Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ACT Alliance միջազգային միջեկեղեցական կազմակերպությունը կոչ է արել բացել Լաչինի միջանցքը

Օգոստոս 05,2023 13:49

ACT Alliance միջազգային միջեկեղեցական կազմակերպությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով Ադրբեջանին հետևել իր պարտավորություններին և բացել Լաչինի միջանցքը: Հայտարարության մեջ ասվում է.

«Լեռնային Ղարաբաղում (Արցախում) աճող հումանիտար ճգնաժամի ֆոնին ACT Alliance-ը խորը մտահոգություն է հայտնում Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը փակելու համար, ինչն արագացնում է հումանիտար ճգնաժամը:

Վերջին յոթ ամիսների ընթացքում շրջափակումը լրջորեն ազդել է տարածաշրջանի, հատկապես առավել խոցելի խավերի կյանքի վրա: Լեռնային Ղարաբաղում բնակվող մոտ 120.000 էթնիկ հայեր, այդ թվում՝ 30.000 երեխաներ, տառապում են սննդի, դեղորայքի և վառելիքի խիստ պակասից: Բացի այդ, այս ճգնաժամը ազդում է բժշկական օգնություն և կյանք փրկող ծառայություններից օգտվելու նրանց կարողության վրա:

Փետրվարի 25-ին Արդարադատության միջազգային դատարանը (ICJ) Ադրբեջանին պարտավորեցրել է ապահովել բոլոր մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքի երկայնքով՝ երկու ուղղություններով։

ACT Alliance-ը մտահոգված է Ադրբեջանի կողմից իր էթիկական պարտավորությունների և մարդասիրական սկզբունքների չպահպանմամբ և կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերջ տալ մարդկային տառապանքներին՝ հատկապես ուշադրություն դարձնելով առավել խոցելի խավերի վրա: Մարդասիրական օգնության արգելափակումը չպետք է օգտագործվի որպես հակամարտության կամ այլ վեճերի լուծման ռազմավարություն։

ACT Alliance-ը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը և թույլատրել խաղաղ բնակիչների և ապրանքների անխոչընդոտ և անվտանգ անցումը միջանցքով, ինչպես նաև երաշխավորել հումանիտար անխոչընդոտ հասանելիություն՝ համաձայն միջազգային իրավունքին և ՄՔԴ-ի կարգադրությանը:

ACT Alliance-ը նաև կոչ է անում միջազգային հանրությանը շտապ աշխատանք տանել՝ շրջափակումը դադարեցնելու և տարածաշրջանում արդար խաղաղություն հաստատելու դիվանագիտական լուծումներ գտնելու համար»:

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031