, միջազգային մրցաշարերում իրենց նվաճած մեդալներով արդեն իսկ հաղթահարել են նախորդ տարվա բացարձակ ռեկորդը, և սա համահայկական խաղերին կարևոր նվեր է Հայաստանի Հանրապետության մարզիկների կողմից։
Այսօր պիտի նաև արձանագրեմ, որ Հայաստանի Հանրապետությունում մեծ թափով զարգանում են մարզական ենթակառուցվածքները։
Գյումրիում կառուցվում է Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցը, բոլորովին վերջերս բացվեց Խորեն Հովհաննիսյանի անվան ֆուտբոլի մարզադպրոցը, կառուցվում է Սիմոն Մարտիրոսյանի անվան ծանրամարտի մարզադպրոցը, առաջիկայում կկառուցվի Ռոման և Մալխաս Ամոյանների անվան մարզադպրոցը Հայաստանի ամենամեծ եզդիաբնակ համայնքում՝ Ալագյազում։
Կկառուցվի Արթուր Աբրահամի անվան մարզադպրոցը և ընդհանրապես նորանոր մարզական ենթակառուցվածքներ, որովհետև սպորտը մեզ համար կարևորագույն նշանակություն ունի, սպորտն է, որ աշխարհի մարզական բարձրունքներում ի ցույց է դնում, բարձրացնում է Հայաստանի Հանրապետության պետական դրոշը, հնչեցնում է Հայաստանի Հանրապետության օրհներգը»։
Վարչապետը, հայտարարելով, որ Համահայկական 8-րդ խաղերը համարում է բացված, փառք տվեց նահատակներին։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ