Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Դավիթ Տոնոյանից ահագին ցածր օղակներ արդեն պատերազմի մասին խոսում էին, դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, որ նման բաներ են արտահայտում»․ Մարտին Եսայան

Օգոստոս 05,2023 19:49

«Ես չգիտեմ՝ գուցե իրար հետ պայմանավորվել են, որ պետք է այդպես արտահայտվեն։ Բայց ամեն դեպքում ոչ թե երեք օր, այլ արդեն սեպտեմբերի սկզբին բոլորին ակնհայտ է եղել, որ հակառակորդն անցնելու է հարձակման»,-Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք ՀՀ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունները, թե իրենք չգիտեին, որ մասշտաբային պատերազմ է լինելու և Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ սեպտեմբերի 27-ից 2-3 օր առաջ գիտեին պատերազմի մասին, այսպես պատասխանեց ազատամարտիկ, ռազմական փորձագետ Մարտին Եսայանը։

Նա պնդեց՝ բոլոր այդ մոտեցումները կային թե′ հետախուզության կողմից, թե′ ուրիշ ծառայությունների կողմից։ Հարցին՝ հետևաբար Դավիթ Տոնոյանի այս հայտարարությունն ի՞նչ ուղերձ ունի, Մարտին Եսայանը պատասխանեց․ «Որպես նախկին ՊՆ նախարար ինքը խուսափում է իր պատասխանատվությունից։ Որպես ՊՆ նախարար՝ իր ղեկավարման ժամանակ բանակը պարտություն է կրել, հիմա ուզում են պատասխանատվությունից խուսափել, սխալվում են։ Բոլորն էլ տեղյակ են եղել, անխտիր բոլորը տեղյակ են եղել՝ թե′ ԱԱԾ-ն, թե′ հայոց ազգային բանակը, թե′ ԱԱԾ բոլոր այլ ծառայություններ։ Եթե Դավիթ Տոնոյանից ահագին ցածր օղակներ արդեն դրա մասին խոսում էին, նույնիսկ Տավուշում կատարված դեպքերից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարը ելույթ ունեցավ ու հայտարարեց՝ եթե այսպես շարունակվի, ոչ կլինի հայոց բանակ, ոչ հայոց երկիր, ու արդեն ես ինքս որոշ մարդկանց հետ հավաքվում էինք․ օգոստոսի սկիզբն էր, մենք ասում էինք, որ պատերազմն անխուսափելի է։ Կային հատուկ ծառայություններ, որ զեկուցում էին նախարարություններին։ Դա ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, որ նման բաներ են արտահայտում»։

Մարտին Եսայանը չցանկացավ գնահատական տալ Դավիթ Տոնոյանի հայտարարություններին ու ասաց․ «Որպես ՊՆ նախարար, որ ինքը կազմակերպված ղեկավարի կողմից գործուղման հղվեց և շատ ուրիշ ճանապարհներ, դրանք բոլորովին տանում են  այլ ուղղությամբ, որ պետք է պարտվեինք։ Կարծես ամեն ինչ ծրագրված էր։ Բոլորս էլ գիտեինք, որ շատ բաներ ծրագրված են եղել։ Մարտնչել ենք, դիմակայել ենք, պայքարել ենք, բայց շատ բաներ շատ տեղեր ուղղակի ծրագրված էր եղել։ Որպես ՊՆ նախարար՝ ինքը շատ ուրիշ բաներ է արտահայտում, բայց չի կարելի նման կերպ արտահայտվել։ Եթե ինչ-որ բաներ կան քո մեջ, գոնե դա մի հանրայնացրու, քանի որ բոլորը տեսնում, լսում են։ Այդ ամենը ՊՆ նախարարը կատարել է Նիկոլ Փաշինյանին համահունչ։ Կա մոտեցում, որ իբր իրենց 2020-ին պատերազմի ժամանակ չեն զեկուցել, Նիկոլ Փաշինյանն ասում է։ Բայց նա չարաչար սխալվում է։ Ամեն ինչ էլ զեկուցել են։ Ուղղակի շատ բաներ կան, որ ինքը գնացել է ընդհանրապես այլ ուղղությամբ՝ տանելով հայ ժողովրդին այդ ողբերգության ճանապարհով։ Աստված վկա, մենք պայքարել ենք։ Իրոք պայքարել ենք՝ թե′ բանակը, թե′ ժողովուրդը։ Ամեն դեպքում չի կարելի նման ձևով արտահայտվել, մենք ունեցել ենք հզոր բանակ ու այն պայքարել է իր ազգի, իր պետության համար։ Բոլորը հիմա խոսում են, ուրիշ բան չեն անում։ Չի կարելի այսպես։ Գործել է պետք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031