Գյումրու քաղաքային մարզադաշտում քիչ հետո կմեկնարկի Համահայկական 8-րդ ամառային խաղերի պաշտոնական բացման արարողությունը։
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած սպորտային թիմերն ու հյուրերն արդեն իսկ իրենց երկրների ցուցանակները պարզած` սպասում են հանդիսավոր միջոցառմանը։
Շիրակի ֆուտբոլային ակումբի բակում կայանած է շտապօգնության մեքենան, մեծ թվով ոստիկաններ տարածքում հսկողություն են իրականացնում։
Կարդացեք նաև
Սիդնեյի բասկետբոլային թիմի անդամներից մեկը` 19-ամյա Արիսը, որն առաջին անգամ է Հայաստանում, ասաց` շատ է սիրել հայրենիքը։ Մյուս տարի ևս պարտադիր կգա։ Տանը տատիկի ու պապիկի հետ հայերեն է խոսում, Սիդնեյ վերադառնալիս` իր հետ կտանի խաչքար, կոնյակ։
Քաղաքային մարզակումբ մուտքը հրավիրատոմսերով է, նրանց, ում հրավիրատոմս չի հասել, հնարավորություն է տրվել իրադարձությանը հետևել Վարդանանց հրապարակում տեղադրված մեծ էկրաններից։
Հիշեցնենք, որ Համահայկական խաղերին մասնակցում են սպորտային թիմեր աշխարհի 41 երկրներից, 179 քաղաքներից։ Գյումրին այսօր հյուրընկալել է 11 հազար հյուրի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ