Այսօր արդէն շատերի համար է տեսանելի, որ Փաշինեանի արտաքին քաղաքականութիւնն ուղղուած է երկու հիմնական նպատակների` վերջնականապէս Հայաստանը ձերբազատել Արցախի խնդրից ու արցախցիների ճակատագրից, որից յետոյ ինքնաբերաբար տարածաշրջանից կը հեռանան ռուս խաղաղապահները, իսկ այնուհետեւ Հայաստանի ղեկավարը կը ստորագրի մնացած ողջ ռուսական ռազմական ներուժի, մասնաւորապէս Թուրքիոյ հետ Հայաստանի սահմանը վերահսկող ռուսական սահմանապահ ուժերի հետ եղած պայմանագրային պարտաւորութիւնների չեղարկման մասին փաստաթուղթ: Այսինքն՝ Արեւմուտքի թելադրանքով նա պէտք է դառնայ այն ղեկավարը, որը քաղաքական, իրաւական քայլերով Ռուսաստանին պէտք է դուրս մղի Հարաւային Կովկասից:
Եթէ ինչ-որ մէկը կարող է մտածել, թե շարադրուած դատողութիւնները Նիկոլին վարկաբեկելու կամ հանրութեանը վախեցնելու համար են, խորհուրդ կը տամ յիշել երկրի ղեկավարի տարբեր արտայայտութիւններն այն մասին, թե ՀԱՊԿ-ը մեզ ոչ միայն չի պաշտպանում, այլեւ իր ներկայութեամբ աւելի մեծ վտանգներ է ստեղծում Հայաստանի համար, Հայաստանը դուրս չի գայ ՀԱՊԿ-ից, բայց ՀԱՊԿ-ը կարող է դուրս գալ Հայաստանից, այնպէս չէ, որ մեզ զենք առաջարկող ուրիշ պոտենցիալ դաշնակիցներ չկան, բայց նման գործարք հնարաւոր չէ, քանի դեռ ՀԱՊԿ-ի եւ Ռուսաստանի հետ է մեր ռազմական համագործակցութիւնը եւ այլն:
Գոյութիւն ունի տեղի ունեցողը անխուսափելի գործընթաց համարող մտայնութիւն, ինչը յատուկ է Նիկոլի օրօք քաղաքագէտներ դարձած թաքսիի վարորդների, տնային տնտեսուհիների, հովիւների, ինչպէս եւ կրթական ցենզ ունեցող «ծակ փիլիսոփաների» որոշակի շերտին: Ըստ վերջիններիս՝ Ռուսաստանը շարունակում է ամբողջովին իշխել խորհրդային նախկին մետրոպոլիայի տարածքում, ուրեմն եւ այն, ինչ կատարվում է Հայաստան-Արցախում եւ նրա շուրջ, տեղի է ունենում Ռուսաստանի գիտութեամբ ու պարտադրանքով, անգամ 2020 թուականի պատերազմը եւ ռուսական ազդեցութեան աւանդական գօտում թրքական ազդեցության տարածումը, Ատրպէյճանի պոկուելը հավասարակշռութեան ռուսական բեւեռից եւ ամբողջովին թրքական ազդեցութեան տարածքի վերածուելը: Ռուսաստանին 200 տարուայ իր ազդեցութեան գօտուց դուրս մղելու ատրպէյճանաթրքական եւ արեւմտեան փորձերը տեղի են ունենում հենց ռուսների ցանկութեամբ, եթէ ոչ ռուս-թրքական գործարքի համաձայն: Սրանից էլ բխում է, որ իր արարքների համար ոչ թէ Նիկոլն է մեղաւոր, այլ ռուսները եւ այն, ինչ տեղի է ունենում, անհնար է կասեցնել, որովհետեւ փոքր Հայաստանը ի զօրու չէ խափանել ռուսների ծրագրերը։
Իսկ այն, որ վերջին տասնամեակներին ռուսական ազդեցության դաշտից պոկուեցին եւ արեւմտեան գերիշխանութեան ներքոյ յայտնուեցին Վրաստանն ու Մոլտովան, միջինասիական թրքացեղ հանրապետությունները ակտիւօրէն կապերը սերտացնում են Արեւմուտքի, Թուրքիոյ, Չինաստանի եւ այլոց հետ` գրեթէ ուղիղ համեմատութեամբ հեռանալով ռուսական ազդեցութեան դաշտից, այն, որ խորհրդային նախկին Մերձպալթեան հանրապետութիւնները արեւմտեան բեւեռում կոշտ հակառուսական դիրքերում են ոչ միայն քաղաքականօրէն, այլեւ ՆԱԹՕ-ի ռազմական դաշինքին անդամակցութեամբ, որ փրոթրքական Ատրպէյճանն այսօր արտաքնապէս ատամներ է ցոյց տալիս, իսկ ներքնապէս ամբողջովին հակառուսական, հակահայկական եւ հակաիրանեան հիստերիայի մէջ է եւ, փաստացի, նախկին խորհրդային հանրապետություններից միայն Պելոռուսն է, որ գունաւոր յեղափոխութեան աւերիչ հետեւանքներից վախեցած՝ վերջին տարիներին ամբողջովին վերադարձաւ Ռուսաստանի «ուղեծիր», սա չեն ցանկանում տեսնել կամ պետական քարոզչութեան ծխածածկոյթի ետեւում չեն նկատում մեր այն տնային տնտեսուհիները, թաքսիի վարորդները, հովիւները, կրթական ցենզ ունեցողների, ինչպէս եւ պաշտօնէութեան ու գործարարների այն շերտերը, որոնք վերջին հինգ տարիներին եղան «թաւշեայ» իշխանութեան հենարանը ու այսօր վերջիններիս գլխաւորութեամբ Արցախն ու Հայաստանը առաջնորդում են դեպի վերջնական կործանում:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ ՀՅԴ «Դրոշակ» պաշտոնաթերթի համարում