Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀայաՔվեի» նախագծին միացել են 58 հազարից ավել քաղաքացիներ․ թևակոխում ենք վճռական ու լարված փուլ»․ Ավետիք Չալաբյան

Օգոստոս 05,2023 12:15

«Այս պահի դրությամբ «ՀայաՔվեի» նախագծին միացել են 58 հազարից ավելի քաղաքացիներ։ Դա կարևորագույն վստահության մանդատ է արդեն հետամուտ լինելու մեր կողմից ներկայացված օրենսդրական նախագծին ԱԺ-ում»,- «ՀայաՔվեի» ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Ավետիք Չալաբյանը։

Ըստ նրա՝ սա ուղիղ ժողովրդավարության կարևորագույն օրինակ է․ «Այն առաջին անգամ՝ որպես նախադեպ փորձարկվեց մեր երկրում։ Սա մեր բողոքի ակտն է՝ ընդդեմ մեր երկրում թուրք-ադրբեջանական տանդեմի և ներքին կամակատարների կողմից հաստատված բռնապետության։ Թույլ չենք տա, որ ՀՀ-ում իշխի թուրք-ադրբեջանական տանդեմը»։

Ավետիք Չալաբյանն ասաց, որ սա «ՀայաՔվեի» առաջին փուլն է, և դա առաջին քայլն է․ «Սա չի սահմանափակվում ստորագրահավաքով, 58 հազար քաղաքացիների ձայներով։ Սոցիալական հարցումները, որ մենք հիմա անցկացրել ենք, ցույց են տալիս, որ մեր քաղաքացիների առնվազն 53 տոկոսն իրենց պատրաստակամությունն է հայտնում միանալ «ՀայաՔվեին»։ Այն 47 տոկոսը, որը կողմ կամ դեմ է, համարում է, որ զենքով պետք է պայքարել»։

Ավետիք Չալաբյանը շնորհակալություն հայտնեց քաղաքական ուժերին, տարբեր գործիչներին՝ իրենց աջակցելու համար։ Նա բարձրաձայնեց ՀՅԴ-ի, «Ապրելու երկիր»-ի, ՀՀԿ-ի, «Հայրենիք»-ի և ԲՀԿ-ի անունները։

Ավետիք Չալաբյանի ներկայացմամբ՝ «ՀայաՔվեն» հրաշալի օրինակ դարձավ հանրային լայն համագործակցության, կոտրեց այն կարծրատիպերը, որ իշխանություններն են որոշելու ամեն ինչ։

Խոսելով հաջորդ գործողությունների մասին՝ Ավետիք Չալաբյանը տեղեկացրեց․ «ՀայաՔվեն» ստորագրահավաքով չի ավարտվում, այլև հիմա թևակոխում է շատ ավելի վճռական և լարված փուլ։ Մենք հիմա երկու շաբաթանոց դադար ենք վերցնելու քարոզարշավից այն նպատակով, որպեսզի ստացված արդյունքներն ամփոփենք, համակարգենք, թվայնացնենք և պատրաստենք ԿԸՀ ներկայացնելու։ Ստորագրահավաքի աշխատանքներն ավարտում ենք սահմանված ժամկետից երկու շաբաթ առաջ, սկսել ենք մեկ շաբաթ ուշ։ Դե ֆակտո անհրաժեշտ նվազագույն շեմը հաղթահարել ենք սահմանված ժամկետի կեսին։ Առնվազն արդեն չորս շաբաթ ժամանակ ունենք։ Երկու շաբաթվա ընթացքում այդ աշխատանքները կանենք և կներկայացնենք ԿԸՀ։ ԿԸՀ ներկայացնելուց հետո մենք կվերսկսենք քարոզարշավը։ Մեր նպատակն այն է լինելու, որ ոչ միայն ընդլայնենք, այլև առկա աջակիցների բանակը կոնսոլիդացնենք, մոբիլիզացնենք։ Ամենակարևորն այն է՝ եթե մենք հաղթում ենք, ապա ի՞նչ Հայաստան ենք մենք պատկերացնում։ Կարևոր է, որ այս հարցերի պատասխանը մենք տանք։ Մեր հաջորդ քայլը լինելու է օրենսդրական նախագիծ ԱԺ-ում ընդունելը։ Բոլոր երեք խմբակցությունների հետ պիտի աշխատենք։ Ընդդիմության հետ աշխատանքը սկսված է, հաջորդ փուլի կարևոր խնդիրը լինելու է իշխող ուժի հետ աշխատանքը։

Մենք համարում ենք, որ իշխող խմբակցությունն իր կողմից իրականացված քաղաքականության արդյունքում Արցախը հասցրել է ցեղասպանության դուռը։ Այսօր իրականում մենք կանգնած ենք ազգային աղետի նախաշեմին, նույնիսկ գործող իշխանությունը հասկանում է, որ հայտնվել է ծուղակում։ «ՀայաՔվեն» փրկօղակ է, որը կարող է իշխանությանը հանել այդ ծուղակից։ Դա հնարավորություն է տալու շրջել այն սեղանը, որի շուրջ հայտնվել է իշխանությունը, թույլ է տալու դուրս գալ թուրք-ադրբեջանական ծուղակից, փոխել բանակցային գործընթացի նարատիվը»։

Ավետիք Չալաբյանը հորդորեց սահմանադրագետներին, իրավագետներին հաջորդ փուլում իրենց գաղափարի, մտքի, տրամաբանության ուժով կանգնել իրենց կողքին և կանգնեցնել այն աղետալի ճանապարհը, որը իշխող ուժը որդեգրել է։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031