Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք հաշիվ փակողն ենք լինելու այն դեպքում, երբ անգամ սեղանի շուրջ չենք էլ նստել․ Տաթև Հայրապետյան

Օգոստոս 05,2023 21:43

ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Արցախում ստեղծված իրավիճակն օր օրի ավելի է բարդանում: Հույս ունենալ, թե մի բան կփոխվի այն իրավիճակում, երբ ՀՀ իշխանությունը փաստացի ոչինչ չի անում, մեղմ ասած՝ միամտություն է: Այդ անգործության բարոյական կողմը դեռ մի կողմ թողնենք: Կարևոր է հասկանալ դրա քաղաքական կողմը: ՀՀ–ն իրեն դուրս է դրել Արցախի հետ կապված քննարկումներից: Փաշինյանը համարեց, որ ինքը մանդատ ունի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու համար, այն պայմաններում, երբ Արցախում ապրող հայերին էթնիկ զտման վտանգ է սպառնում, բայց մանդատ չունի ասելու, որ դուք չեք կարող խոսել Աղդամով ճանապարհի մասին, առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը: Ըստ «տրամադրության» մանդատի կիրառումը շատ մեծ վնաս է տվել Արցախին, բայց երկարաժամկետ առումով ոչ միայն Արցախին:

Արցախը «բեռ է», Արցախից են գալիս մեր «խնդիրները», այս և այլ թեզեր տարածողները, որոնց կնքահայրը Փաշինյանն ու իր թիմն են, անտեսում են այն պարզ ճշմարտությունը, որ Արցախն է Հայաստանին գործոն դարձրել: 90-ականների հաղթանակի շնորհիվ են Հայաստանին հարգել այն բանի համար, որ թույլ չեն տվել, որ 100 000–ից ավելի հայի դարձնեն մազապուրծ, այն բանի համար, որ կամավորագրվել են, զենք վերցրել, ծանրություն կրել, բայց մարդկանց չեն թողել ոչնչացնել ու հայրենազրկել: Հիմա դրա հակառակն է՝ Հայաստանը խիստ մտահոգված դիտորդի դերում է ընդամենը: Ըստ Փաշինյանի քարոզի՝ մեղավոր են անխտիր բոլորը, բայց դե ոչ ՀՀ իշխանությունները:

Փաշինյանն ու իր թիմը մի բան չեն հաշվարկել, այս ամենն ի վերջո դառնալու է մեծ խնդիր հենց Հայաստանի համար: Երբ դու քեզ համար կենսական հարցը թողնում ես այլոց դաշտում, երբ դու թույլ ես տալիս, որ որոշումներ կայացնեն՝ առանց քո կարծիքն իսկ հարցնելու, վաղ թե ուշ ոչ միայն Արցախի, այլև հենց ՀՀ-ի հետ կապված հարցերն են որոշվելու առանց մեզ, ուղղակի առևտուր են անելու մեր հաշվին, արդեն անում են: Մենք հաշիվ փակողն ենք լինելու այն դեպքում, երբ անգամ սեղանի շուրջ չենք էլ նստել:

Հայաստանի ղեկավարությունը ունակ չի իրեն հասուն մարդու պես պահի, ունակ չի սխալներ ընդունի, հասկանա, որ չի կարողանում ելքեր գտնել, հասկանա, որ օգնության ու խորհուրդների կարիք ունի, հասկանա, որ վտանգում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի գոյությունը: Թեև շատ մեծ հարց է դեռ, ունակ չի, թե չի ուզում դա հասկանալ:

Կա՞ն լուծումներ: Այո, կան, դրանք շատ չեն ու լավն էլ չեն առանձնապես, բայց կան միջին որակի լուծումներ, կան քայլեր, որոնք անելու դեպքում շատերի խաղաքարտերը կարող են խառնվել: Կան գործողություններ, որոնք կօգնեն իրավիճակից դուրս գալ: Բայց դրա համար պետք է համարձակություն, պատասխանատվություն ստանձնելու ունակություն ու պետական շահի գիտակցում: Դրանց բացակայությունն էլ մեզ դնում են ծանր իրադրության մեջ: Ինչ-որ պահի հաստատ ուշքի կգանք, մնում է այդ պահը շատ չուշանա, որովհետև ամեն հաջորդ օր ավելի բարդ է դառնում մեզ համար:
«Թախտին նստած բախտին սպասողի» վիճակից դուրս գալ է պետք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031