Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե հիասթափվածները չեն մասնակցում, ապա բավարար է ընտրատեղամասեր «քշել» իշխանական ընտրազանգվածը․ «Փաստ»

Օգոստոս 05,2023 09:00

Եկեք թեթևակի, ինչպես ասվում է՝ մի քիչ մակերեսայնորեն դիտարկենք նախօրեին հրապարակված սոցհարցման արդյունքները՝ սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Ցանկացած սոցհարցման տվյալներ միշտ էլ որոշ վերապահումով է պետք ընդունել, իհարկե, սակայն մի ցուցանիշ առանձնահատուկ աչք ծակեց:

Հարցին՝ եթե առաջիկա կիրակի լինեին ընտրությունները, որ ուժի օգտին կքվեարկեին, հարցվածների 36,3 տոկոսը նշել է, որ չի մասնակցի, 6,5 տոկոսը նշել է՝ «ոչ մեկին», 20,2 տոկոսը «դժվարացել է պատասխանել», ևս 5,4 տոկոսը ոչ թե դժվարացել է, այլ կոնկրետ ասել է՝ «չեմ պատասխանի»: Պետք չէ սոցիոլոգ լինել՝ նկատելու համար, որ չմասնակցողները, բոլորին դեմ-երը ու մյուսները, միասին վերցրած, կազմում են հարցվածների գրեթե 70 տոկոսը: Կոնկրետ «չմասնակցողները» և պատասխանել դժվարացողները, բոլորին դեմ արտահայտվողները միասին կազմում են հարցվածների 63 տոկոսը: Դա առավել քան խոսուն թիվ է: Ու դա, նշենք, բավականին օբյեկտիվ պատկեր է:

Չգիտենք, թե այս կամ այն կուսակցությանը կամ քաղաքական ուժին, գործչին տրված նախապատվություններն ինչպես, բայց այ, չմասնակցողների, չկողմնորոշվածների, «ոչ մեկին» չընտրողների մասով պատկերը բավականին մոտ է ընդհանուր հանրային տրամադրությունների պատկերին:

Ի՞նչ է դա նշանակում: Իսկ դա նշանակում է, որ ամենից առաջ քաղաքական ուժերը աշխատելու մեծ ճակատ ունեն և մեծ ծավալ, եթե իհարկե, մտնեն ընտրապայքարի մեջ: Մյուս կողմից՝ իշխանությանը ձեռնտու է ոչ այնքան իր գրանցած «բարձր» տոկոսը, այլ հիասթափվածների ահռելի տոկոսը, հատկապես՝ չմասնակցողներինը: Հանրահայտ է, որքան քիչ լինեն ընտրությունների մասնակիցները, իշխանության համար այնքան ավելի հեշտ կլինի կեղծել քվեարկության արդյունքները: Ավելին, եթե հիասթափվածները չեն մասնակցում, ապա բավարար է ընտրատեղամասեր «քշել» իշխանական ընտրազանգվածը, ստանալ թեկուզ ընդհանուր առմամբ համեստ արդյունքներ, որոնք սակայն բավարար կլինեն մայրաքաղաքի մասշտաբով վերարտադրվելու, իշխանությանը կառչած մնալու համար:

Այս խորապատկերում ուշադրություն է գրավում այն, որ առնվազն այս պահի դրությամբ նկատելի չեն քաղաքական շոշափելի պրոցեսներ, խմորումներ կամ քննարկումներ (թեկուզ՝ կուլիսային) Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ: Վերջին հաշվով, Երևանի ավագանին չէ այս դեպքում ամենաէականը, այլ բուն քաղաքական զարգացումներն ու գործընթացները: Մյուս կողմից՝ առկա իրավիճակը, զարգացումների օրհասական ու ծանր բնույթը կարող են կտրուկ ավելացնել քաղաքական ակտիվության պահանջը, ավելին՝ կարող են արագացնել ուժերի մեկտեղման, համախմբման բնական ու անխուսափելի գործընթացը: Ի վերջո, բոլոր լուրջ ուժերում էլ հասկանում են, որ առկա ձախավերների իշխանությունից կարելի է ազատվել միայն համատեղ ուժերով, միայն համախմբման միջոցով: Բայց այս պահին, այսպես ասենք՝ քաղաքական անհողմություն է։

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031